Արման Բաբաջանյանի դեպրեսիան

Արման Բաբաջանյանի դեպրեսիան

2018 թ.-ի հեղափոխությունն առաջին հերթին գաղտնազերծող նշանակություն ուներ: Դա մի զորեղ փոթորիկ էր, որը մերկացրեց մարդկային տականքության ողջ էությունը: Էություն, որը ժամանակին քողարկված էր ու աննկատ: Իսկ հիմա ամեն ինչ և ամեն ոք բաց են ու գաղտնազերծված: Օրինակ նախկինում քչերն էին ճանաչում Արման Բաբաջանյանին: Նրա արկածների և հերոսությունների մասին տեղյակ էր միայն մարդկային մի նեղ շրջանակ և ոչ ավելին: Իսկ հիմա նրան գիտեն բոլորը, նա հենց այն  նույն անկախ պատգամավորն է, որն ամեն օր կաշվից դուրս է գալիս հեղափոխությունն ու հեղափոխական արժեքները պաշտպանելու համար:

Անտեղյակ և միամիտ քաղաքացիները կարող են ենթադրել, որ հեղափոխության այդ անձնուրաց պաշտպանը տրամաբանորեն նաև եղել է հեղափոխական պայքարի ակտիվ մասնակիցն ու ջատագովը: Նրանց մտքով անգամ չի կարող անցնել, որ Բաբաջանյանը պայքարի ամենամեծ հակառակորդներից էր և ամեն ինչ անում էր, որ հանկարծ Սերժ Սարգսյանը չտապալվի: Կոնկրետ վկայություններ կան այն մասին, որ Սարգսյանի հրաժարականից հետո Բաբաջանյանը նույնիսկ դեպրեսիայի մեջ է ընկել և վշտից մի քանի օր դուրս չի եկել սենյակից: Զավեշտալին այն է, որ հիմա նա շատ ավելի հեղափոխական է, քան հենց բուն հեղափոխականները: Նախկինում նա պայքարում էր հեղափոխության դեմ, իսկ հիմա ի լուր աշխարհի հայտարարում է, թե հեղափոխության պարտությունը Հայաստանի պարտությունն է: Խոստովանենք, որ մեծ բեմը մեծ դերասան է կորցրել, քանի որ իրական ու բանական մարդը հաստատապես չէր կարող ինքն իրեն այս աստիճան կեղծել  և ամեն օր նոր դերեր ստանձնել: 

Ներկայումս Արման Բաբաջանյանը սուր քննադատության է ենթարկում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, իսկ անտեղյակ քաղաքացիները կարող են ենթադրել, որ վճռական այդ ազնվազարմը պայքարում է նախկին ռեժիմի մնացորդների դեմ և պատերազմ է հայտարարել հակահեղափոխությանը: Իհարկե մարդկանց մտքով չի էլ անցնում, որ Բաբաջանյանն ու Մինասյանը ժամանակին մտերիմ ընկերն են եղել և Միշիկը տարիներ շարունակ ֆինանսավորել է 1in.am կայքը, որը պատկանում է Արման Բաբաջանյանին: Իսկ հիմա այդ կայքը կառավարվում է անմիջապես վարչապետ Փաշինյանի աշխատակազմից: 

Երբ Հայաստանի իրավապահները ձերբակալեցին ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, գուշակեք, թե ով առաջինը ողջունեց այդ գործողությունը: Դե իհարկե` Արման Բաբաջանյանը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ նա աջակցում է կառավարության նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարին: Այ քեզ ազնիվ և սկզբունքային գործիչ: Միայն մի փոքրիկ նրբություն կա. Տարիներ շարունակ Գագիկ խաչատրյանը ֆինանսավորել է Բաբաջանյանի լրատվամիջոցը: Իսկ որպես փոխհատուցում կայքում և թերթում Խաչատրյանի մասին գրվող հոդվածների վրա արգելանքն է դրված եղել: Այսինքն, որևէ լրագրող չէր կարող նույնիսկ մի նախադասություն գրել Խաչատրյանների ընտանիքի մասին, անգամ եթե դա պաշտոնական տեղեկատվություն էր:

Իհարկե թվարկված փաստերը Բաբաջանյանի հերոսությունների ամբողջ ցանկը չեն ընդգրկում: Եթե փորձենք ամբողջացնել տխրահռչակ այդ գործչի արկածները , ապա ստիպված ենք լինելու հատորյակներ կազմել: Բայց սահմանափակվենք այսքանով և արձանագրենք միայն հետևյալը. Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի և ներկայումս Նիկոլ Փաշինյանի կողմից բազմակի օգտագործված արմանբաբաջանյաններն ու ստյոպասաֆարյանները առաջնային պլան են մղվել այս անորոշ  և խառնակ ժամանակի հետ համընթաց:  Ինչևիցե Ժամանակը բերել է  և ժամանակն էլ նրանց կտանի` ամփոփելով այդ քաղաքական մարմնավաճառներին իրենց համապատասխան վայրում, քանի որ քաղաքականությունն ամեն դեպքում հասարակաց տուն չի կարող լինել: 

Հ.Գ. ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը պարտավոր է ներողություն խնդրել հայ հանրույթից երկդիմի և թեթև վարքի տեր մանդատագող այդ պարոնին հայ ժողովրդի վզին փաթաթելու համար:

Սասուն Պողոսյան