Վերմիշյանը կոշտ է խոսել, Բալասանյանն էլ վիրավորվել է

Վերմիշյանը կոշտ է խոսել, Բալասանյանն էլ վիրավորվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցից հետո այնքան է տպավորվել քաղաքի փողոցների անմխիթար վիճակով, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին հրահանգել է Գյումրի այցելել ու բոլոր  պատասխանատուների հետ խոսել չափազանց կոշտ: «Իհարկե, հարվածի տակ քաղաքապետն է»,- ասում է մեր աղբյուրը՝ ընդգծելով, որ վարչապետի այցից հետո քաղաքապետ Սամվել Բալասանյանի տրամադրությունն այն չէ, երբ փողոցաշինության մասին խոսք է գնում, նա ափերից դուրս է գալիս: Նշենք, որ երեկ կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրի է այցելել եւ Շիրակի մարզպետարանում բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում անցկացրել: Քննարկմանը ներկա մեր զրուցակիցը փաստում է, որ քաղաքաշինկոմիտեի նախագահը մարտական է տրամադրված եղել: Այնքան, որ Գյումրին անտեր է համարել, իսկ փողոցի շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններին սև ցուցակ գցելու սպառնալիք տվել: Սամվել Բալասանյանն այնքան է ազդվել դիտողությունից, որ պահանջել է իր հետ այդ տոնով չխոսելն, ավելին՝ ակնարկել է փոխել իրեն: «Վերմիշյանի տրամադրվածությունն ակնհայտ էր, նա ու Բալասանյանն այդպես էլ  իրար չհասկացան»,-ասաց մեր զրուցակիցը: 

Ուշագրավ է, որ նմանատիպ հանդիպումները, որոնք վերաբերում են  ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում իրականացվող փողոցների և հրապարակների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, քաղաքապետարանի պաշտոնական կայքը մշտապես լուսաբանում է, սակայն այս անգամ՝ դեռևս ոչ մի նորություն: Փոխարենը Շիրակի մարզպետարանի կայքն է տեղեկացնում քննարկման մասին:  

Նույնիսկ նշված է. «Ծավալվել է բուռն ու բանավիճային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է եղել շինաշխատանքների ընթացքում արձանագրված թերացումներին, ժամկետային խախտումներին, շինարարների ու կոմունիկացիոն ծառայությունների միջև առաջացած տարաձայնություններին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կարևորել է բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը, որի դեպքում միայն հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների. «Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես էր հնարավոր հոկտեմբեր ամսին սկսել շինաշխատանքներ և այն էլ՝ Շիրակի մարզում, բոլորի համար հասկանալի էր, որ այստեղ եղանակային պայմանները թույլ չէին տա նորմալ աշխատանք տանելու․ սա առնվազն սխալ է: Հիմա մենք պետք է համագործակցենք և ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրու փողոցաշինական աշխատանքները լավ օրինակ դառնան բոլորի համար»:

Հետաքրքիր են նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտեցումն ու արդարացումն առկա խնդրի շուրջ։ «Այս քննարկումը, կարծում եմ, չէինք ունենա, եթե չունենայինք իրականության փոփոխություն: Շինաշխատանքները նախագծվել, ծրագրավորվել, մրցույթները կազմակերպվել ու անցկացվել են հին Հայաստանում, հիմա նոր իրականության մեջ ենք հայտնվել, իսկ խնդրի լուծման համար ավելի գլոբալ մոտեցումներ են պետք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր սխալներից զերծ մնանք, բոլորս պետք է համատեղ աշխատենք: Կարծում եմ, որ այս աշխատանքային խմբում շատ ճիշտ կլինի, եթե ներկայացուցիչ լինի Քաղաքաշինության պետական կոմիտեից, մենք աշխատանքների համակարգումը վստահենք մասնագետի, որը կլինի կապող օղակ աշխատանքների իրականացման բոլոր շահագրգիռ կողմերի միջև»,- ասել է նա: 

Հիշեցնենք,  որ վերջերս Գյումրի այցելած վարչապետը, փողոցների  քարուքանդ վիճակը տեսնելով, խիստ բարկացավ եւ դիտողություն արեց քաղաքապետին ու մարզպետին՝ պահանջելով շուտափույթ  լուծում տալ խնդրին: