Ավելորդ վախեր Հայաստան-Արցախ ֆորումի շուրջ

Ավելորդ վախեր Հայաստան-Արցախ ֆորումի շուրջ

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Ստեփանակերտում այս օրերին տեղի է ունենում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով: Ֆորումին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ: Նախատեսվում է ազդարարել երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ընդունվելու է հռչակագիր, կյանքի է կոչվելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի: Ինչպես հաղորդում են ՀՅԴ լրատվամիջոցները, նախաձեռնությունը նպատակ ունի նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:

Այս բավականին պարզ և հասկանալի բացատրությունը, որքան էլ դա տարօրինակ է, թյուրընբռնում է առաջացրել իմ արցախցի գործընկեր Վահրամ Աթանեսյանի մեջ: Վերջինս կարծում է, որ ՀՅԴ-ն, կազմակերպելով այս համաժողովը, նպատակ է հետապնդում ընտրություններից առաջ վերականգնել իր վարկանիշը Արցախում: Այլապես, ասում է Աթանեսյանը, ի՞նչ կարիք կար ֆորումին համահայկական հնչեղություն տալու:

Եթե այս հարցին խոսքի ազատության տեսանկյունից մոտենանք, ապա պետք է ասենք, որ դա Աթանեսյանի կարծիքն է, որ գոյության իրավունք ունի: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե բուն կարծիքն է, այլ այն, որ Աթանեսյանը միակն է աշխարհում, որ այդպիսի կարծիք ունի Ստեփանակերտում ընթացող ֆորումի մասին: Ի դեպ, Վահրամ Աթանեսյանը առաջին անգամը չէ, որ մեզ զարմացնում է իր եզակի և էկզոտիկ կարծիքներով: Օրեր առաջ էլ նա հայտարարել էր, որ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարավամերիկյան շրջագայությունը ՀՅԴ-ն կազմակերպել է, որպեսզի նախարարը տեսնի, թե ինչ կարողությունների տեր է Դաշնակցությունը և համաձայնի դառնալ Դաշնակցության թեկնածուն Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Հետո, իհարկե, պարզվեց, որ այդ այցի շրջանակներում հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել նաև Ուրուգվայի և Արգենտինայի հայամետ քաղաքական շրջանակների հետ, բայց դրանից հազիվ թե Աթանեսյանի կարծիքը փոխված լինի: 
«Հայաստան-Արցախ, ռազմավարական դաշինք» ֆորումի հետ կապված` Աթանեսյանը ՀՀ իշխանություններին նախազգուշացնում է, որ Դաշնակցությունը դա կարող է օգտագործել որպես այդ իշխանություններին «տուն ուղարկելու» հարցը օրակարգ բերելու միջոց. «ՀՅԴ-ն, կարծես, հենց այդ կանխավարկածով էլ առաջնորդվում է` ձևավորվում է համազգային պահանջ, Հայաստանի իշխանությունները չեն ընդառաջում, և օրակարգ է գալիս նրանց հեռացնելու խնդիրը»,- գրում է Աթանեսյանը`առաջ ընկնելով ոչ միայն ՀՅԴ-ից, այլև ՀՀ իշխանություններից, որոնք չգիտես ինչու չպետք է ընդառաջեն «Հայաստան-Արցախ» ռազավարական դաշինքի ստեղծման, հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն ամրապնդող այս կարևոր նախաձեռնությանը: Աթանեսյանը մտածում է, որ այս նախաձեռնությունը «արմատական քայլ է», իսկ ՀՀ իշխանություններն Արցախի հարցում հազիվ թե արմատական որոշումների գնան:

Ես պարոն Աթանեսյանին խորհուրդ կտայի այս նախաձեռնությունը չնույնացնել մինչ այս իր տեսած «ծայրահեղական» նախաձեռնությունների ու արկածախնդրությունների հետ` Արցախի մանդատը հանձնել ռուսական կողմին, Արցախին տալ ՀՀ մարզի կարգավիճակ, հենց հիմա ճանաչել Արցախի անկախությունը և այլն և այլն: Մտահոգությունները, որոնք հիմք են դարձել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն ի վերջո իրականություն դարձնելու գործընթաց սկսելու համար, այսօր առավել քան երբևէ առարկայական են, իսկ ինչ վերաբերվում է այդ գործընթացին համահայկական հնչեղություն հաղորդելուն, ապա դա ինքնանպատակ չի արվում, և կամ, ինչպես կարծում է Աթանեսյանը, տեղական մասշտաբի քաղաքական դիվիդենտներ շահելու համար: ՀՅԴ բուն նպատակը ոչ թե ԱՀ խորհրդարան մտնելն է կամ ՀՀ իշխանությունների դեմ քարոզչական գործիքներ ձեռք բերելը, այլ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելը և արցախցու իրավունքների հանդեպ 30 տարի շարունակ դրսևորված անտարբերության մթնոլորտի վերացումը:

Ի պատիվ Աթանեսյանի պետք է ասեմ, որ նա բավականին մոտենում է ճշմարտությանը, երբ գրում է. «Եթե ՀՅԴ-ն որոշել է կազմակերպել համահայկական ստորագրահավաք` ի աջակցություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի, ուրեմն ունի ավելի արմատական նպատակ: Այն է`Հայաստանի իշխանությունների առջև դնել Արցախի սուբյեկտության իրավական ճանաչման համազգային պահանջ»: Շարունակելով այս միտքը` ասեմ, որ հաջողության դեպքում մենք կունենանք մի փաստաթուղթ, որ ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ որևէ իշխանության թույլ չի տա գնալ կամայական որոշումների, որոնք կհակասեն երկու հայկական պետությունների կողմից հաստատված իրավապայմանագրային դրույթներին:

Եվ վերջում`ևս մեկ դիտարկում: Այս նախաձեռնությունը ՀՀ իշխանությունների առջև խնդիր չի դնում հենց հիմա ճանաչելու Արցախը, և սխալ է Հայաստան-Արցախ» ռազմավարական դաշինքի ձևավորման խնդիրը «Ժառանգության»`տարիներ առաջ բարձրացրած Արցախը ճանաչելու խնդրի հետ նույնացնելը: Ճանաչման գործընթացի հմար հիմնավոր նախադրյալներ ստեղծելն ու ՀՀ ԱԺ-ում ոտքի վրա ճանաչման քվեարկություն կազմակերպելը, մեր համոզմամբ, միանգամայն տարբեր բաներ են: