Տիգրան Հակոբյան, գոնե հասկանո՞ւմ ես, որ դու ատելության խոսք տարածողներից ես

Տիգրան Հակոբյան, գոնե հասկանո՞ւմ ես, որ դու ատելության խոսք տարածողներից ես

Անցած օրը պատահաբար աչքովս ընկավ, որ Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մասնակցել է Երեւանում կայացած ինչ-որ համաժողովի` երեւի այլ երկրների նույնատիպ հանձնաժողովների մասնակցությամբ, եւ անգամ ռոտացիոն կարգով այդ հարթակն է նախագահելու: Կարդացի այդ համաժողովի մասին հաղորդագրությունը, որտեղ կարճ գրված էր, թե այդ համաժողովում որ երկրի ներկայացուցիչն ինչ է խոսել: Մեկը խոսել է ինտերնետի խաղացած դերի մասին, որ մի ժամանակ դա առաջադիմական գործիք էր, հիմա «տոքսիկ միջավայր է»։ Մյուսը խոսել է մեդիագրագիտությունից կամ ռադիոյի թվայնացումից, արհեստական բանականությունից եւ այլն: Իսկ մեր հանձնաժողովի նախագահը որոշել է խոսել ապատեղեկատվությունից, ատելության խոսքից եւ այդ խոսքի դեմ պայքարի անհրաժեշտությունից:

Ամբողջ աշխարհում ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարել չեն կարողանում, դա համարում են խոսքի ազատության, դեմոկրատական ազատությունների անխուսափելի եւ անհաղթահարելի հետեւանքը, իսկ հայ չինովնիկները, փաստորեն, որոշել են դրա դեմ պայքարել, եւ նրանց մտահոգող միակ բանն այսօր դա է:

Էլի ոչինչ` կարելի էր մտածել, որ հայերը որոշել են առաջամարտիկ դառնալ ու աշխարհին պատած այս աղետի դեմ պայքարելու բանաձեւը գտնել, եթե դա ասողը Տիգրան Հակոբյանը չլիներ, եւ նա ատելության խոսքը Հայաստանում ամրապնդած եւ ապատեղեկատվությունն ու սուտը պետական կառավարման գործիք դարձրած իշխանության ներկայացուցիչը չլիներ: Կարող եք ասել` երեւի Տիգրան Հակոբյանը ներքուստ դեմ է իր սիրելի իշխանության այդ գործելաոճին եւ որոշել է միջազգային հարթակներում խոսել այդ մասին, ՔՊ-ականների ուշադրությունը հրավիրել այդ արատավոր երեւույթի վրա: Կարելի էր համաձայնել, եթե նման բան ասողն ինքը ատելության խոսք տարածողներից մեկը չլիներ: 

Ուրեմն, քիչ թե շատ գրագետ ցանկացած մեկը կարող է Գուգլում գրել «Տիգրան Հակոբյան» անունը եւ համոզվել, թե այս անձն ինչով է աչքի ընկել վերջին տարիներին: Եթե մի շարքային Պողոս կարող է համացանցում սեռական հայհոյանք գրել եւ չպատժվել, որովհետեւ նրա դեմ կարող է միայն իր հայհոյանքին արժանացած անձը բողոքել, ապա ՀՌՀ նախագահի դեպքում օրենքն է արգելում` նրան պարտադրելով «քաղաքական զսպվածություն» դրսեւորել:

