Կարիկատուրա՞, թե՞ կրեատուրա

Կարիկատուրա՞, թե՞ կրեատուրա

Մենք մի իրավիճակում ենք, որ ով ինչ ասում ու գրում է, թվում է՝ միակ ու ամենավերին ճշմարտությունն է բարբառում: Բանն էլ այն է, որ միայն բարբառում են: Իսկ այն մարդիկ, որոնք ինչ-որ քայլ անում են, բարբառողների գնահատմամբ՝ սխալ են անում: Բարբառողները, օրինակ, ասում են, որ արտահերթ ընտրությունների գնալը սխալ է, որովհետեւ Նիկոլը դավաճան է, իսկ դավաճանի հետ չի կարելի գնալ ընտրությունների: Ես էլ, որպես միջին վիճակագրական պողոս, հավատում եմ նման բան ասողներին:

Բայց մեկ էլ հանկարծ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞ւր էր, ախր, ճիշտ մտքեր բարբառող սույն գործիչը (մշակույթի, արվեստի, քաղաքական կամ այլ ոլորտի), երբ ժողովուրդը փողոցում էր եւ պահանջում էր դավաճան իշխանության հրաժարականը: Եղավ նույնիսկ մի պահ, որ քիչ էր մնում ՀՀ զինված ուժերը «հեղաշրջում» անեին: Հիշո՞ւմ եք: Այսօր արտահերթ ընտրությունների դեմ քարոզող գործիչներն այն ժամանակ այլ ճշմարտություն էին բարբառում՝ վույ աման, քաղաքացիական պատերազմ կլինի, պետք է գնալ սահմանադրական ճանապարհով: Եվ պողոսներն ասացին՝ նրանք ճիշտ են, չի կարելի ՀՀ այս իշխանություններին (ինչ անենք, որ մի քիչ էլ դավաճան են) բռնի ուժով հեռացնել:

Անցան օրեր, հայ ընդդիմադիր համայնքը նոր մարտավարություն որդեգրեց՝ դավաճան իշխանություններին հեռացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Թվում էր՝ հայ արվեստագետները, քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակների մարդիկ, հյուսներ, ներկարարներ եւ այլք, պետք է գոհ լինեին այդ որոշումից, մանավանդ որ դավաճան իշխանություններն էլ ստիպված ընդունեցին խաղի նոր կանոնը: Բայց ոչ: Համայնքը զորավոր է՝ ինչպես ասում են: Հիմա էլ սկսեցին բարբառել՝ արա, դուք էս ի՞նչ ձեւի ընդդիմություն եք, չե՞ք հասկանում, որ մենք երկիրը կկորցնենք, եթե հանկարծ Նիկոլը հաղթի այս ընտրություններում: Դաաաա… Նման միտք «հուշողին» հարցնում եմ.

- Բա ի՞նչ անի ընդդիմությունը, շուռ գա ու գնա իշխանություններին բռնի ուժով հեռացնելու ճանապարհո՞վ:

- Չէ,- ասում է,- ընդդիմությունը պետք է հանդես գա մեկ ճակատով…

Ուխայ… Մեկ ճակատով: Բա, հարգելի արվեստագետ, ՀՀ մշակույթի մեծարգո վաստակավոր գործիչ, մի հատ էլ ասա՝ ո՞ւմ նշանակենք այդ միասնական ճակատի առաջնորդ: Ձայն բարբառո հանապատի… Լավ, ասենք՝ միասնական առաջնորդ էլ ճարեցինք, ընտրություն տեղի ունեցավ, դավաճան իշխանությունն էլ չհաղթահարեց շեմը: Պատկերացնո՞ւմ եք այն խորհրդարանը, որտեղ բացարձակ մեծամասնություն է իշխանություն դարձած միասնական ընդդիմադիր ճակատը, իսկ նմուշի համար մի ընդդիմադիր էլ չկա:

Մի շատ խելացի մարդ էլ նեղացած-նեղացած գրել էր, որ ինքը չի մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին, որովհետեւ դրանք խիստ վտանգավոր են մեր պետության համար: Յաաա… Բա ի՞նչ անենք: Նա գրում է. «Այսօր մենք պետք է մեր հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները լուծենք, ոչ թե ինտրիգներ հյուսենք մեկս մյուսի հանդեպ ու կրկին բաժանվենք այս կամ այն գաղափարական թիմերի։ Ահա թե ինչու՝ առաջարկում եմ վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը։

