Պարոն ագրոնոմ, արոտավայրերը հանձնել, ոչխարի՞ց ես խոսում․․․․

Պարոն ագրոնոմ, արոտավայրերը հանձնել, ոչխարի՞ց ես խոսում․․․․

Կառավարության նիստն եմ լսում, մեկ էլ Փաշինյանը թե՝ ոչխարաբուծությունը չենք կարողանում զարգացնել, գլխաքանակը նվազում է։  Եվ ինքը գտել է մի պատճառ, որը ոչ մի փաստաթղթում չկա, հեղինակային իրավունքի տերը ինքն է։  Ծիլքար գյուղում մի գյուղացուց լսել է, որ չեն կարողանում հովիվ գտնել, որովհետև ոչխարն այն տեսակն է, որ արոտավայրերում պետք է հոտը արածեցնեն։ Տեսեք ինչ աստիճանի է զարգացել մեր գյուղատնտեսությունը, որ կառավարության առաջին դեմքը հայտնագործել է, որ ոչխարները պիտի արոտավայրում արածեցնեն ու դրա համար հովիվ է պետք։ Որ մի փաստաթղթում դա չկա։ Ինքը Ծիլքար ու սահմանաերձ այլ գյուղեր է գնացել ու հայտնագործել այդ գյուտը։ Սա լացելու փաստ է։ Երբ մարդիկ բարձրագույն գյուղատնտեսական կրթությամբ աշխատանք չեն գտնում, երբ գյուղատնտեսության մեր լավագույն մասնագետները մնացել են առանց աշխատանքի,  իսկ Փաշինյանը գյուղատնտեսության բնագավառում «գյուտ է անում»։ 

Էդ լուռումունջ նստածներից մեկը վախենում է բարձրաձայնել, որ պարոն ագրոնոմ, ոչխարին արոտավայր է պետք,  որ այդքան շռայլորեն հանձնել ու հանձնում ես թշնամուն։ Հովվին անվտանգ արոտավայր է պետք, որ տանի հոտը արածեցնի։ Ինքը գիտի, որ դու գերիներին տեր չես, որ գերի ընկավ, վայը եկել է նրա ու իր ընտանիքի  գլխին։  Այ դրա համար հովիվ չկա։ Գյուղատնտեսությունը  մասնագիտությունդ չէ, չգիտենք էլ, թե որն է մասնագիտությունդ, որ ասենք՝ այդտեղ խորացիր։ Խոսելը մասնագիտություն չէ։  Երբ գյուղատնտեսությունից ես խոսում,  խոտերն անգամ ամոթից չորանում են։ Փոխանակ գոնե լռես, որ սահմանամերձ գյուղերում ՔՊ վարած քաղաքականության պատճառով հովիվ չկա, մարդկանց մոլորեցնում ես, թե հովվի աշխատատեղեր կան ու չեն գնում։ Այդ թեման էլ չզեկուցվող հարցերի մեջ մտցրու, դա էլ է պետական գաղտնիք, թե ինչքան արոտավայր է հանձնվել ու ինչքա՜նն է թշնամու կրակի տակ։ Մոնղոլիայում ծառայող մեկը շատ տարիներ առաջ պատմում էր, որ այնտեղ անասունները թուղթ են ուտում ու դրա համար միսը ոնց որ միս չլինի։ Հասել ենք դրան։ Երկրի սահմանները անվտանգ դարձրու, թե չէ այդ քաղաքականությամբ ոչ միայն հովիվը, ոչխարն էլ է ձեզնից խրտնելու ու փախչելու։