Օրինակներ` խնդրեմ. երբ Հայաստանում օրինական կարգով գրանցված քաղաքական ուժերից մեկը` «Սասնա ծռերը», նրա գրասենյակի մոտ 2023-ին բողոքի ակցիա են արել եւ քննադատել Հանձնաժողովի պահվածքը, Հանձնաժողովի նախագահը մի երկար ստատուս է գրել` ակցիա անողներին անվանելով «հայկական ջիհադիստներ, քաղաքական շառլատաններ, արեւմտամետ մուլա օմարներ եւ շեյխ նասրալաներ», որոնք «անհոդաբաշխ բովանդակություն» ունեն: Այդ ստատուսի տակ փաստաբան Արսեն Բաբայանը շատ քաղաքակիրթ տոնով հիշեցրել է. «Դուք քաղաքական զսպվածություն պահպանելու օրենսդրական պարտականություն չունե՞ք»: Մեր խիստ բարեկիրթ եւ բացառապես «հումանիստական խոսք» տարածող Տիգրան Հակոբյանը պատասխանել է. «иди в жопу», մի տող անց էլ ուղիղ տեքստով սպառնացել. «Դու ինձ մի օր ռաստ կգաս, բալիկ ջան»:

Մի ուրիշ առիթով, էլի ՖԲ էջում, երկար ստատուսի վերջում գրել է. «Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ եւ այլ ձեւաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնքոտները (իմ երեխաների տարիքին են ընդամենը), հուսով եմ, այսուհետ կոռեկտության սահմաններում կգրեն իրենց ոչնչի մասին տեքստերը»: Այս անձն իրեն դուր չեկած ցանկացած տեքստի, իրեն քննադատող ցանկացած անձի ու լրատվամիջոցի նման, կամ ավելի վատ պիտակներ է կպցնում եւ դեռ խոսում է ատելության խոսքից: Երբեմն զարմանում ես` այդ տարիքի անձը, պաշտոնյան մի՞թե չի հասկանում, թե ինչ է ատելության խոսքը կամ հանրությանը պառակտող, պաշտոնյային վարկաբեկող պահվածքը:

Գնանք առաջ. 2024-ի հունիսի 10-ին, երբ Սրբազան շարժման համակիրներն ակցիա էին անում խորհրդարանի առաջ, իսկ ՀՌՀ նախագահն էլ ԱԺ-ում իր տարեկան զեկույցն էր ներկայացնում, դուրս գալիս հանդիպում է բողոքի ակցիա անողներին: Բազմության միջից մի քանիսը վանկարկում են՝ «դավաճան», «ամոթ», ինչին ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը միջնամատ է ցույց տալիս քաղաքացիներին ու ճանապարհը շարունակում։ Միջնամատը` գիտեք, թե ինչ է նշանակում:
Եվ սա այն անձն է, որը կոչված է հանրության տարբեր շերտերի շահերը պաշտպանելու, եթերի մաքրությանը, համաչափությանը, օրինակարգությանը հետեւելու, Հանրային հեռուստաընկերության եթերը մոնիթորինգի ենթարկելու:

Ուրիշ օրինակներ էլ բերենք. ՀՌՀ նախագահն իրեն իրավունք է վերապահում այլ երկրի, այլ պետության քաղաքացիների պատրաստած հաղորդմանը «եղկելի» պիտակը կպցնել, խոսքը Տիգրան Քեոսայանի հաղորդման մասին է: Մենք հիմա կարո՞ղ ենք ասել, որ սա «եղկելի պահվածք» է` հանրության վճարած հարկերից վարձատրվող պաշտոնյայի կողմից: Եթե ասենք, կասի` վիրավորում եք, ատելության խոսք եք տարածում, չէ՞:

Մի առիթով էլ պետական հանձնաժողովի այս վայ-նախագահն անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին, նրա ասածներն անվանել է «բլթոց», իսկ այդ «բլթոցները» հեռարձակող Համլետ Ղուշչյանի «Բաց թիվիի» մասին ասել է. «Ղուշչյանին հենց եթերում տեսնում եք, ալիքը կամ ինտերնետ էջը փոխեք, թե չէ՝ էկրանից վատ հոտ կգա»: 

Սրա նմանները պետք է Տավուշի սարերում կով պահեին, հիմա եթերն են հսկում եւ ատելության խոսքից բարբաջում:

Արեգ Մարգարյան