Գեղեցիկ հեռացավ

Գեղեցիկ հեռացավ

Երեկ ՀՀ իշխանությունը հասավ իր համար բաղձալի նպատակին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Մեկամյա պայքարից հետո ռեկտորը շատ գեղեցիկ ելույթ է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստում եւ հիմնավորել իր քայլը։

Այդ ելույթը կարդալով՝ անհնարին է համակրանքով չլցվել մի մարդու նկատմամբ, ում դեմ մենք հարյուրավոր հոդվածներ ենք գրել եւ ում հրաժարականն ենք պահանջել տարիներ շարունակ․ «Երկրի բարձրագույն իշխանությունն ինձ մեղադրում է, թե ես ճանկռում եմ այս աթոռը, որ երկար մնամ։ Ես երբեք այդ աթոռից կառչած չեմ եղել: Այս ամիսների ընթացքում, կարծում եմ, ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող եմ, ո՛չ էլ հերոս եմ ձեւանում․․․ Այն լարվածության մեղավորը, որը համալսարանի շուրջ գնալով ուժեղանում է, ես չեմ, ոչ էլ համալսարանն է։ Մեղավորը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմնի ներկայացուցիչներն են․․․ ես դառնությամբ եմ նշում, որ ազգային արժեք համարվող համալսարանը, որի 100-ամյակն է այս տարի, մեր պետության կողմից արժանանում է նման վերաբերմունքի:

Մայիսի 16-ին եւ 17-ին մենք նշեցինք բուհի ծննդյան օրը․․․ բայց պաշտոնական որեւէ ուղերձ, շնորհավորանք համալսարանը չստացավ․․․ իշխանությունները հստակ ասում են՝ հոբելյանը կնշենք այն դեպքում, երբ Դուք չեք լինի ռեկտորի պաշտոնում․․․ Ես խեղճացող մարդ չեմ, զանգեզուրցի եմ, սյունեցու կող ունեմ․․․ բայց հաշվի առնելով այն, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, մտադիր եմ վայր դնել իմ իրավասությունները: Եթե ես այսօր հրաժարական չտամ, տեղյակ եմ՝ փոխելու են հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ  կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»: