Ո՞նց կհեռանա

Ո՞նց կհեռանա

Հետեւում եմ իշխանություններին մերժող անձանց գրառումներին, լսում եմ, թե ոմանք ինչ ծանր են տանում Արցախի կորուստն ու այս ողբերգական պատերազմը, ինչպես են անիծում եւ սպառնում իշխանության բարձր աթոռներին նստածներին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին, եւ խղճում եմ այդ մարդկանց։ Նրանց թվում է, թե իրենց վերաբերմունքը՝ հայհոյանքը, քննադատությունը, անեծքներն ու հորդորները, որեւէ դեր խաղալու են։ Մի գեղեցիկ օր արթնանալու են եւ հանկարծ իմանան, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ դիմում է գրել ու հեռացել։

Նույնկերպ խղճում էի նրանց, ովքեր 2017 թվականին հույս ունեին, որ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն իր խոստումը կկատարի եւ իշխանությունը հանձնելով Կարեն Կարապետյանին՝ կհեռանա։ Այդ մարդիկ (նրանց թվում՝ նաեւ մեր Էդիկ Անդրեասյանը) միամտաբար զօրուգիշեր գրում էին՝ սպասեք, մի շտապեք՝ գնալու է։ Երբ եկավ պահը, եւ պարզվեց, որ չի գնալու, մեզնից ավելի խելամիտներն ասում էին՝ այ խելոքներ, մարդն էսքան չարչարվել է՝ է՛լ Սահմանադրություն ու Ընտրական օրենսգիրք փոխել, է՛լ երկրի կառավարման համակարգ, է՛լ թիմի ու հասարակության մոտ ամոթով մնացել, որ հեռանա՞։

Հիմա նույնկերպ կարելի է հռետորական հարց տալ խաղաղ հրաժարականի ակնկալիք ունեցողներին․ այ խելոքներ, մարդը եկել է, ողջ երկիրը խառնել իրար, հազար ու մի ապօրինություն արել, հազար մարդու հետ թշնամացել, հարյուրավոր մարդկանց հետապնդման հրամաններ արձակել, տասնյակ հազարների մահվան ու հաշմանդամության, մի քանի հազարի արտագաղթի պատճառ դարձել, հարյուրավոր ինստիտուտներ քանդել, մարդկանց զրկել պաշտոնից ու ապրուստից, իր թիմի ու մերձավորների հույսերն էլ դեռ չի արդարացրել, ո՞նց կհեռանա։ Դեռ օրումեջ էլ ընդդիմությունը սպառնում է, թե՝ դատվելու ես, նստելու ես։ Հո ինքնասպան չի՞։