Ֆրանսիացիները մեզ համար կենսաչափական անձնագրեր կթողարկեն

Ֆրանսիացիները մեզ համար կենսաչափական անձնագրեր կթողարկեն

Երեկ հայտնի դարձավ, թե որ ընկերությունն է Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրեր թողարկելու: Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթել է ֆրանսիական «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ 

Ապրիլի 25-ին ընկերության հիմնած «HAYPASS» ՓԲԸ ներկայացուցիչը եւ ՀՀ ՆԳՆ նախարարը պայմանագիր են ստորագրել  «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրի» շրջանակում։ «Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ–ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ և բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների և անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ», - ասված է տարածված տեքստում: 

Հիշեցնենք՝ ֆրանսիական ընկերությունը բավականին փորձառու է, այն կենսաչափական անձնագրեր է տպել  Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Չիլիի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Իսրայելի, Աֆրիկայի եւ Ասիայի երկրների համար: Բացի դրանից, մրցույթին մասնակցում էր  եւս մեկ կոնսորցիում` գերմանական եւ պորտուգալական ընկերությունների միաձուլումից ստեղծված: Սպասումներ կային, որ ֆրանսիական ընկերությունը դուրս կգա մրցույթից, քանի որ հանված էր վաճառքի: Սակայն դա տեղի չունեցավ: 

Բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը արտասահմանյան ընկերությանը հանձնելը ռիսկեր է պարունակում, որոնք նշվում էին որոշման քննարկման փուլում: Դրանք էին հայտերի անբավարար թիվը, մրցույթներում խարդախության ռիսկը, սեփականության իրավունքի փոխանցումը, որը կարող է վտանգավոր լինել ազգային անվտանգության տեսանկյունից եւ այլն։ Մյուս կողմից մասնավոր ընկերությունն ընդամենը վերցնում է տվյալները, որոնք մտնելու են սերվեր, իսկ վերջինս հանդիսանում է ՀՀ կառավարության սեփականությունը, եւ այն հասանելի չէ մասնավոր ընկերության համար։