Կարևոր՝ ՍՊԸ-ների համար

Կարևոր՝ ՍՊԸ-ների համար

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները տարին մեկ անգամի փոխարեն կարող են ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխումն իրականացնել եռամսյակը մեկ անգամ:

«Մինչև այս պահը ՍՊԸ-ները իրավունք ունեին շահույթը բաշխել տարին մեկ անգամ: Դա անհարկի արգելք էր նմանատիպ ընկերությունների համար: Հարկ է նշել, որ ՍՊԸ-ները շատ դեպքերում ընտանեկան բիզնեսներ են, այսինքն՝ սեփականատերերը սահմանափակ քանակով անձինք են՝ շատ դեպքերում փոխկապակցված: Իրականության մեջ բոլորս էլ գիտենք, որ այդ գործընթացը չէր կատարվում տարին մեկ անգամ, այսինքն երբ սեփականատիրոջը որոշակի գումար էր հարկավոր, նա պարբերաբար դա ստանում էր այլ միջոցներով, կազմակերպությունից ձևակերպվում էին փոխառություններ և այլն։ Այս փոփոխությամբ առաջարկում ենք, որ ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տան ընկերություններին իրենց կազմակերպության ստեղծած շահույթը բաշխել սեփականատերերի մեջ: Այսպիսով, սահմանվում է, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Սա կօգնի փոքր ու միջին ձեռնարկություններին ավելի ճկուն լինել»,- իր ելույթում ասաց Ռաֆայել Գևորգյանը։