Ի՞նչ են քննարկել արտախորհրդարանականները Փաշինյանի հետ

Ի՞նչ են քննարկել արտախորհրդարանականները Փաշինյանի հետ

Երեկ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:
 
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

Նկատենք, որ նախորդ մի քանի հանդիպումներին Դավիթ Սանասարյանը չէր մասնակցում, սակայն այժմ իրավիճակ է փոխվել, այս անգամ Սանասարյանը որոշել է ներկայանալ հանդիպմանը:

«Հրապարակը» Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ վերջինս այս անգամ որոշեց վարչապետի հետ հանդիպել: Սանասարյանի պնդմամբ՝ ինքը Հայաստանում չի եղել և հենց այդ պատճառով էլ նախորդ հանդիպումներին չի մասնակցել. «Հայաստանում չէի, դրա համար էլ չէի մասնակցում, այլ պատճառ չկա», - ասաց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Փաշինյանի հետ ի՞նչ հարցեր են քննարկել, Սանասարյանն ասաց. «Կարող եմ միայն ասել, որ անվտանգության հետ կապված հարցեր ենք քննարկել»: Հարցին, թե Արցախի մասին չե՞ք խոսել Փաշինյանի հետ, Դավիթ Սանասարյանն ասաց. «Անվտանգության հետ կապված բոլոր հարցերը քննարկել ենք, այլ բան չեմ կարող ասել»:

Եվրոպակապն կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ հանդիման առանցքում ինչպես միշտ արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել. «Հայաստանը եվրոինտեգրման համար լուրջ քայլեր է անում, որոնք Ռուսաստանում ավելի շատ են քննարկվում, քան Հայաստանում: Խոսելով, վիճելով Փաշինյանի հետ, կարող եմ ասել, որ այսօր կառավարության տեսակետն ավելի մոտ է մեզ, քան երկու տարի առաջ»,- ասաց Խզմալյանը: