Ի վիճակի չեն պետություն զարգացնել, մարդկանցից են հավաքում գումարները

Հարցազրույց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ
- Վերջին շրջանում հասարակությանն ամենաշատը մտատանջում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը, եկամուտների հայտարարագրումը, համատարած թանկացումները, գույքահարկի բարձրացումը եւ այլն: Ամենուր միայն թանկացումներ ու դժվարություններ են, մարդիկ դժգոհ են: Այս ամենն ինչի՞ արդյունք է, ի՞նչ հետեւանքներ կարող են թողնել այս պրոցեսները:
- Այս ամենի հիմնական դրդապատճառը բյուջեի պլանի չկատարումն է: Բյուջեի անարդյունավետ ծախսման արդյունքում կուտակվում են որոշակի պարտքեր: 2025 թվականի վերջին պետական պարտքը կհատի 14 միլիարդ դոլարի շեմը: Բնականաբար, 14 միլիարդ դոլարի համար անհրաժեշտ է սպասարկում: Միայն 2025 թվականի տոկոսային ծախսը 400 միլիարդ դրամ է, դրան էլ գումարած 2024 թվականի բյուջեն 223 միլիարդ դրամով թերակատարեցին: Անարդյունավետ, պոպուլիստական ծախսեր են իրականացվում, որոնք արվում են հիմնական քարոզչական նպատակներով: Դրանք միտված չեն պետության իրական խնդիրները լուծելուն: Ապաշնորհ կառավարման արդյունքում դեֆիցիտ է առաջացել: Այն պետք է ծածկվի: Պրոֆեսիոնալ կառավարիչները եւ տնտեսագետները դեֆիցիտը ծածկում են գումարի ճիշտ կառավարման, ներդրումային եւ բիզնես դաշտի շնորհիվ: Այսինքն` դրսից հավելյալ ներդրումներ են իրականացվում: Պետությունը նման դեպքերում օգնում է բացահայտել նոր արտահանման շուկաներ, արդյունքում արտադրանքի ծավալն ավելանում է, պետության եկամուտները` նույնպես: Բայց քանի որ մեր պետությունն այս առումով ոչինչ չի անում, նրան գումարներ են անհրաժեշտ, իսկ դրա համար պետք է հարկեր ավելացնի, ինչպե՞ս ավելացնի, եթե մանր ու միջին բիզնեսի դրույքաչափն են ավելացնում, ապա գնաճ է տեղի ունենում, եւ գումարները հավաքագրվում են: Այս նույն տրամաբանությամբ է թանկացվում հանրային տրանսպորտը: Չեն կարողանում ծախսերը կատարել, հիմա փորձում են տրանսպորտի սակագնի վերանայման միջոցով իրենց չպլանավորված եւ անարդյունավետ ծախսերը կատարել՝ կրճատելով սուբսիդիաները, որպեսզի կառավարությունը եւս կարողանա իր անարդյունավետ ծախսերը կատարել: Ինչ վերաբերում է եկամուտների հայտարարագրին, ապա նախորդ տարի չի ավելացել ոչ մի տեսակի հարկ, միայն ավելացել է եկամտային հարկը: Որպեսզի բիզնեսի վրա լրացուցիչ բեռ չդնեն, քանի որ քանակապես այն փոքր է, նորից թանկացումը բաշխում են 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների վրա: Նախորդ տարվա վիճակագրությունը ցուցիչ է, որ Հայաստանի բյուջեի պլանը թեպետ թերակատարված է, սակայն տեղի է ունեցել եկամտային հարկից գանձված գումարների հաշվին: Այսօր տեղի ունեցողը դրա տրամաբանական շարունակությունն է: Քանի որ 223 միլիարդ դրամով թերակատարում են ունեցել, սակայն բյուջեն պլանավորել են ավելի, ստացվում է՝ լրացուցիչ 420 միլիարդ դրամ հարկ պետք է հավաքագրեն: Իրենց առաջ խնդիր է դրված: Սա պետության առաջ դրվել է որպես խնդիր: Իսկ որտեղի՞ց պետք է հավաքագրեն, եթե պետությունը չի զարգանում: Տեսնում են, որ ի վիճակի չեն պետություն զարգացնելու, ասում են` եկեք մարդկանցից հավաքենք այդ գումարները: Կա նաեւ քաղաքական նպատակ: Իշխանությունն ունի նաեւ իր էլեկտորատը, իսկ Փաշինյանը վաղուց սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Նա տեսնում է, որ քարոզարշավի գործիքներն ազդեցություն չեն ունենում իր վարկանիշի բարձրացման վրա, ուստի գնում է մարդկանց ահաբեկելու, վախեցնելու ճանապարհով, որպեսզի մարդիկ իր դեմ չխոսեն, գնան իր ասած ճանապարհով:
- Եկամուտների հայտարարագրումն ի՞նչ ռիսկեր է պարունակում: Օրինակ` բանկային գաղտնիք, անձնական տվյալներ եւ այլն: Ի՞նչ հետեւանքներ կարող է սա ունենալ:
- Հայտարարագրման ռիսկերը շատ ավելի վատն են, քանի որ, այո, բացի ֆինանսական բեռից, կա նաեւ անձնական տվյալների տիրապետման ռիսկը: Իհարկե, հույս ունենք, որ ընդվզումները հանգեցնելու են փոփոխությունների: Եկեք մի պահ փոխառության վրա կենտրոնանանք: Անձը պարտքով գումար է վերցնում իր հարազատից, ընկերոջից, դրա համար պետք է պայմանագիր կնքի, եթե քաղաքացին պայմանագիր չի կնքում, սա կարող է դիտարկվել որպես եկամուտ, եւ պետությունը գումարի 20 տոկոսը կարող է ազատ հարկել: Ստացվում է, որ մարդը չունի հավելյալ եկամուտ, սակայն հավելյալ հարկվում է: Մարդիկ այս իրավանորմերի մասին տեղյակ չեն, չեն հայտարարագրելու եւ մեկ տարի անց ստուգումների արդյունքում տույժերի, տուգանքների առաջ են կանգնելու:
- Իշխանությունները հայտարարում են, որ աշխարհի բոլոր առաջատար երկրներում կա այս պրակտիկան:
- Այո, ճիշտ են` կա, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, բայց ԱՄՆ-ի հետ համեմատվելուց առաջ թող այս իշխանությունները Հայաստանը դարձնեն ԱՄՆ-ի նման պետություն` աղքատության ցուցանիշը նվազեցնեն, գործազրկության ցուցանիշները փոխեն եւ նոր միայն համեմատվեն: Մեկ միլիոն մարդ Հայաստանում ունի աշխատանքի խնդիր: «Մենք ենք՝ մեր սարերը» ֆիլմում ասում են․ «Կարեւորը մենք ենք ու Ամերիկան», հիմա այս իշխանությունները երեւի դա լուրջ են ընդունել եւ համեմատվում են Ամերիկայի հետ, բայց Ամերիկան իրեն կարող է թույլ տալ տարատեսակ բաներ, որովհետեւ նրանց տնտեսական քաղաքականությունն այլ է:
Կարծիքներ