Քաղաքապետի խոսնակի «բարեխղճությունը»․ մի տեղ հերքում է, մեկ այլ տեղ՝ հաստատում

Քաղաքապետի խոսնակի «բարեխղճությունը»․ մի տեղ հերքում է, մեկ այլ տեղ՝ հաստատում

Մենք այսօր ինֆորմացիա ստացանք, որ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում կամ ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչությունում, որի ղեկավարը Արսեն Ամյանն է՝ կապված է համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների հարցով, որի շուրջ այս օրերին աղմուկ է բարձրացել մամուլում։

Մենք փորձեցինք բարեխղճորեն լուրը նախ ճշտել քաղաքապետարանից, հետո նոր գրել։ Բայց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով շատ է սիրում ֆեյսբուքում լրագրողներին բարեխղճության դասեր տալ, անբարեխղիճ ձևով հերքեց մեր այս տեղեկությունը։ Հետո շատ «բարեխղճորեն» այս ինֆորմացիան հայտնվեց մեկ այլ լրատվական կայքում՝ այս տեսքով․ «Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտում: Տվյալները փոխանցվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն»։

 

Սա հերթական օրինակն է այն բանի, որ մամուլի խոսնակները որևէ բարոյական իրավունք չունեն մամուլին դասեր տալու և բարեխղճությունից հոխորտալու, քանզի ամենաանբերեխիղճն ու անպատասխանատուն հենց իրենք են իրենց աշխատանքում՝ հատկապես, երբ սկսում են լրատվամիջոցների մեջ տարբերակում մտցնել՝ յուրայինների և ոչ յուրայինների։