Դիտարկում է ընդհանուր իրավական նիհիլիզմի համապատկերի մեջ

Դիտարկում է ընդհանուր իրավական նիհիլիզմի համապատկերի մեջ

Մինչ այսօր հաստատվում էր Վալերիյ Օսիպյանի հրաժարականի դիմումը, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց մինչև 21 տարվա վաղեմության մի առերևույթ հանցակազմի մասին։ Ըստ այդմ՝ ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա՝ նաև պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկրորդը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից  չբխող աշխատանքներ: Այս ամենի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Միամտություն կլինի ենթադրել, որ մեր նախաքննական մարմինները փորձած չլինեին Վլադիմիր Գասպարյանի գործունեության վերաբերյալ շատ ավելի լուրջ մեղադրանքներ ձեռք բերել՝ շատ ավելի լուրջ հանցակազմերով, բայց, քանի որ, ըստ ամենայնի, այդպիսիք չեն հայտնաբվել, բավարարվել են այս անկապ մեղադրանքով, որն, ի դեպ, առաջին հայացքից խնդիրներ ունի նաև վաղեմության ժամկետի հետ։ Իհարկե,  մեղադրանքը  97 թվականից է գալիս և հասնում է մինչև 2011թ։ 

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս առնչությամբ ասաց․  «Վաղեմության ժամկետի վերաբերյալ խնդիրներ , մեր կարծիքով, կան, բայց դրան կանդրադառնանք քննության համապատասխան փուլում»։

Նա մանրամասնել էր, որ Վլադիմիր.Գասպարյանն այսօր առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Նա մանրամասնեց, որ ծանուցագիրը ստացել են երեկ, այսօր մեղադրանքի առաջադրումից հետո Գասպարյանի նկատմամբ խափանման միջոցի հետ կապված՝ բողոքարկել են Դատախազություն։

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդել էր նաև, որ նման 5-6 գործ  գործ կա, որոնց մեծ մասը կարճվել են, վստահ է՝ դրանք էլ ու այս մեկն էլ կկարճվի։

Հարցրեցինք, թե իր պաշտպանյալը ի՞նչ է որակում այս քրեական գործերը, Աթանեսյանն ասաց․ «Դիտարկում է ընդհանուր իրավական նիհիլիզմի համապատկերի մեջ»։