Մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի․ վարչապետ

Մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում արձանագրեց, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ:

Ապա հավելեց․ «Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք, ըստ էության, գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի։ Եվ այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային կանոններ անվտանգության, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն,  և փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել, որպեսզի ուղերձը մեր քաղաքացիներին հնարավորինս պարզ լինի և կիրառելի։ Ըստ այդմ՝ մենք մասնագետների հետ երկարատև քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները նվազեցնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն։ Առաջինը՝ կրել դիմակ, երկրորդը՝ պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, և երրորդը՝ պահպանել սոցիալական հեռավորություն»։

Ըստ վարչապետի՝ դեռևս մեկ ամիս առաջ իրենք հրապարակել են իրենց ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ նշելով, որ մեր խնդիրն է ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ։ «Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռ չենք սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ։ Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ևս կորոնավիրուսը ներկա է լինելու»,-ասաց վարչապետը։