Վերին Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չի

Վերին Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չի

Երեկ գիշեր Տավուշի մարզի Վերին Վերին Ոսկեպար համայնքից Նոյեմբերյանի ոստիկանություն են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանը։ Մինչ այդ իրավապահները տղերքին ժամանակ են տվել՝ լքել Վերին Ոսկեպարը, ասել են՝  Վերին Ոսկեպարում գտնվելն անօրինական է։ «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտեց՝ վստահ է, որ այդ տարածքներն իշխանությունները հանձնում են Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչում է նաեւ Նոյեմբերյանի այդ գյուղերը։

«Բնականաբար իշխանությունները պիտի հրահանգեն իրավապահներին՝ արգելել մեր գործունեությունը Վերին Ոսկեպարում։ Ոստիկանության բաժանմունքում տղերքին ասել են՝ բաց կթողնենք մի պայմանով, որ Վերին Ոսկեպար այլեւս չեք գնա։ Իրավական հիմք չկա այստեղ, ուղղակի փորձել են վախեցնել, տեսել են վախեցնելով ոչնչի չեն հասնի, տղերքին բաց են թողել։ Պարզ է, որ սա քաղաքական հրահանգ է Երեւանից՝ Բաքվի հետ համաձայնեցված»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով իրենց գործունեությանը՝ Տեր-Աբրահամյանն ասաց, որ 2023թ․-ի գարնանից  Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Մարտական եղբայրության» միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել, որի համաձայն մարզումներ են իրականացնում տեղի համայնքների բնակիչների համար։ Այն պահից, երբ ադրբեջանական քարոզչամեքենան լուրերով հաղորդել է, թե Վերին Ոսկեպարում Հայաստանի զինված ուժերը իբրև դիվերսիոն խմբեր են հավաքում, Տեր-Աբրահամյանի խոսքով՝  իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվում։ 

«Ես վստահ եմ, որ մեր նկատմամբ այս խոչընդոտները քաղաքական որոշման արդյունք է։ Մենք 2023թ․-ից ենք Վերին Ոսկեպարում, Նոյմբերյանի համայնքապետարանի հետ շատ լավ աշխատել ենք։ Պարզապես այդ տարածքներն անկլանվերի անվան տակ հանձնելու մտադրություն ունեն, այդ է պատճառը, որ փորձում են կանխել մեր աշխատանքը»,-հավելեց նա։

Ավելի վաղ «Մարտական եղբայրությունը» հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը: 

«Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ ո՞ր օրենքով կամ ինչպիսի՞ իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացիների կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին  մուտքը Վերին Վերին Ոսկեպարի տարածք»,-գրված էր հայտարարության մեջ։

ՀՀ ՆԳՆ լրատվականից փորձեցինք պարզաբանում ստանալ Վերին Վերին Ոսկեպարում տեղի ունեցածի վերաբերյալ։ Կառույցի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկանները նրանց ասել, որ Վերին Ոսկեպարում գտնվելն անօրինական է, քանի որ այն հայկական տարածք չէ, Սարգսյանն ասաց․ «Հերքում եմ, ոստիկանները նման բան չեն ասել»։ 

ՆԳՆ-ի պատասխանից հետո նորից կապվեցինք Տեր-Աբրահամյանի հետ։ Նա նշեց, որ զենքը ստուգելու պատրվակով տղերքին բաժին տանելը ուղղակի անհեթեթ է, քանի որ Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ կնքված համագործակցության հուշագրի համաձայն Վերին Վերին Ոսկեպարում «Մարտական եղբայրության» եւ «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքում նաեւ զենքից օգտվելու կանոններն են սովորեցում։ «Տեղի համայնքաների բնակիչները մեզ մոտ սովորում են զենքին տիրապետելու, կրակելու հմտություններ, եւ տրամաբանական է, որ տղերքի մոտ պետք է լինեին զենքեր։ Դրանք իրենց օրինական զենքերն են»,-ընդգծեց նա։