«Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»…

«Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»…

«Հրապարակն» օրերս անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի փոփոխության և Փաշինյանի՝ ՀՀ նախագահ դառնալու հարցերին : Ասեմ, որ այդ հարցերից առաջինը՝ նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգը վերականգնելը, ամենաբարդ հարցն է, որին այսօր բախվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը: Ամենաբարդը զուտ իր անձնական ճակատագրի առումով:

Վերջինս ցանկանում և միաժամանակ չի ցանկանում ՀՀ վարչապետից վերածվել ՀՀ նախագահի: Ցանկանում է, որպեսզի ԵԱՏՄ-ում ինքը մասնակցի միայն նախագահների հանդիպումներին: Այնքան էլ «հաճելի» չէ, որ նախագահների հետ հանդիպելուց հետո մասնակցում է նրանց ենթակա վարչապետների հետ հանդիպումներին: Դա՝ մեկ, և երկրորդ. վարչապետների հանդիպմանը, ենթադրաբար, ինքն իրեն հարմար չի զգում, քանի որ վերջիններս մասնագետներ են, ունեն ոլորտում աշխատելու փորձառություն, իսկ ինքն ընդամենը՝ թերուս բանասեր: Իր ոլորտային փորձառությունն էլ տապալված «տնտեսական հեղափոխությունն» էր: Դրան գումարած այն հանգամանքը, որ վարչապետի գործն ավելի բարդ է և աշխատատար. երկրի ներսում նա ստիպված զբաղվում է զուտ մասնագիտական բազմաթիվ խնդիրներով, ինչը կարող է չանել նախագահը: Ավելացնեմ նաև, որ նախագահ դառնալուց հետո իրեն կդիմեն «մեծարգո պարոն նախագահ» դիմելաձևով, ինչն ավելի պրեստիժային է, քան «մեծարգո պարոն վարչապետ» դիմելաձևը:

Անցնենք չցանկանալուն. չի ցանկանում, քանի որ, նախ, Ֆրանսիայից բացի մնացած բոլոր եվրոպական երկրները կառավարվում են վարչապետների կողմից: Եվ, չգիտես ինչու, Եվրոպայում խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական է ընկալվում, քան նախագահականը: Չնայած ամենաժողովրդավարական երկրներից նույն ֆրանսիան և ԱՄՆ-ը նախագահական են: Ենթադրում եմ, որ դա համաեվրոպական (բացառությամբ Անգլիան) բարդույթ է, որի պատճառը հենց անգլիական պառլամենտարիզմն է: Բայց կա նաև ավելի կարևոր խնդիր. դա նորից ընտրության բովով անցնելու խնդիրն է, ինչը բավական ռիսկային գործոն է: Բացի դրանից, նախագահական կառավարման դեպքում ինքը երկու ժամկետից ավելի չի կարող անընդհատ պաշտոնավարել: Լուրջ մի խնդիր, ինչը չի սպառնում խորհրդարանական կառավարման դեպքում: Կարող է, իհարկե, փորձել կրկնելու Մեդվեդևի մասնակցությամբ պուտինյան տարբերակը: Սակայն այն, նախ, լավ չի նայվի Արևմուտքում, և երկրորդ՝ այն կրկին ռիսկային է, քանի որ ինքը չունի այն հեղինակությունը, որն ուներ և ունի Վլ. Պուտինը: Ճիշտ է, պետք է որ ունենա իր բոլոր ենթականների վերաբերյալ «կոմպրոմատներ», սակայն դա չի կարող դիտարկվել որպես 100 տոկոսանոց ապահովագրություն: Իսկ երկու ժամկետից ավելի պաշտոնավարելը հաստատ չի ողջունվի Արևմուտքի կողմից՝ որքան էլ ինքն անհրաժեշտ է երկրագնդիր այդ կողմի երկրների ղեկավարությանը:

Իսկ ի՞նչ կտա շարքային հայաստանցուն վարչապետ Փաշինյան Նիկոլի փոխակերպումը նախագահ Փաշինյան Նիկոլի: Գործնականում ոչինչ՝ եթե, իհարկե, հաշվի չառնվի բողոքի ակցիաների հանգամանքը: Փաշինյան Նիկոլը Հանրապետության հրապարակից կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ այդ շենքի դեմը բողոքելու հնարավորություններն ավելի նվազ են: Այդ հասցեն նաև կտրված է միջազգային կառույցների և արտերկրյա դեսպանատների գրասենյակներից, ինչը գոնե նախկինների իշխանության օրոք, շահավետ ձևով օգտագործվում էր բողոքավորների կողմից: Եվ ամենակարևորը՝ փոփոխություն չի լինի երկրի ղեկավարի անձին վիրավորանք կամ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերով հարուցվող քրեական գործերի կապակցությամբ: Եթե հաշվի չառնենք զուտ հոգեբանական այն պահը, որ վիրավորանք է հասցվելու ոչ թե երկրի վարչապետին, այլ հենց բոլոր առումներով առաջին դեմքին: Ինչևէ, նման քրգործերի հարուցման հակաժողովրդավարական պրակտիկան կշարունակվի, և Արևմուտքն էլ աչք կփակի դրա վրա: Քանի որ իրեն մեր երկրի ղեկավարի դերում Փաշինյան Նիկոլն ավելի է պետք՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնի անվանումից: Ինչ մնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ սկզբունքներին, ապա դրանք կարելի է և հաշվի չառնել: Ճիշտ այնպես, ինչպես հաշվի չեն առնվել 2020 թվականի պատերազմի ընթացքում, ինչպես չեն առնվել նաև Փաշինյան Նիկոլի վարչապետության ընթացքում: