Լռեցնել խոսող խրտվիլակին

Լռեցնել խոսող խրտվիլակին

Ես արդեն սկսել եմ Փաշինյանից, իսկ ավելի ստույգ՝ ղեկավարի (որ երկրում էլ լինի) խրտվիլակ տեսակից վախենալ: Դա ամենավատ բանն է, որ կարող է պատուհասել տվյալ երկրին: Խրտվիլակ տեսակի ղեկավարի պարտադրումը որեւէ ժողովրդի տեղի է ունենում շատ անբռնազբոսիկ ձեւով: Ծրագրի շահառուն (շահառուները) խրտվիլակը հանում են փողոց, ման են տալիս գյուղերով ու քաղաքներով, պարապությունից ձանձրացող զանգվածի ականջներին լավ-լավ բաներ խոսեցնում: Զանգվածն էլ ընկնում է սարեր խոստացող խրտվիլակի հետեւից ու… Բայց զանգվածը հո չգիտի՞, որ առաջից գնացողը խրտվիլակ է: Դա հետո է պարզվում, երբ արդեն ուշ է լինում: Ամբոխը մեծ ուշացումով է հասկանում, որ «առաջնորդի» տված խոստումներն ընդամենը ձայնագրություններ են եղել, որոնք հնչել են նրա մեջ տեղադրված մագնիտոֆոնից: Փաշինյանի պարագայում այդ մագնիտոֆոնը, ամենայն հավանականությամբ, խնամքով թաքցված էր ուսապարկում, եւ մենք չէինք կարող այն տեսնել: 

Երբ «խոսող» խամաճիկը դարձավ վարչապետ, ուսապարկը նրա վրայից ապամոնտաժելու եւ սարքի մեջ նոր ձայներիզ տեղադրելու անհրաժեշտություն առաջացավ: Այդ խնդիրն էլ շատ արագ լուծեցին: Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ խոսասարքը հիմա տեղադրված է նրա հետեւի կողմում: Ուշադրություն դարձրեք, թե Փաշինյանը որքան հաճախ է ձեռքը տանում քամակին: Իրականում ոչ թե քորվում է, այլ պարզապես սեղմում է սարքի համապատասխան կոճակը եւ սկսում է խոսել՝ ասելով այն, ինչ տվյալ պահին պետք է: Չի բացառվում, որ սարքը բազմաթիվ կոճակներից բացի ունի նաեւ մի ունիվերսալ կոճակ, որն ավտոմատ կերպով ընտրում ու հնչեցնում է այն մանիպուլյացիան, որ տվյալ պահին պետք է: Ահա, այսպիսի բարդ սարք:

Որ Հայաստանն այս պահին ղեկավարի փոխարեն մի պարտադրված խրտվիլակ ունի, տեղյակ են շատերը եւ հատկապես այս ծրագրի շահառու երկրները. Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն: Կարծես սկսել են գլխի ընկնել նաեւ Ռուսաստանն ու Իրանը: Իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի վրա տեղադրված սարքը չինական է, եւ չինացիները, որ շատ լինելուց բացի նաեւ շատ խելացի են, Փաշինյանից եկող իմպուլսներից հստակ գիտեն, թե իրենց արտադրած սարքը որ երկրում եւ երբ է տեղադրվել, դիցուք՝ Հայաստանին պարտադրվելիք խրտվիլակի վրա:

Փաշինյանի կյանքում մի այսպիսի դեպք է եղել: Լավ չեմ հիշում, թե որ երկրում է պատահել այդ դեպքը, բայց երբ նա, տակավին ընդդիմադիր, մտել է հյուրանոց, պարզվել է, որ ՀՀ իշխանությունները նրա անունով համար չեն պատվիրել: Մի ղժղժոց, մի բան, ինչքան համաշխարհային լրատվամիջոց կար, հավաքել է գլխին ու այպանել ՀՀ գործող իշխանություններին, այն է՝ Սերժին: Հիշո՞ւմ եք դուք այսպիսի դեպք: Դա, պատահաբար, ԱՄՆ-ում չէ՞ր, որտեղ չինական արտադրության բարձրորակ էլեկտրոնիկայի պակաս չկա:

