Իրենք էլ որոշել են կորոնավիրուսին «սատկացնել» հավելվածների ու ծրագրերի միջոցով

Իրենք էլ որոշել են կորոնավիրուսին «սատկացնել» հավելվածների ու ծրագրերի միջոցով

ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով, դրամաշնորհների մրցույթ է հայտարարել։ 

Նախարար Հակոբ Արշակյանի ղեկավարած գերատեսչությունը, փաստորեն, որոշել է կորոնավիրուսի դեմ պայքարել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Եթե հաշվի առնենք, որ վարչապետն էլ որոշել էր կորոնավիրուսին «սատկացնել» եղինջով ու տնական օղիով, ապա Արշակյանի այս նախաձեռնությունը, հիրավի, ավելի օգտակար գաղափար կարող է լինել այս հարցում։

Եվ դրա համար նախարարությունն իր բյուջեից 22 մլն դրամ է նախատեսել, որը կբաշխվի հինգ մասնակցի միջև՝ համապատասխանաբար 10 մլն, 5 մլն, 3 մլն, 2-ական մլն ՀՀ դրամ գումարի չափով։ Հաղթող կճանաչվեն նրանք, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի նորարարական և արդյունավետ լուծումներ կառաջարկեն։ Հայտերը հնարավոր էր ներկայացնել առցանց, մինչև ս․թ․ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00, հետևյալ հղումով՝ shorturl.at/dyRY9:

Նախարարության մամուլի խոսնակ Սիրանույշ Գյուրջինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ունեն նախագիծ, որն այս կամ այն կերպ կարող է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին, կարող են դիմել և մասնակցել մրցույթին։ «Այսինքն՝ ցանկացած տեխնոլոգիական լուծում, որը որ այս կամ այն կերպ կարող է նպաստել կամ աջակցել մարտահրավերների հաղթահարմանը՝ դա կարող է լինել հավելված, ծրագրային լուծում, կարող է լինել Soft, Hard, որևէ սահմանափակում չկա»,-ասաց նա:

Հարցին՝ սա կարո՞ղ է կապ ունենալ ԱԺ-ի կողմից ընդունված հեռախոսներով քաղաքացիների շարժի վերահսկման կամ տեղորոշման նախագծի հետ, խոսնակը տվեց բացասական պատասխան։ Հարցին՝ ո՞ւմ գաղափարն է եղել նման մրցույթ հայտարարելը, Գյուրջինյանն ասաց՝ իրենց, և հիշեցրեց, որ իրենք «Գաղափարից մինչև բիզնես» խորագրով ծրագիր ունեն, որը հունվարին էլ է իրականացվել, և սա դրա շրջանակներում է։

«Քանի որ մեզ շատ էին դիմում ու մինչ այսօր էլ շատ են դիմում, ՏՏ ոլորտն ակտիվ է այս առումով շատ, ու մեզ դիմում էին, որ այս կամ այն կերպ կարող են աջակցել, ինչ-որ ծրագրային լուծում տալ, ու որպեսզի այդ ամենը կարողանայինք և հօգուտ հանրությանը, և՛ հօգուտ ՏՏ ոլորտի զարգացման իրականացնել, մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը»,-ասաց նա։

Նկատեցինք, որ ամբողջ աշխարհը միլիոնավոր-միլիարդավոր դոլարներ է ծախսում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, իսկ մենք 22 մլն դրամ ենք հատկացնում ինչ-որ ծրագրերի ստեղծմանը, որքանո՞վ կարող է դա արդյունավետ լինել, խոսնակը հիշեցրեց, որ այդ 22 միլիոնը մի քանի հոգու միջև է բաշխվելու, ապա հավելեց․ «Ինքը ծրագրային լուծում կարող է ունենալ, որն իրականում շատ մեծ ծախսեր չենթադրի։ Եթե ուշադիր նայել եք հայտի լրացման ձևը, այնտեղ կա, թե ինչ ծախսեր է ենթադրում, գուցե կան արդեն ձևավորված գաղափարներ կամ արտադրություն, որն ընդլայնման կարիք ունի, կամ ձևավորված Soft, որն իմպլեմենտացիայի կարիք ունի։ Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ փուլում է իրենց նախագիծը գտնվում, կարող են դիմել։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ մեծ գումարներ լինեին, բայց մենք մեր դոնորների հետ էլ ենք աշխատում, և հնարավոր է՝ մեր միջազգային գործընկերներից էլի ռեսուրսներ ներգրավվեն այս նախագծի շուրջ»։