Թրամփն ու Փաշինյանը չեն հանդիպի այնքան ժամանակ, մինչեւ չլինեն պետությունների ղեկավարների ուշադրության արժանի հարցեր

Թրամփն ու Փաշինյանը չեն հանդիպի այնքան ժամանակ, մինչեւ չլինեն պետությունների ղեկավարների ուշադրության արժանի հարցեր
Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրեթե երկու շաբաթով եղել է Վաշինգտոնում, ուր  հանդիպումներ է ունեցել պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Դավիդ Թրախտենբերգի, բանակի քարտուղար Մարկ Էսփերի հետ։ Նա հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել նաեւ հանրապետական եւ դեմոկրատական գիտական կենտրոններում, պետական մարմիններում, նաեւ՝ հանդիպել է հայկական լոբբիստների հետ։ 

«Իմ նպատակը Վաշինգտոնի զարկերակը զգալն էր, հասկանալը, թե ինչ է կատարվում այդ քաղաքում, ինչպես են այնտեղ կայացվում քաղաքական որոշումները,  քաղաքական ապագայի ինչ մեյնսթրիմ կա, ինչ մոտեցում կա տարածաշրջանի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, ի՞նչ ընթացք են ունենալու ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունները, ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները։ Եվ արդյոք ունա՞կ են Հայաստանի իշխանությունները մանեւրելու այդ հարաբերություններում»,-մեզ հետ զրույցում ասաց «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

-Ձեր հանդիպումներից ի՞նչ տպավորություն եք ստացել, ի՞նչ էին մտածում Հայաստանի մասին ամերիկյան պետական մարմիններում թավշյա հեղափոխության օրերին, ի՞նչ պատկերացումներ են ձեւավորվել արդեն մեկ տարի անց։

-Հեղափոխությունից հետո մեծ էին ակնկալիքները, որ Հայաստանը կխորացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ավելի մեծ օրակարգով հանդես կգա, ԱՄՆ-ի հետ հարաբերվելիս կկայացնի ավելի ինքնուրույն քաղաքական որոշումներ, ինստիտուտները կկայանան, ժողովրդավարության աճ կլինի։ ԱՄՆ-ն պատրաստ էր մեզ օժանդակություն եւ օգնություն ցուցաբերել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերջին իրադարձություններից հետո ԱՄՆ-ն Հայաստանին ցուցաբերել է զրոյական օգնություն, այդքան էլ այդպես չէ՝ թե՛ քաղաքական հայտարարությունների տեսանկյունից, թե՛ ֆինանսական աջակցության տեսանկյունից։ Եթե տարեսկզբին ՀՀ-ի համար նախատեսված էր 6,8 միլիոն դոլարի աջակցություն, ապա այս պահի դրությամբ արդեն մոտ 19 միլիոն դոլարի աջակցություն է Հայաստանին տրամադրվել ԱՄՆ-ից։ Այն հատվածը, որ նախատեսված չէր, հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը  որոշեց տրամադրել Հայաստանին։ Դրանից զատ՝ վերջերս ՀՀ-ում գտնվում էր ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի գլխավորությամբ, որի հետ նույնպես կնքվեց համաձայնագիր հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Կնքվեց ստրատեգիական երկխոսության  համաձայնագիր, որով նախատեսվում է, որ մի քանի ծրագրերի միջոցով եւս Հայաստանը կստանա լրացուցիչ ֆինանսական աջակցություն։ Ստացվում է այնպես, որ հեղափոխությունից հետո Հայաստանը ստացել է  լրացուցիչ ֆինանսական օգնություն։ Չնայած դրան, կարծում եմ, որ հայկական կողմը կարող էր ավելի նախաձեռնող եւ ակտիվ լինել, դիմել ԱՄՆ-ին կոնկրետ ծրագրեր ֆինանսավորելու համար։ 

- ԱՄՆ-ն  հեղափոխությունից հետո նախաձեռնողականություն ցուցաբերեց նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնը անցյալ տարեվերջին տարածաշրջան կատարած այցի ժամանակ ասել էր, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարեւոր, ռազմավարական նշանակություն ունի մեզ համար»։ Ինչ-որ առումով հիասթափվա՞ծ չէ ԱՄՆ-ն, որ իրենց ակնկալիքները չիրականացան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

-Հիասթափված բառը չեմ օգտագործի, որովհետեւ ԱՄՆ-ն շարունակում է իր ստանձնած հանձնառություններին տեր կանգնել, եւ Արցախի հարցում էլ ակտիվ մասնակից է, չի պատրաստվում հրաժարվել այդ գծից։ Գիտեք նաեւ, որ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ պետքարտուղարի կողմից հրավիրվել են Վաշինգտոն՝ հանդիպման եւ Արցախի խնդրի հետ կապված հարցեր քննարկելու։ Այս առումով կարեւոր է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը շարունակում է մնալ հրատապ։ ԱՄՆ-ի կողմից չկա ճնշում կողմերի վրա, թե ինչ ձեւով լուծեն խնդիրը, ճնշում կա միայն այն առումով, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Իսկ թե ինչ սկզբունքով՝ դա արդեն կողմերի որոշելիքն է։

-Հայաստանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, ռեւերանսները՝ ուղղված ՌԴ-ին, արդյոք պատճառ չե՞ն դարձել, որ ԱՄՆ-ն որոշակի սառնություն ցուցաբերի Հայաստանի նկատմամբ, տարածություն պահպանի։

-ՀՀ վարչապետը վերջերս երկու հայտարարություն է արել, որոնք ԱՄՆ-ում, բնականաբար, բացասաբար են ընդունվել։ Դրա մասին եւս մամուլում եղել է անդրադարձ։ Մասնավորապես՝ վարչապետն ասել է, որ ոչ մի կառավարություն այնքան չի քննադատել ԱՄՆ-ին, որքան իր կառավարությունը։ Եվ երկրորդ հայտարարությունն այն էր, որ հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն զրոյական աջակցություն է ցուցաբերել ՀՀ-ին։ Սա, իհարկե, բացասաբար է ընկալվել Վաշինգտոնում, ԱՄՆ-ի փորձագիտական շրջանակները տվել են իրենց գնահատականները։ Այնպես որ՝ այս հարաբերությունները խոչընդոտ են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար, հատկապես որ ամերիկյան կողմն  ակնհայտ անհամաձայնություն ունի այս հայտարարությունների վերաբերյալ։ 

-ՀՀ ԱԺ-ում եւ կառավարությունում կան թե՛ սորոսական կադրեր, թե՛ պրոռուսական դիրքորոշում ունեցողներ, թե՛ նոր սերնդի քաղաքական գործիչներ, թե՛ հին կադրեր։ ԱՄՆ-ն ինչպե՞ս է պատկերացնում իր համագործակցությունն այս իշխանությունների հետ։

-Կադրային քաղաքականության առումով ԱՄՆ-ն Հայաստանի իշխանությունների նկատմամբ չունի որեւէ վերապահում, որովհետեւ  դա համարում է Հայաստանի ինքնիշխան որոշումը։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված սորոսականներին, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ջորջ Սորոսը անձնական թշնամիներ են։ Թրամփը տարբեր հարցերում  մեղադրում է Սորոսին, նաեւ անձնական խնդիրներ ունեն Սորոսը եւ  ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնը։ Սորոսը այլ պատկերացումներ ունի աշխարհի մասին, ԱՄՆ վարչակազմը՝ այլ, եւ պետք չէ նրանց նույնականացնել։

-Տարածաշրջանում Հայաստանը ո՞ր տեղում է ԱՄՆ-ի համար։

-Վերջին տեղում է։ Եթե համեմատենք հարավկովկասյան հանրապետությունների հետ, ապա Հայաստանը երրորդ տեղում է։ Եթե ԱՄՆ-ի համար Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունեցող պետություններ են, ապա Հայաստանը բարձր առաջնահերթության կարգավիճակ  ունեցող պետություն է, ինչի մասին Ջոն Բոլթոնը բացեիբաց հայտարարեց։ Եվ հարաբերությունների բովանդակությունն էլ բխում է հենց  սրանից։ Վերջերս Հայաստանում  ԱՄՆ պատվիրակության մասնակցությամբ ստորագրվեց ռազմավարական երկխոսության վերաբերյալ փաստաթուղթ, պետք է ամրագրել, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական զրուցակցի կարգավիճակում են, իսկ Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերոջ։ Պետք չէ ՀՀ-ի նոր իշխանություններին մեղադրել ԱՄՆ-ի հետ բարձր կարգի հարաբերություններ ունենալու մեջ, քանի որ այդ միտումը գալիս է նախորդ կառավարությունից։ 

-Իսկ կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անեն Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելու համար։

-Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն ԱՄՆ-ի հետ, հատկապես բիզնեսի եւ տնտեսության ոլորտներում։ ՀՀ-ն 170-րդ առեւտրային գործընկերն է ԱՄՆ-ի 192 պետությունների  շարքում, ինչը խայտառակ ցուցանիշ է, եթե հաշվի ենք առնում հայկական համայնքը,  նրա պոտենցիալը։ Իսկ Ադրբեջանը 107-րդ գործընկներն  է։ Իսկ այդ 192 պետությունների ցանկում կան պետություններ, որոնք ԱՄՆ-ի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սա խայտառակ ցուցանիշ է, եւ այդ ուղղությամբ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ մասնավորապես զարգացնելով բիզնեսն ու ներդրումների ոլորտում  համագործակցությունը, ինչ կարող է նաեւ քաղաքական հարաբերությունների համար դառնալ լոկոմոտիվ։ Ինչո՞ւ չեն լինում բարձր մակարդակի հարաբերություններ։ Չկան բարձր մակարդակի հարցեր, օրակարգային հարցեր, որոնք կարող են քննարկվել այդ հանդիպումների ժամանակ։ Թրամփն ու Փաշինյանը չեն հանդիպի այնքան ժամանակ, մինչեւ չլինեն այն հարցերը, որոնք կարող են ուշադրության արժանանալ պետությունների ղեկավարների կողմից։ 

Հիշեցնեմ, որ չի եղել ոչ միայն Թրամփ-Փաշինյան հանդիպում, այլեւ պետքարտուղար-արտգործնախարար, պաշտպանության քարտուղար-պաշտպանության նախարար։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում նման հանդիպումներ չեն եղել։

ԱՄՆ-ի հայ համայնքը եւ լոբբիստական կազմակերպություններն, իհարկե, ունեն դերակատարում, իրենք իրենց պատկերացումներն ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին։ Դրանք կարող են համընկնել կամ չհամընկնել մեր կառավարության դիրքորոշումներին, բայց համագործակցությունը շատ կարեւոր է։

«Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են բարձր մակարդակի այցեր կազմակերպել դեպի ԱՄՆ։ Դա միշտ եղել է, կա, կլինի, պետք է անպայման այդ փորձը կատարվի։