Խոսուն լուսանկարներ

Խոսուն լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա` Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով, բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք է տվել: Մի քանի օր շարունակ համացանցում դա էր քննարկվում: Բայց քննադատության համար եղած նյութը շատ սուղ էր` բովանդակային ինֆորմացիա չտրվեց մեզ, թե ինչ է ասել այդ կարճատեւ հանդիպումների ժամանակ Փաշինյանը, ինչ են քննարկել, ինչպես են ընդունել իրեն, ինչ տպավորություններով է հետ եկել: Ընդամենը կարճ` ոչինչ չասող հաղորդագրություններ տարածվեցին եւ մարդիկ ստիպված էին բավարարվել այն լուսանկարներով, որոնք հայտնվեցին տարբեր կայքերում, մասնավորապես` դրսի լրատվամիջոցներում:

Ահա մի լուսանկարում Նիկոլ Փաշինյանը որբի նման մոլորված կողքերն է նայում, մյուսում` երկրորդ շարքում նստած, ներքեւ է նայում, հավանաբար հեռախոսով հետեւում է, թե ֆեյսբուքի հայկական տարածքում ինչ են գրում իր մասին, կամ` թիմակիցների նամակներն է կարդում: 

Մեկ այլ նկարում նա Մեվլութ Չավուշօղլուի ուղեկցությամբ քայլում է մի սրահով, որտեղ տարբեր ժամանակաշրջանների թուրքական զինյալների շարք է կանգնած` իրենց տարազներով, որպես թուրքական վայրագության կամ փառահեղ զավթողական անցյալի առհավատչյա:

Մեկ ուրիշ լուսանկարում նա ինչ որ բան է պատմում եւ իր դիմաց կանգնած Ալիեւների գրկախառնված զույգը հմայված լսում է, իսկ Իլհամ Ալիեւն ուղղակի քրքջում է: 

Հաջորդ լուսանկարում նա հերթի մեջ սպասում է, որ Ալիեւից հետո մոտենա Էրդողանին ու շնորհավորի: Մի փոքր եղբայր էլ ինքն է` Ալիեւի նման:

Տխուր լուսանկարներ, որ մեր խեղճության, պարտության, մեր վախերի մասին են խոսում: Իսկ ի՞նչն էր խանգարում, որ ՀՀ վարչապետն առհասարակ չգնար այդ երդմնակալությանը` ուղարկեր, ասենք, Ռուբեն Ռուբինյանին, կամ Արարատ Միրզոյանին` եթե շատ էր ուզում հաճոյանալ մեր բարբարոս հարեւաններին: 

Քանի տարի պետք է անցնի, որ այս մարդը հասկանա` թուրքերն իր խեղճ, մի քանի տակ ծալված պահվածքով ու խոնարհությամբ չեն առաջնորդվելու, նրանք անելու են այն, ինչ ուզում են, ինչը բխում է իրենց շահերից:
Ձեր պատիվը գետնով տալու գնով ուզում եք խաղաղությո՞ւն ունենալ` կստանաք եւ պատերազմ, եւ անպատվություն: