«Ո՛չ Նիկոլը, ո՛չ նախկիններն» ասողը ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին

«Ո՛չ Նիկոլը, ո՛չ նախկիններն» ասողը ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին

Ֆեյսբուքյան հարթակում բազմիցս եմ գրել, որ միաժամանակ Նիկոլին և նախկիններին մերժելու բարոյական իրավունք ունեմ միայն ես ու ինձ նմանները: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փողոցներում պայքարել են ընդդեմ գործող իշխանությունների: Պայքարել են հանուն օրինականության, արդարության (արդարադատության) և իրավահավասարության հաստատման: Բայց ես էն գլխից չընդունեցի հեղափոխական կոչված իշխանության կողմից հասարակության բաժանումները սև ու սպիտակի, քանի որ հասարակության պառակտումը երբեք դրական արդյունք չի ունենում: Եվ մեծ խելք պետք չէր ունենալ դրա համար, այլ ընդամենը պետք էր մի փոքր ծանոթանալ սեփական և այլ ժողովուրդների պատմությանը: Եվ այսօր էլ կրկին շատ մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ «ո՛չ Նիկոլը, ո՛չ նախկիններն» ասելով՝ ես ընդամենը ջուր էի լցնելու հենց Նիկոլի ջրաղացին: Իսկ Նիկոլին աջակցելը նշանակում է աջակցություն մեր հայրենիքը կործանման տանելու՝ նիկոլական վարչապետության վերարտադրմանը ս. թ. հունիսի 20-ի խորհրդանական արտահերթ ընտրություններին:

Ասվածը չի նշանակում, թե ես անվերապահորեն ընդունում եմ նախկինների վերադարձի անհրաժեշտությունը: Ասվածը նշանակում է, որ ես դա համարում եմ անհրաժեշտ առաջին քայլը, որին պետք է հետևեն մնացած գործողությունները: Իսկ ինչ է ենթադրվում մնացած գործողություններ ասելով՝ բացատրեմ մեկ օրինակով: Նախորդ օրը համախոհների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր իշխանության տարիներին կրթության բարեփոխման հարցին և ընդունել, որ իրենից անկախ (իր բազմազբաղ լինելը թույլ չի տվել անձամբ ուշադրություն դարձնել բոլոր ոլորտներին) տեղի է ունեցել սխալ, և արդյունքում դպրոցների մակարդակը ցածր է եղել, այլապես «2018 թ.-ին այսքան մարդ այսպիսի մարդուն (Նիկոլին՝ Վ.Ս.) ձայն չէր տա»: 

Համաձայն լինելով հանրակրթության և ընդհանրապես կրթության մակարդակի անկման վերաբերյալ գաղափարին՝ պետք է ասեմ, որ դա չէր 2018-ի ապրիլյան իրադարձությունների և նույն թվականի դեկտեմբերին խորհրդանական արտահերթ ընտրություններին Նիկոլի հավաքած ձայների մեծ քանակի պատճառը:

Իրականում 2018 թվականին տեղի ունեցածը ոչ թե բնակչության գրագիտության առումով խնդիրների պատճառով էր, այլ շատ ավելի խորքային պատճառներով, որոնց դրսևորումներից էր ջավախցի գյուղապետ, ազատամարտիկ, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունը «Պապլավոկի» զուգարանում: Եվ ոչ միայն սպանությունը, այլև դրան հետևած իրադարձությունները՝ դատարանի վերջնական վճռով հանդերձ: Այս մեկ օրինակը ցույց է տալիս, դժբախտաբար, որ նիկոլիզմի վերացման համար պայքարն անհրաժեշտ, սակայն բավարար չէ, որպեսզի մեր երկրում հաստատվեն այնպիսի փոխհարաբերություններ, որոնք կօժանդակեն մեր երկրի վերականգնմանը: Բավարար կլինի այն ժամանակ, երբ Քոչարյանն ընդունի վերը նշված սպանության մեղքն ու ներղություն խնդրի Պողոսյանի հարազատներից: Դա ցույց կտա, որ ինքը հաղթահարել է իր «անսխալականության» սինդրոմը, և շատ ավելի ադեկվատ կլինի բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու հարցում: Ենթադրում եմ, որ համախոհների հետ հանդիպմանը դժվար թե հնչեր Պողոսյանի վերաբերյալ հարց, սակայն նման հարցերը հռետորական տոնայնությամբ տալու է Նիկոլն ընտրությունների քարոզարշավին՝ շահելով ոչ միայն զոմբիացված կենսազանգվածի, այլև բազմաթիվ այլ քաղաքացիների համակրանքը:

Ի դեպ, մեղքի ընդունումը պետք է լինի հստակ առարկայական՝ ոչ այնպիսի, ինչպիսին կատարվել էր 2007-ի աշնանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ով ներողություն էր խնդրել ժողովրդի բազմությունից Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Ղարաբաղից Հայաստան բերելու համար: Իրականում ո՛չ առաջինին և ո՛չ էլ երկրորդին բերողն ինքը չէր, այլ Վազգեն Սարգսյանը: Իսկ ժողովուրդն իրենից սպասում էր ներողություն 1996-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Իհարկե, այդ սուտը չխանգարեց ընդդեմ գործող իշխանության համաժողովրդական ընդվզման ծավալմանը, սակայն այն դաս եղավ նորօրյա պոպուլիստի համար իր ողջ գործունեությունը ստի վրա կառուցելու իմաստով: Իսկ որպեսզի այսօր վերացնենք նիկոլիզմը՝ մենք պետք է կտրենք այն արմատները, որոնցով սնվում է այդ ազգակործան «գաղափարախոսությունը», և դրանցից մեկը հենց սուտն է:

Անկախության ձեռքբերման տարիներից հայաստանցիները երկու անգամ մերժել, իսկ այնուհետև պահանջել են նախկին իշխանավորների վերադարձը: Առաջինը Կարեն Սերոբի Դեմիրճյանն էր՝ խորհրդային վերջին ղեկավարներից մեկը (վերջինը, եթե չհաշվենք կարճ ժամանակով Խորհրդային Հայաստանը ղեկավարած  ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Սուրեն Հարությունանին և Վլադիմիր Մովսիսյանին): Երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ ՀՀ առաջին նախագահը: Երրորդ մերժվածն ու պահանջվածը կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երեքից ամենածանրը, բնականաբար, հենց երրորդի դեպքն է՝ նա պետք է ժողովրդի քվեով վերադառնա և նույն ժողովրդի հավաքական ուժի օգնությամբ երկիրը հանի այն խոր անդունդից, որի մեջ է հայտնվել նիկոլիզմի պատճառով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, երրորդով պետք է կտրվի մերժման և վերադարձի շղթան, ինչը մեզ հասցրեց այս օրվան:

Ընթերցողի թույլտվությամբ կրկնեմ հոդվածի սկիզբը՝ միաժամանակ Նիկոլին և նախկիններին մերժելու բարոյական իրավունք ունեն ինձ նման մարդիկ: Նրանք, ովքեր տարիներ շարունակ փողոցներում պայքարել են ընդդեմ գործող իշխանությունների: Պայքարել են հանուն օրինականության, արդարության (արդարադատության) և իրավահավասարության հաստատման: Իսկ այսօր էլ պայքարում են ընդդեմ նիկոլիզմի՝ հանուն երկիրը ճգնաժամից դուրս բերելու նպատակի: Եվ եթե որևէ մեկը ցանկանում է միանալ այդ նպատակին՝ նա չի կարող կանգնել կողքի ու չեզոք դիտորդի կարգավիճակով նայել իրադարձությունների զարգացմանը: Վաղը՝ երբ ադրբեջանաթուրքական հրոսակները Հայաստանից կտրեն Սյունիքը, հայտնվեն Սևանի ափերին ու նաև Երևանում, ինքը փոշմանած կլինի, սակայն արդեն ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար: Եվ որպեսզի դա տեղի չունենա՝ բոլոր քիչ թե շատ գիտակից քաղաքացիները հունիսի 20-ին ընտրատեղամասերում պետք է մերժեն Նիկոլի կուսակցությունը՝ ՔՊԿ-ն: Եթե, իհարկե, մինչ այդ չմերժվի ինքը՝ Նիկոլը, և իշխանությունն անցնի նրանց, ովքեր հանձն կառնեն երկիրը փրկել կործանումից: