«Քամուց քշվածները»

«Քամուց քշվածները»

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարը: Այդ առթիվ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, որից այդպես էլ չի հասկացվում, թե ով է ընտրվել կառույցի ղեկավար: Ամենայն հավանականությամբ, նորաստեղծ քաղաքական ուժի առաջին դեմք է ճանաչվել Վահան Բադասյանը: Ուշադրության է արժանի, որ նա, ինչպես նաեւ նորահայտ ուժի որոշ այլ ներկայացուցիչներ նախկին դաշնակցականներ են, որ կուսակցությունից հեռացվել են կարգապահական նկատառումներով: Մինչեւ վերջերս Բադասյանը համագործակցում էր Սասնա ծռերի հետ:

Բայց անցյալ ամիս նա հայտարարեց, որ չի կիսում «ծռերի» գաղափարախոսությունը եւ հեռանում է նրանցից: Սասնա ծռերն ստեղծեցին իրենց արցախյան կառույցը՝ համակարգող ընտրելով Գեղամ Գրիգորյանին: Եւ ահա Վահան Բադասյանը մի խումբ դարձյալ նախկին դաշնակցականների հետ ստեղծում է Միացյալ Հայաստան կուսակցությունը, որի անվանումն արդեն իսկ խոսում է նորահայտ ուժի քաղաքական նպատակի մասին: Այն է՝ Արցախի միավորումը Հայաստանին եւ միասնական հայկական պետության հռչակում:

Նույն ծրագիրն են, ի դեպ, քարոզում նաեւ Սասնա ծռերը: Բայց, չգիտես ինչու, Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարի հայտարարության մեջ այդ մասին ոչինչ ասված չէ: Հասարակությունն, այսպիսով, չի իրազեկվում, թե մարտավարական ինչ քայլերով է նոր ուժը մտադիր հասնել Միացյալ Հայաստանի հռչակմանը: Դրա փոխարեն հայտարարության մեջ մատնանշվում է, որ Արցախում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ է, խորանում է արտագաղթը, մարդիկ հուսալքված են, որովհետեւ խարխլված է պաշտպանունակությունը, կառավարման համակարգը կոռումպացված է, եւ այդ ամենի մեղավորը բարձրագույն իշխանությունն է:

Սա Արցախի քաղաքական կյանքում դիսոնանսային շեշտադրում է, որովհետեւ նույնիսկ Բակո Սահակյանի ամենաերդվյալ քննադատ Ազգային վերածնունդ կուսակցությունն է ընդունել, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա սահմանադրությամբ նախատեսված ժամկետում եւ ընթացակարգով՝ 2020 թ. ապրիլին՝ նախագահի հերթական ընտրությամբ: Ստացվում է, որ դաշնակցությունից հեռացված, Սասնա ծռերի հետ տարաձայնությունների պատճառով նրանցից տրոհված մարդկանց մի խումբ Ստեփանակերտում համակիրների փոքրաթիվ շրջանակով հավաք է անցկացնում եւ բարձրագույն իշխանությանը ներկայացնում լրջագույն մեղադրանքներ: Այն դեպքում, երբ նման հանրային պահանջ բացարձակապես ձեւովորված չէ, եւ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները եկել են կոնսենսուսի, որ արտահերթ զարգացումներ չեն լինելու, գործող նախագահը պաշտոնավարելու է մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը:

Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Միացյալ Հայաստանը: Նորահայտ ուժի պատասխանատուներն իրենց անելիքների մասին ոչինչ չեն խոսում: Դատելով Վահան Բադասյանի քաղաքական գործունեության նախորդ փուլերից, նա փորձելու է հանրային աջակցություն փնտրել: Բայց ամռան ամիսներին Արցախի տարբեր բնակավայրերում նրա կազմակերպած քննարկումներին հանրության վերաբերմունքը չափազանց բացասական էր: Գյուղերում նրան լսում էին մի քանի հոգի միայն, իսկ Ստեփանակերտում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու փորձերը՝ դատապարտվում ձախողման:

Ընդ որում, առանձնանալով նախկին համակիրներից, Դաշնակցությունից հեռացված լինելով՝ Բադասյանը խիստ նեղացրել է համակիրների շրջանակը եւ հազիվ թե որեւէ նշանակալի քայլ անելու ռեսուրս կարողանա գտնել: Այս իրավիճակում ի՞նչ իմաստ ունի քաղաքական դաշտում հավակնել ինքնուրույն դերակատարության: Հնարավոր է՝ գալիք ընտրություններում կարեւորվելու հեռանկարն է Բադասյանին եւ համակիրների փոքրաթիվ խմբին մղել նման հավակնոտության: Բայց քաղաքական դաշտի ծանրակշիռները կունենա՞ն նրա աջակցության կարիքը: Դա ցույց կտա ժամանակը: Նորահայտ քաղաքական ուժն իր առավելապաշտական նկրտումներում հազիվ թե ընդհանրության եզրեր գտնվեն այլ ուժերի հետ: Այդ դեպքում Միացյալ Հայաստանը կթողնի «քամուց քշվածների» ապաստարանի տպավորություն՝ հետեւանքներով հանդերձ: