Մեր աշխատանքի լավագույն գնահատականը բեռնափոխադրումների մշտական աճն է
Օրերս Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ, ընթացիկ տարվա արդյունքներով, երկրի գլխավոր բանկի մասնագետներն ակնկալում են ՀՆԱ 4% անկում: Չնայած որ հիմնական անկումը կլինի շինարարության եւ ծառայությունների ոլորտներում, այս իրավիճակը կազդի կյանքի բոլոր ոլորտների վրա: Այդ թվում նաեւ ռազմավարական տրանսպորտային ոլորտի, ինչը խթանելու է մրցակցությունը բեռնատար տրանսպորտի հիմնական՝ ավտոմոբիլային եւ երկաթուղային տեսակների միջեւ: Հարկ է նշել, որ տրանսպորտի այս երկու տեսակներն ավանդաբար մրցակցում են միմյանց հետ, ինչը բերում է ինքնարժեքի նվազմանը եւ բիզնեսին ու տնտեսությանը մատուցվող ծառայությունների զարգացմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մրցակցային առավելությունների մասին պատմում է Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը:
- Պարոն Դորոխին, ի՞նչ կարող է երկաթուղին առաջարկել բիզնեսին սպասվող տնտեսական անկման պայմաններում: Որո՞նք են զեղչերը, սակագները:
- Նախ, երկու խոսքով ներկայացնեմ մեր կենտրոնի աշխատանքը: Այն ստեղծվել է դեռեւս 2008-ին՝ ՀԿԵ-ի տրանսպորտային եւ լոգիստիկ ուղղությունը զարգացնելու համար, եւ հիմնական նպատակներն են ՝ բեռնափոխադրումների հետ կապված ծառայությունների վաճառքի ապահովումը, ինչպես նաեւ բեռների սեփականատերերի տրանսպորտային սպասարկման համակարգի կատարելագործումը եւ հաճախորդների գոհունակության բարձրացումը:
Ինչ վերաբերում է մեր սակագնային քաղաքականությանը, ապա այն ինտեգրված է տարածաշրջանայինին եւ ձեւավորվում է ԱՊՀ երկրների սակագնային քաղաքականության հիման վրա՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտային շուկայի առանձնահատկությունները: Դեռեւս 2017 թ. ՀԿԵ-ն անցում կատարեց բոլոր ուղղություններով (արտահանում, ներմուծում, ներհանրապետական) միասնական սակագնային քաղաքականությանը: Միասնական սակագների սահմանաչափը սահմանվել էր երկաթուղային միջազգային տարանցիկ սակագնի բազային դրույքաչափերի մակարդակի վրա, ինչը թույլ է տվել ստեղծել ԱՊՀ ամբողջ տարածքում բեռնափոխադրումների վճարների հաշվարկման միասնական համակարգ:
Ի դեպ, նշեմ, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն, ինչպես նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների աճը պահպանելու եւ խթանելու համար, ՀԿԵ-ն կիրառում է նվազեցնող գործակիցներ՝ կախված փոխադրման հեռավորությունից: Արտոնյալ սակագնային պայմանների ձեւավորման համար նախապատվություններ են տրվում նաեւ փոխադրումների երաշխավորված տարեկան ծավալի համար:
- Օրինակ, հացահատիկի համար, որի տեղափոխման համար երկաթուղին արդեն որերորդ տարի մրցում է ավտոտրանսպորտային փոխադրողների հետ ...
- Այո, նաեւ՝ այդ թվում: Բեռնափոխադրումների մրցակցային պայմանները պահպանելու համար մենք՝ Վրացական երկաթուղիների հետ միասին, 2020 թվականին երկարաձգեցինք սակագնային դրույքաչափերը՝ Փոթիի նավահանգստի տերմինալներից հացահատիկային բեռների եւ շռոտի, ինչպես նաեւ 40 ֆուտանոց բեռնարկղերի արագացված կոնտեյներային գնացքի կազմում փոխադրումների համար: Պահպանվել են նաեւ Երեւանի ու Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջեւ գործող արագացված կոնտեյներային գնացքի աշխատանքի պայմանները: Այս երթուղու առաքման ժամանակը կազմում է 30 ժամ, իսկ սակագները սովորական բեռնատար գնացքի հետ համեմատ ավելի ցածր են․ 20-ֆունտանոց բեռնարկղերի համար՝ 30%-ով եւ 52%-ով՝ 40 ֆուտանոց բեռնարկղերի համար:
- Ի՞նչ որակական մրցակցային առավելություններ է առաջարկում ՀԿԵ-ն բիզնեսին:
- Դեռեւս 2011-ին մեր կենտրոնի կազմում հիմնվել էր Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որը «մեկ պատուհանի» սկզբունքով առաջարկում է տրանսպորտային եւ լոգիստիկ ծառայությունների ամբողջ տեսականին: Կենտրոնի աշխատանքի տարիներին առաքվել է ավելի քան 100 հազար տոննա բեռ, այդ թվում՝ մուլտիմոդալ փոխադրումներ, վտանգավոր եւ մեծ բեռների առաքում: Օրինակ, անցյալ տարի իր տեսակի մեջ առաջին մեծ, ոչ ստանդարտ չափերի բեռի փոխադրումն իրականացվել է Հայաստանում Komatsu ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի`«ԻԿՕ Մաշիների» ընկերության պատվերով՝ դեպի Ղրղզստան: «Հրազդան ցեմենտ կորպորեյշն» ընկերության պատվերով Ռուսաստանից Հայաստան առաքվել են տեխնոլոգիական սարքավորումներ, կազմակերպվել է առանձնապես մեծ չափերի սարքավորումների տեղափոխում Հայկական ԱԷԿ-ի համար եւ այլն: Այսպիսով, ՀԿԵ-ն ակտիվորեն աշխատում է Հայաստանի բեռնափոխադրումների շուկայում՝ ամրապնդելով իր դիրքերը տրանսպորտային ծառայությունների ոլորտում եւ ընդլայնելով բեռնափոխադրումների աշխարհագրությունը: Ներկայումս մենք բեռնափոխադրումներ ենք իրականացնում աշխարհի ավելի քան 75 երկիր:
Մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատականը ես համարում եմ փոխադրումների ծավալի մշտական աճը, որին ականատես ենք եղել վերջին մի քանի տարիների ընթացքում: Այսպես, 2019-ին ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,2 միլիոն տոննա, ինչը 11,1%-ով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը: Միեւնույն ժամանակ, բեռնաշրջանառությունն աճել է ավելին` 17,3%-ով, արտահանումը՝ 25%-ով, տեղական փոխադրումները՝ 6,9%-ով, իսկ ներմուծումը` 12,5%-ով:
Դժբախտաբար, ընթացիկ տարվա համար մեր կանխատեսումներն ավելի համեստ են՝ կարանտինային միջոցառումների պատճառով: Այնուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակում մեր ջանքերը թույլ են տվել բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացնել 12,9%-ով: Ինչ վերաբերում է տարվա երկրորդ կիսամյակին, ապա մեր ծրագրերն այնքան էլ լավատեսական չեն:
- Իսկ ինչպե՞ս են գործերը Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավի հետ:
- Ինչպես տեղյակ եք, ՀԿԵ-ի նախաձեռնությամբ 2017-ի փետրվարից վարձակալվում էր Կովկաս-Փոթի-Կովկաս ծովային գծով աշխատող երկաթուղային լաստանավը: Այս երթուղով փոխադրման սակագներն իջեցվել էին ավելի քան 2 անգամ, սահմանվել էր աշխատանքի ժամանակացույց` ամսական 3 անգամ: Մենք աշխատել ենք Ռուսաստանի եւ Վրաստանի երկաթուղիների հետ` զեղչեր տրամադրելու համար: Սակայն լաստանավերի աշխատանքային գրաֆիկում ընդհատումների եւ վարձակալության կտրուկ աճի հետեւանքով, ՀԿԵ-ից չկախված պատճառներով, 2019 թվականից լաստանավի կանոնավոր աշխատանքը դադարեցվել է: Ներկայումս ՀԿԵ-ն ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ աշխատում է Կովկաս-Փոթի երկաթուղային-լաստանավային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Քննարկվում են տարբեր տարբերակներ:
Այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք այլընտրանքային տարբերակ ԵՄ, ԵԱՏՄ, ՌԴ, ԱՊՀ բեռներ առաքելու համար. Ուկրաինայի տարածքով տարանցիկ միջանցքով եւ Չեռնոմորսկ-Փոթի լաստանավով հենց այդ ճանապարհով էր անցյալ տարի կազմակերպվել բեռնափոխադրումն ԻԿՕ Մաշիների եւ «Հրազդան ցեմենտ կորփորեյշն» ընկերությունների համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք երկու տարբերակ Վլադիկավկազ կայարանի տերմինալային համալիրով: Առաջինը ավտոմեքենաներից երկաթուղային շարժակազմ ապրանքների տեղափոխումն է, երկրորդը՝ բեռնարկղի (Հայաստանում բեռնափոխադրողի պահեստում բեռնված) փոխադրումն ավտոմեքենաներից երկաթուղի:
Բացի այդ, ՀԿԵ-ն իր գործընկերներին առաջարկում է տրանսպորտային եւ լոգիստիկ մի շարք լուծումներ: Դա միջազգային մուլտիմոդալ եւ բեռնարկղային բեռնափոխադրումներ են (երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործմամբ) եւ դռնից դուռ բեռների առաքումը: ՀԿԵ-ն նաեւ պատրաստ է վարձակալության հիմունքներով տրամադրել շարժակազմ, պահեստային տարածքներ, բաց տարածքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիներ եւ այլ օբյեկտներ, ինչպես նաեւ իրականացնել բեռների փոխադրման օպերատիվ եւ դիսպետչերական հսկողություն:
- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: Ցանկանո՞ւմ եք ինչ-որ բան ավելացնել:
- Ես ուզում եմ դիմել բոլոր այն գործընկերներին, որոնք հետաքրքրված են բեռնափոխադրումներով: ՀԿԵ-ն բաց է բոլորի համար, պատրաստ է կառուցողական երկխոսության եւ ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ ցանկացած բարդության եւ ցանկացած հեռավորության վրա փոխադրումներ կազմակերպելու համար:
Կարծիքներ