Ասացի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գիտեն այդ սարքի մասին: Այդ երկրների ղեկավարները, որոնց, ի դեպ, նույնպես պետք է ստուգել, գիտեն, որ իրականում սարքի հետ են բանակցում եւ ոչ թե ՀՀ իսկական վարչապետի: Հետեւաբար, այդ բանակցությունների արդյունքները միշտ ենթակա են փոփոխության՝ կապված այն բանի հետ, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կձեւավորվի բանակցությունների սեղանի մոտ Հայաստանին խոսեցնող գերտերության՝ ԱՄՆ-ի համար: Ի վերջո՝ քնած չէ նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունեցող մյուս գերտերությունը՝ Ռուսաստանը, եւ ինչ իմանաս, թե Մոսկվան ինչպես կարձագանքի Հայաստանը ներկայացնող սարքի ամերիկյան բարբաջանքներին: Եվ դա է պատճառը, որ թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են արագի մեջ «Փաշինյանից» ստանալ այն, ինչ կարող են՝ միջանցք, տարածքներ, գյուղեր… Իրանն էլ, ահա, ահա, գլխի կընկնի, թե ինչ է կատարվում, եւ հանճարեղ մտածված «Նիկոլ» ծրագիրը կարող է տապալվել:

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ հայերս, երբ արդեն հասկացել ենք, որ մեզ պարտադրված ղեկավարն ընդամենը մի խոսող խրտվիլակ է, որ խոսելիս ամենեւին էլ մեր շահերը չի ներկայացնում: Մենք փողոցում ենք եւ պահանջում ենք, որ խամաճիկը հեռանա, ճի՞շտ է: Բայց որտե՞ղ է տեսնված ու լսված, որ խրտվիլակն ինքն իրեն հեռանա: Նման բան չի կարող լինել: Եվ, ուրեմն, պետք է նրան ընդամենը լռեցնել: Գիտեմ, կասեք՝ նրան պաշտպանում են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազը, բանակը… Այո, պաշտպանում են, բայց դա անում են երջանիկ անգիտությունից: Մեր ուժային կառույցները ոչնչով չեն տարբերվում ՀՀ նախագահից: Գիտեք, չէ՞, ինչ է տեղի ունեցել երեկ: Նախագահ կոչված Վահագն Խաչատուրյանը, ուրեմն, առավոտյան թերթերից իմացել է, որ նախագահական նստավայրը շրջափակված է, ու էլի պառկել է քնելու: Ու էդ դինջ երեւույթից ի՞նչ ենք ուզում մենք՝ որ մեր պահանջով խրտվիլակ հեռացնի՞:

Կարճ ասած՝ մենք ոչ թե խրտվիլակից, այլ նրա պոչից պետք է բռնենք, այն լարից, որից միացված է սարքը: Եվ այդ լարից բռնած՝ պետք է դուրս գանք այն շենքի վրա, որտեղից հոսանք է մատակարարվում: Այդ լարը պետք է անջատել եւ թույլ չտալ, որ «Փաշինյանի» մարտկոցները լիցքավորվեն: Մեզ, իհարկե, թույլ չեն տա մոտենալ այդ շենքին, բայց մոտենալը նույնիսկ պարտադիր պայման չէ: Մեզ ընդամենը ազգությամբ հայ մի էլեկտրիկ է պետք, որ մի հարվածով կտրի այդ լարն ու վերջ տա այս խեղկատակությանը: Իսկ թե դրանից հետո ով կիսահագնվել դուրս կթռչի այդ շենքից, ինչ աղմուկ կբարձրացնի, արդեն էական չէ: Արդյունքում մենք կունենանք քաղաքագիտության վերջին ճիչով կահավորված մի խրտվիլակ (пугало, scarecrow), որն այլեւս երբեք չի խոսի հայրենիք ծախելու առավելությունների մասին: