Պարկեշտի ու անպարկեշտի տարբերությունը
Մարդիկ ծնվում են տակտի զգացումով, նրբանկատ, մեծ ու փոքրի հանդեպ հարգանքով, տարբեր իրավիճակներում ճիշտ վարքի գիտակցումով կամ այդ բոլորի բացակայությամբ: Նույնիսկ այն լիուլի սովետական տարիներին կային մարդիկ, որոնք, օրինակ, գիտակցում էին, որ ոչ բոլորն են ի վիճակի միս գնել ու խորոված անել, ուստի ձեռնպահ էին մնում անգամ իրենց սեփական բակի մանղալում խորոված անելուց, որ հոտը չտարածվի ոչ այնքան բարեկեցիկ ապրող հարեւանների տներով: Թվում է` մեծ բան չէր, բայց սիրուն էր ու նրբանկատ: Այնպես, ինչպես երբ շենքում մարդ է մահանում, մարդիկ խուսափում են քեֆ-ուրախություններից, անգամ հարսանիք ու կնունք են հետաձգում` հարգելով հարեւանի վիշտը:
Հիմա, երբ ավելի է սրվել սոցիալական, գույքային անհավասարությունը, եւ դրան ուրիշ իրողություններ էլ են գումարվել, մենք պարտավոր ենք ավելի նրբանկատ լինել մեր հասարակության անդամների նկատմամբ: Անգամ եթե 2020-ից տարիներ են անցել, բայց մեզանում սգավոր ու դժբախտ մարդիկ կան, որոնք իրենց թանկ կորուստները ոչ մի կերպ չեն մոռանում, մենք պարտավոր ենք հարգել սեւազգեստ ծնողների վիշտը: Հատկապես նման պարտավորություն ունեն իշխանությունները, որոնց մեղքը մեծ է այդ կորստի հարցում: Իշխանության պարկեշտ ներկայացուցիչը կխուսափեր իր լայն ժպիտը, գոհ դեմքն ու չպատճառաբանված երջանկությունն ի ցույց դնելուց, երբ իր պաշտոնավարման ընթացքում նման աղետներ են պատահել մեր երկրի հետ, եւ այսքան մարդ է տառապում: Կխուսափեր իր արտերկրյա վոյաժները ցուցադրելուց, անգամ եթե այդ վոյաժները ոչ թե հարկատուների հաշվին են, այլ իր արդար քրտինքով: Պարկեշտ իշխանավորը չէր սպառնա իր քաղաքացուն, թե` «հողը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի», եւ դրանից մի քանի ամիս անց մեկ ամսով արձակուրդ չէր գնա:
Կարծիքներ