Մենք պետք է շատ սթափ գիտակցենք մեր պետության եւ պետականության, մեր ազգի առջեւ ծառացած իրական ռիսկերը, սպառնալիքները եւ այս ճակատագրական պահին տարբերենք առաջնայինը երկրորդայինից։ Ես դա հասկանում եմ եւ չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքին»։ Եկե՛ք համախմբվենք, եկե՛ք պայքարենք մեր պետականությունը պահելու, զարգանալու համար եւ պարզապես անշահախնդիր սիրենք մեր հայրենիքը։ Վստահ եղե՛ք, որ Միասին Մենք Կարող ենք»։ Խոստովանեմ՝ այս տողերը կարդալուց հետո քաղաքական քրտինք տվեց վրաս: Մարդն առաջարկում է ոչինչ չանել, ուղղակի համախմբվել եւ անշահախնդիր սիրել հայրենիքը: Իսկ քանի որ նրա այս կոչի հստակ հասցեատերն էլ հայտնի չէ, կարելի է ենթադրել, որ այն ուղղված է բոլորին՝ իշխանություններից սկսած, իշխանափոխության կողմնակիցներով վերջացրած: Բայց մի՞թե հնարավոր է միասնություն ստախոս, վախկոտ, կապիտուլյանտ եւ դավաճան իշխանությունների հետ:

Մի՞թե հնարավոր է առանց այդ թարախապալարը կտրել-հեռացնելու թոթափել այն ատելությունն ու չարությունը, որ սերմանել է հենց այդ իշխանությունը:

Իսկ ի՞նչ կասեք Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտնագործության մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունն ստորագրած ուժերի ստեղծագործությունն է, այդ ուժերի «կրեատուրան»: Սա արդեն լրիվ նոր բան է, որի վրա եփած պողոսի ծիծաղն էլ կգար, եթե Տեր-Պետրոսյանի հերթական եւ շատ սպասված հոդվածն այդքան տխուր չլիներ: «Կրեատուրա»՝ նշանակում է կերտված, կերտվածք, այլ իմաստով՝ ինչ-որ մեկի կողմից դրված անձ, դրածո: Կդժվարանամ ասել, թե հատկապես որ իմաստով է այդ բառն օգտագործել Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նա այդ միտքն այնքան համոզիչ է պնդում, որ գրեթե կասկած չի մնում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ոչ թե մեկ եւ միակ գաղափարական հայր, այլ գաղափարապես սերում է մի քիչ Վազգեն Սարգսյանից, մի քիչ՝ Դաշնակցությունից, մի քիչ՝ Ռոբերտ Քոչարյանից, մի չըռթ էլ՝ Սերժ Սարգսյանից եւ որպես կրեատուրա՝ հենց նշվածների հակաադրբեջանական եւ հակաթուրքական գործունեության հետեւանք է:

Պետք չէր իրեն 1997-ին գահընկեց անել, որ հետո այս զուլումը չգար մեր գլխին՝ սա է Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածի միտք բանին, ինչն այնպես հետաքրքրեց ինձ, որ քիչ մնաց մոռանայի, թե ում գաղափարախոսությունն է ընկած Նիկոլ Փաշինյանի պարտվողականության եւ կապիտուլյանտության հիմքում: Ասում է՝ Նիկոլ Փաշինյանն այս «զուլումի» միակ պատասխանատուն ու մեղավորը չէ, ուրիշ մեղավորներ էլ կան, օրինակ՝ Վազգեն Սարգսյանը, մինչեւ Կարեն Դեմիրճյանի հետ դաշինք կնքելը: Եվ ի՞նչ ուղեղ պետք է ունենալ սեփական հոգեզավակից այսպես հրաժարվելու եւ ջրից չոր դուրս գալու համար: Այո, բոլորը հավասարապես մեղավոր են, հավասարապես պատասխանատու, Նիկոլի «հերն» էլ անիծած:

Թե չէ՝ եկել եք այստեղ, բարբառում եք՝ ընտրությունների գնալը սխալ է, ճիշտը հեղաշրջումն է, ամենաընդունելին ոչինչ չձեռնարկելն է, դավաճան իշխանությունների հետ միավորվելն է… Դուք օրինակ վերցրեք Լեւոն Տեր-Պետրոսյանից: Մի այնպիսի երիտասարդական ավյունով է գնում ընտրությունների, ասես իր քաղաքական հավատամքի յոթուքառսունքին է շտապում: