Դատարանը հօգուտ Միհրան Պողոսյանի որոշում է կայացրել

Դատարանը հօգուտ Միհրան Պողոսյանի որոշում է կայացրել

Պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։

Հիշեցնենք` ԴԱՀԿ նախկին պետ, «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանը Վարչական դատարանում բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, համաձայն որի՝ չէր կարողանա մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի նիստում Միհրան Պողոսյանի գրանցումը ճանաչել էր անվավեր։ Պատճառը՝ Պողոսյանի վերջին չորս տարիներին երկրում մշտապես չբնակվելն էր։

Մեզ հետ զրույցում Պողոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանն ասաց, որ  ամբողջությամբ չեն ստացել դատարանի որոշումը, բայց իրենք մի քանի հիմք էին ներկայացրել. «Ասեմ, որ Միհրան Պողոսյանը նորից համարվում է գրանցված թեկնածու»։

Նա նշեց, որ իրենք դատարանին էին ներկայացրել փաստեր, որոնցով Միհրան Պողոսյանի բացակայությունը երկրից  հարգելի է համարվում. դրանք վերաբերում են նրա` արտերկրում կրթություն ստանալուն։

Նշենք, որ սա վերջնական դատական ակտ է, բողոքարկման ենթակա չէ։