Հանձնարարությունները ստանում են՝ տանը դասերն անում

Հանձնարարությունները ստանում են՝ տանը դասերն անում

Կրակոցներ չկան, առայժմ նորմալ է, մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Նա նշեց, որ իրավիճակն առանց փոփոխությունների է, ինչ վերաբերում է երեխաների՝ գյուղ վերադառնալուն, ասաց, որ ոչ բոլորն են վերադարձել: Դպրոց էլ հաճախում են հարևան գյուղում, քանի որ Վերին Շորժան դպրոց չունի, սակայն այնտեղ ևս կրթական պրոցեսը ոչ միշտ է, որ դպրոցում է ընթանում:

«Հիմնականում հարյուր տոկոսով չեն հաճախում, առաջադրանքները ստանում են, իրենց տներում են անում դասերը»,-ասաց Երանոսյանը:

Արդյոք սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո գյուղից հեռացողները շատ են, բնակավայրի ղեկավարն ասաց, որ նման խոսակցություններ գյուղում չկան, իսկ վերջին պատերազմից հետո գյուղից միայն մի ընտանիք է հեռացել, այն էլ շրջանում իրենց բարեկամներից մեկի տանն են ապրում՝ վերջնական չեն հեռացել: «Քանի ես այնտեղ եմ՝ հիմնական գնացողներ չեն լինի»,- ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի օպերատոր Ատոմ Ղարիբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ վնասված հոսանքի լարերն ու գծերը վերականգնվել են, գյուղը տևական ժամանակ է, ինչ նորմալ հոսանք ունի, ինչպես նաև վերանորոգել են պատերազմի ժամանակ վնասված շինությունները:

Ձմռանն էլ համայնքը անասունների համար խոտի և տները տաքացնելու համար վառելանյութի խնդրի առաջ է կանգնել՝ արոտավայրերն ու անտառները թշնամու վերահսկողության տակ են մնացել: Սակայն, Ղարիբյանը նշում է, որ գյուղի բնակիչները մենակ չեն մնացել իրենց խնդիրների հետ, մարզպետարանն աջակցել է որոշ չափով խոտով, իսկ մի շարք կազմակերպություններ էլ՝ վառելիք են տրամադրել գյուղի բնակիչներին: «Ամեն ինչով օգնել են, ինչքանով կարողացել են»,-ասաց Ղարիբյանը:

Մեր հարցին, թե արդյոք գյուղացիների հիմնական մասը վերադարձե՞լ է գյուղ, ասաց, որ հիմնական մասն արդեն գյուղում է: «Կարելի է ասել գյուղից մի հոգի է, որ հիմնական հեռացել է, միայնակ ապրող մի կին էր, դեռ ինքն է հիմնական հեռացող՝ ուրիշ չկա»,-ասաց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ գյուղի դպրոցը կանոնավոր գործում է: Թշնամու կողմից առաջխաղացում, մտահոգող շարժեր կամ կրակոցներ՝ չեն նկատվել, շեշտեց վերջինս: