Հապճեպ ընդունված այս օրենքը մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ քննադատել մեկ մարդու․ Վարդանյան

Հապճեպ ընդունված այս օրենքը մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ քննադատել մեկ մարդու․ Վարդանյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, որով սահմանվում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությանն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: 

Նախագծի հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանը նշեց, որ այս հոդվածով էապես վտանգվում է ժողովրդավարությունը Հայաստանում և ԱԺ-ի կողմից մերժումը կմեծացնի այդ ռիսկը և հավելեց, որ միջազգային կառույցներն արդեն իսկ դեմ են արտահայտվել նման կարգավորմանը։ 

Վարդանյանի խոսքով՝ այս հոդվածը, որը վերջին պահին հապճեպ կերպով ընդունվել է նախորդ գումարման ԱԺ-ի կողմից, ունի մեկ նպատակ՝ կալանավորման, գործեր հարուցելու սպառնալիքով թույլ չտալ, որ հանրության ներկայացուցիչները, ԶԼՄ-ները քննադատեն մեկ մարդու (նկատի ունի, ըստ երույթին, Նիկոլ Փաշինյանին)։

«Իսկ օրենքը չի կարող ընդունված լինել մեկ մարդու համար, ես հույս ունեմ, որ մեր արդարադատության նախարարությունը նաև կներկայացնի այս մի քանի ամիսների ընթացքում նման գործերի բնույթը, թե ում դեմ են հարուցված և ում վիրավորանքի համար են հարուցված, այնպես որ, ես առաջարկում եմ լինել խոհեմ և Հայաստանի Հանրապետությունը հետ չգլորել այս օրենքով»,-ասաց Աղվան Վարդանյանը։