Իսկ այս սցենարը մեր սուպերարհեստավարժ իշխանությունները հաշվարկե՞լ են

Իսկ այս սցենարը մեր սուպերարհեստավարժ իշխանությունները հաշվարկե՞լ են

ՀԱՊԿ-ի վեհաժողովի մասին նյութերի պակաս կարծես թե չկա և տարատեսակ արևմտամետ /ռուսամետ միջոցառումների տեղեկատվական ստվերում չեն լսվում իրականում շատ կարևոր իրադարձություններ, որոնք ոչ պակաս նշանակություն ունեն մեզ համար, քան ՀԱՊԿ- ի վեհաժողովը։ Խոսքը մի տեղեկության մասին է, որը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում, ինչն իր հերթին անպայման կանդրադառնա Հայաստանի և Արցախի շուրջ գեներացվող վտանգների վրա։ 

Խոսքը Իրանի պաշտոնական հայտարարության մասին է՝ առ այն, որ Իրանը վերսկսել է միջուկային ծրագրի շրջանակներում մինչև 60% ուրանի հարստացման գործընթացը։ Ուրանի հարստացման այս ցուցանիշը համապատասխանում է միջուկային զենք արտադրելու համար բավարար ցուցանիշներին։ Այսինքն, Իսրայելի և հավաքական Արևմուտքի համար սա այն «կարմիր գիծն» է, որից հետո հնարավոր են կոշտ ճնշման փորձեր՝ Իրանի ուղղությամբ։ Եվ եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան հակված են քաղաքական, տնտեսական և դիվանագիտական գործիքների օգնությամբ ներազդելու իրանցիների վրա, ապա Իսրայելը լրջորեն նախապատրաստվում է օգտագործել ռազմական ճնշման ձևաչափը և փորձելու է «կռվով» լուծել իրանական միջուկային ծրագրի «հարցերը»։ Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը հնարավոր է Իրանի տարածքի ուղղությամբ ուղղակի հարվածներ հասցնի։ Այդ դեպքում միանշանակ Իրանը կպատասխանի և կհարվածի Իսրայելի քաղաքներին, ինչն իր հերթին կբերի իրանա-իսրայելական ռազմական լայնածավալ առճակատման։ Հասկանալի է նաև, որ եթե իրադարձությունները զարգանան վերը նշված տրամաբանությամբ, ապա դա կլինի լրացուցիչ խթան որպեսզի թուրք֊ադրբեջանական տանդեմն էլ հարվածի Հայաստանի ուղղությամբ (Սյունիք)։ Ասեմ ավելին, Իսրայելը անպայման կաշխատի իրագործել Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի սցենարը, ներքաշելով Իրանին մի քանի ճակատով դիմակայելու գործընթացի մեջ։ 

Հաշվի առնելով Իսրայելի նյարդային արձագանքները իրանական միջուկային ծրագրի հետ կապված, իրավիճակը կարող է զարգանալ ամենածայրահեղ սցենարով։ Եթե, իհարկե, շատ շուտ չգտնվեց խնդրի դիվանագիտական լուծումների տարբերակ։ Հետաքրքիր է՝ արդյոք հաշվարկե՞լ են այս սցենարը Հայաստանի «սուպերարհեստավարժ» իշխանությունները, թե՞ կրկին ականատես կլինենք նրանց զարմացած հայացքներին՝ երբ «բանը բանից» կանցնի։