Ադրբեջանի հանդեպ մահմեդական աշխարհի դժգոհությունն աճում է 

Ադրբեջանի հանդեպ մահմեդական աշխարհի դժգոհությունն աճում է 

Սոցկայքերի արաբ եւ առհասարակ մահմեդական օգտատերերը շարունակում են դժգոհել, որ Ադրբեջանը, պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրացման ընթացքում շարունակում է Իսրայելին նավթ մատակարարել։ Համաձայն տելեգրամյան հարթակում տեղ գտած հրապարակումների, մի քանի օր առաջ 1 միլիոն բարել ադրբեջանական նավթով բեռնված բեռնանավը ուղեւորվել է Էյլաթի նավահանգիստ։ Ադրբեջանական նավթը, համաձայն հաղորդումների, նախ մատակարարվում է Թուրքիային՝ խողովակաշարով, ապա արդեն ծովային տարբերակով հասնում է Իսրայել։ Ադրբեջանական նավթը ծածկում է Իսրայելի նավթային ներմուծումների մոտ 10 տոկոսը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին արված մեղադրական հայտարարություններից հետո, Անկարայում եւս սկսել են բարձրաձայնել, որ անհրաժեշտ է դադարեցնել նաթի մատակարարումն Իսրայելին։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ էլ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը կոչ էր արել ՕՊԵԿ երկրներին՝ Իսրայելի հանդեպ նավթային էմբարգո կիրառել, սակայն կոչը առայժմ մնացել է անարձագանք։