Վիրաբյանը հաղթել է նախարարությանը, բայց դեռևս չի գործում արխիվի տնօրենի պաշտոնում

Վիրաբյանը հաղթել է նախարարությանը, բայց դեռևս չի գործում արխիվի տնօրենի պաշտոնում

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճռով պետք է վերականգնվի նախկին պաշտոնում, որից ազատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 7-ին` արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հրամանով։  

2020 թվականի սեպտեմբերի 23-ին Վիրաբյանը դատական հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ու պահանջել իրեն վերականգնել Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնում։ «Պահանջ: 07.09.2020թ. թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին»։

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ դեռևս չի վերականգնվել պաշտոնում։

«Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ Կլինի, թե չի լինի, Աստված գիտի։ Դեռ [արդարադատության նախարարությունից] կարող են բողոքարկել։ Եթե բողոքարկում եղավ, ևս 5 ամիս կգնա [գործը]։ Վճռաբեկ բողոքարկելու հնարավորություն կա։ Եվ ինձ թվում է, որ կբողոքարկեն», - ասաց Վիրաբյանը։

Այս տարվա հունվարի 15-ին առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարել էր պատմագիտության դոկտորի հայցը, սակայն նախարարությունը դիմել էր (15.02.2021) վերաքննիչ դատարան։ Վերջինն էլ իր հերթին մերժել էր (22.06.2021) արդարադատության գերատեսչության վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողել ավելի ցածր դատարանի վճիռը։ «Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Ուժի մեջ է մտնում մեկ ամսից [հուլիսի 22-ին], և այդ մեկ ամսվա ընթացքում արդարադատության նախարարությունը կարող է բողոքարկել վճռաբեկ դատարան, որը ես ենթադրում եմ։ Այնպես որ, ասեմ, որ սա ավելի շատ բարոյական խնդիր է, քան թե գործնական», - նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքների ունի, կվերականգնվի՞, պատասխանեց, որ չի կարող ասել, որ դեռ 5 ամսվա գործընթաց կա։ «Չեմ կարող ասել, անկեղծորեն։ Դա կապված է բազմաթիվ հարցերի հետ, իրադրության հետ», - հավելեց Ամատունի Վիրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե վերականգնվելու դեպքում պատրաստվու՞մ է աշխատել։

Իսկ արխիվում տիրող իրավիճակի վերաբերյալ ասաց․ «Փորձված աշխատողները դուրս են եկել և դուրս են գալիս։ Արխիվը բավականին կազմակերպված օրգանիզմ է և իր պարտականությունները հիմնականում կատարում է այժմ։ Դա տնօրենից չի կախված, դա մեխանիզմի նման աշխատում է»:

Հարցին՝ արխիվի աշխատանքների վրա ազդե՞լ է պատերազմը, որ Արցախի մեծ մասը կորսվել է, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց․ «Ազդեցություն չէր ունենա, բայց, ցավոք սրտի, Արցախում մենք կորցրեցինք Հադրութի արխիվը։ Ընկավ թշնամու ձեռքը։ Թե՞ այրվել է, թե՞ ոչնչացվել է, թե՞ անվնաս անցել է նրանց [ադրբեջանցիներին], չեմ կարող ասել»։

Վիրաբյանի խոսքերով՝ Հադրութի արխիվը շրջանային էր՝ նոր շենքով, լավ կահավորված, այնտեղ Հադրութին վերաբերող տվյալները թվագրվում էին 1930 թվականից սկսած։ Իսկ ինչ վերաբերում է Շուշի քաղաքին, պատմաբանն ասաց, որ այնտեղի տվյալները վերաբերում էին վերջին տարիների փաստաթղթերին, սակայն դրանք էլ հնարավոր չի եղել էվակուացնել։ Ըստ նրա՝ Քարվաճառի արխիվը հնարավոր է եղել փրկել։