Սիսակ Գաբրիելյանն ինչ կապ ունի Արսեն Բաբայանի հետ

Սիսակ Գաբրիելյանն ինչ կապ ունի Արսեն Բաբայանի հետ

Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը, կալանքի ու ազատ արձակման պատմությունը կարող են ներառվել իրավաբանության դասագրքերում՝ որպես ապացույց իրավական համակարգի վատ աշխատանքի, եւ ողջ գործընթացի ընթացքում թույլ տված կոպիտ սխալների։ 

Նախ, Բաբայանի ձերբակալության որոշումը դատարանն անօրինական ճանաչեց, սակայն կալանավորման սանկցիա տվեց՝ իրավաբանների զարմանքը հարուցելով։ Ապա մարդուն մեղադրանք առաջադրեցին, որը լիովին հիմնազուրկ էր եւ անապացույց։ Հետո պարզվեց՝ ոչ մի քննչական գործողություն նրա հետ չի կատարվում՝ ուղղակի պատանդի կարգավիճակում բանտարկված է։ Եւ վերջապես երկու անձ հանդես եկան անձնական երաշխավորությամբ՝ նրա խափանման միջոցը փոխելու, մեկը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, մյուսը՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Սակայն դատախազությունը որոշեց, որ Արտակ Բեգլարյանի երաշխավորությունը չպետք է ընդունի եւ երաշխավորությամբ հանդես եկավ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ում չէին դիմել ոչ Արսեն Բաբայանը, ոչ նրա փաստաբանները։

Զավեշտի ու անօրինականությունների այս շղթան խոսում է այն մասին, որ ինչքան անծրագիր ու չկողմնորոշված է իշխանությունն առհասարակ, նույնքան էլ՝ իրավապահ համակարգը։ Հավանաբար կարելի է եզրակացնել, որ գործն այնքան ջուր էր, որ ակնհայտորեն փլվելու էր եւ դատարանն ինքն էր փոխելու կալանքը, ուստի դատախազությունը որոշեց առաջ ընկնել եւ իր ձեռքով անել դա։ Եւ որովհետեւ շատ ցցուն էր դառնալու այն քաղաքական հետապնդումը, որն իրականացվում է Հրայր Թովմասյանի եւ նրա մերձավորների նկատմամբ, ուստի որոշեցին մաքրվել այդ խարանից եւ իշխանական պատգամավորի երաշխավորությունը ներառել, որ ասեն՝ տեսա՞ք, որ քաղաքական նկատառումներ չենք ունեցել, սա էլ՝ մեր Սիսակի ստորագրությունը։