«Բլյա-բլյա» -ներ ու «ցըմփ»՝ կառավարության առողջապահական ծրագրից

«Բլյա-բլյա» -ներ ու «ցըմփ»՝ կառավարության առողջապահական ծրագրից
Արսեն Թորոսյան

 Կառավարության մոտ 80 էջանոց ծրագրի առողջապահության բաժնում ոչ միայն որեւէ թիվ չկա, այլեւ այն կտեղավորվի Ա4 ֆորմատի 1 տպագրական էջում։

Եվ սկսվում է հետեւյալ գեղեցիկ նախադասությամբ․ «Առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարեւորագույն գործոններից եւ կառավարության առաջնահերթություններից է»։

Առողջապահության ոլորտում կառավարությունը խոստանում է անհատի եւ հանրային առողջության պահպանման ու բարելավման համար ապահովել արդիական, բարձր որակի եւ համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցում, առողջապահության առաջնային օղակի խթանում եւ զարգացում։

Ծրագրից մեկ այլ դեկլարատիվ նախադասություն․ «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից»։

Ասվում է նաեւ, թե կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի եւ որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը։ Փաշինյանի կառավարության կաբինետի անդամները խոստանում են նաեւ, որ հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր եւ մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի եւ դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային եւ քաղցկեղային հիվանդությունների բուժման եւ վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Կարեւորվում է նաեւ բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների եւ պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ եւ համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման եւ վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը: 

«Այստեղ ծրագիր չկա»,- մեզ հետ զրույցում առողջապահության հատվածը մեկնաբանեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։ Նրա խոսքով, ծրագիր նշանակում է՝ ոլորտում իրավիճակի վերլուծություն, այսօր գոյություն ունեցող ցուցանիշների ներկայացում, որոնք առաջիկա 5 տարվա համար կլինեն մեկնարկային (որի միջոցով հետագայում հնարավոր կլինի հետագայում գնահատել ծրագրի կատարման աստիճանը, որքանո՞վ է այն կատարվել, որքանով՝ ոչ), պրոբլեմների, թիրախների վերհանում եւ դրանք լուծելուն ուղղված գործիքակազմի ներկայացում՝ ըստ ուղղությունների, քայլերի, ֆինանսական աղբյուրների, որոնք նպաստելու են այդ ծրագրի իրականացմանը։

Սա է, ըստ Արարատ Մկրտչյանի, դասական ծրագիր գրելու ձեւը։ Մինչդեռ այն, ինչ ներկայացվել է, կարելի է կոչել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ուղերձը Ազգային ժողովին, որպես նպատակների ցանկ, բարի ցանկությունների շարք։ Փաստորեն, ըստ առողջապահության նախկին նախարարի, այս ծրագրում կա ավելորդ զգուշավորություն, ինչի մասին, լսել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է Թորոսյանին։

Արարատ Մկրտչյանը հավելեց, որ այս ծրագիր կոչվածում նախարար Արսեն Թորոսյանը կրկնում է անցումային կառավարության ծրագիրը։ Ուղղակի այն ժամանակ հասարակության համար սա ինչ-որ առումով ընդունելի էր այն պատճառով, որ նոր՝ անցումային կառավարության ծրագիր էր, եւ խոստացվել էր, որ ապագայում կունենանք հստակ չափորոշիչների վրա հիմնված ծրագիր։ Ամփոփելով՝ Արարատ Մկրտչյանը ցավով նկատեց․ «Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասաց՝ Արմեն Սարգսյան՝ царь не настоящий, ու ավելացրեց՝ ցըմփ»։ Եվ որպես կառավարության ծրագրերին, առավել եւս՝ առողջապահական ծրագրերի բովանդակությանը գիտակ մարդ էլ, ծրագիրը բնութագրեց՝ «բլյա-բլյա», ու նշեց, որ շատ զարմացած է, որ ծրագրում որեւէ խոսք չկա պարտադիր բժշկական ապահովագրության մասին։

Այն դեպքում, որ նախարար Թորոսյանն ընդամենը 2 շաբաթ առաջ խոսում էր այդ մասին։ Արսեն Թորոսյանն այդ մասին խոսում էր նաեւ նախընտրական շրջանում՝ խոստանալով համակարգը փուլ առ փուլ գործարկել մինչեւ 2023-ը։ Հետաքրքիր է, որ նախընտրական շրջանում «Իմ քայլը» դաշինքի առողջապահական ծրագիրն անգամ «ֆիզիկապես» էր ավելի մեծ, շատ ավելի մարդկային կարգախոս ուներ («Առողջության պահպանումը չի լինելու շքեղություն, այլ ՝ հասանելի յուրաքանչյուրիս») եւ ուներ շատ ավելի կոնկրետ թիրախներ ու թվեր։

Օրինակ, որ բյուջեից առողջապահության ծախսերը նշված պայմաններում առաջիկա երեք տարիներին կայունացնելու են ՀՆԱ-ի 2 տոկոսի, իսկ հինգ տարիներին` ՀՆԱ-ի 3 տոկոսի սահմաններում։ Թորոսյանը խոստանում էր վերագործարկել 2017-ին ընդհատված արտամարմնային բեղմանավորման ծրագիրը։

Արդար լինելու համար նշենք, որ ծրագրում դեղերի որակի ու դեղագործության զարգացման վերաբերյալ կա 1-2 նախադասություն։ Այլ բան է, որ նախարար Թորոսյանն այն ժամանակ շատ ավելի կոնկրետ էր՝ մշտապես նշում էր, որ հատուկ ուշադրություն են դարձնելու դեղերի ներկրման ոլորտին, հատկապես օնկոլոգիայում օգտագործվող դեղերի վրա։

Սույն առողջապահական ծրագրում եզակի ոչ դեկլարատիվ նախադասություններից մեկն այն էր, որ «կարեւոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական եւ բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության եւ դեղարտադրության ոլորտի զարգացումը»։ 
Անուշ ԴԱՇՏԵՆՑ