Թող Խզմալյանը դատի տա իմ ու շատերի հիշողությունը

Թող Խզմալյանը դատի տա իմ ու շատերի հիշողությունը

Մեր հրապարակումը՝ Հանրային հեռուստաընկերության արխիվների ոչնչացման մասին, «Երևան» ստուդիայի նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանը ցավագին է ընդունել: Նրան բարկացրել է պնդումը, թե Հանրայինի ունիկալ արխիվը՝ խորհրդային շրջանում նկարահանված հեռուստաֆիլմերն ու հաղորդումները, որոնք ցանկացած հեռուստաընկերության պարծանքն են ու հարստությունը, քանի որ հարուստ տեսաբազայով սեփական արտադրանքի թողարկման հնարավորություն են տալիս, իր օրոք ոչնչացվել են:

«Արխիվներն առնվազն երկու «սպանդ» են տեսել՝ ՀՀՇ-ի իշխանության առաջին տարիներին, երբ Ազգային հեռուստաընկերության ղեկավարը հանգուցյալ Սամվել Գեւորգյանն էր, եւ Տիգրան Խզմալյանի օրոք, երբ նա «Երեւան» ստուդիայի տնօրենն էր եւ փաստացի անտերության էր մատնել այն՝ վաճառելով արժեքավոր ժապավեններ»,- գրել էինք մենք: 

Ներողություն ենք խնդրում Խզմալյանից: Արխիվները նրա հեռանալուց հետո էլ սարսափելի վատ վիճակում էին ընդհուպ մինչև 2007 թվականը, երբ ժապավենների լվացում սկսվեց, և տեսանյութերը հին կրիչներից սկսեցին արտագրել թվային կրիչների վրա: Ոչ միայն իր, այլև մյուս տնօրենների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ռազմիկ Դավոյանի, Գագիկ Սիմոնյանի, Լևոն Գալստյանի ժամանակ: 

Խզմալյանն ասում է, որ իր դեմ Քոչարյանի օրոք ճնշումներ էին սկսվել, որ անընդհատ ստուգողներ էին ուղարկում, КРУ, ամեն ինչ անում էին, որ իրեն խանգարեն աշխատել: «Չորսամյա պայքարից հետո Քոչարյանի որոշմամբ... թրով կտրեցին մեր «գորդյան հանգուցը»՝ «Երեւան» ստուդիան պարզապես լուծարվեց, ինչպեսեւ «Հայֆիլմը», հայկական կինոն սպանվեց»: Սա իրականությանը չի համապատասխանում: Նախ, КРУ-ն և ստուգողներն այն ժամանակ ոչ միայն «Երևան» ստուդիա էին գալիս, այլև՝ Հ1: Խզմալյանից հետո էլ ստուդիան դեռ աշխատում էր: Այն շարունակում էր գործել Հանրային հեռուստաընկերության կազմում և նույնիսկ արտադրանք էր տալիս: Ես՝ ինքս, «հետխզմալյանական դարաշրջանում»՝ որպես սցենարիստ, այդ ստուդիայի պատվերով մասնակցել եմ «Գայլերի ժամանակը» վավերագրական ֆիլմի պատրաստմանը՝ Մուսա լեռան հերոսապատմանը նվիրված (ռեժիսոր՝ Արտակ Մարգարյան), ու ինքս եմ տեսել «Երևան»» ստուդիա կոչվող փլատակը, թե ինչ խոնավության, ինչ բորբոսի մեջ էին ժապավենները: Ես եմ հիշում «Երևան» ստուդիայի գորշ, 100 տարի ներկ չտեսած պատերը, ցուրտ, քանդված, խղճուկ պավիլյոնները: Թող Խզմալյանը դատի տա իմ ու շատերի հիշողությունը: Թերևս մի հարցում եմ մեղանչել՝ միայն Խզմալյանի մեղքը չէր այդ վիճակը, նա մեկն էր շատերից: 

Խզմալյանը վրդովված է մեր հետևյալ տեքստից. «Հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիան, որը Հանրայինի մի մասն է, գլխավորում էր Տիգրան Խզմալյանը։ Այդ ժամանակ նույնպես բազմաթիվ նյութեր կորան, վաճառվեցին, փչացան խոնավության պատճառով։ Տիգրան Խզմալյանին հարկավոր է հարցնել, թե որտեղ է «Երեւան» ստուդիայի նկարահանած «Արամ Խաչատրյան» ֆիլմը։ Մեր տեղեկություններով, նրա օրոք այն վաճառվել է ամերիկացիներին, իսկ գումարը նստել է ինչ-որ անձնական հաշվի վրա»։ 

Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում մեզ ուղղված պատասխան է գրել:

«Ես իսկապես պատիվ եմ ունեցել գլխավորելու հեռուստաֆիլմերի «Երեւան» կինոստուդիան 1997 թ. սեպտեմբերից մինչեւ 2005 թ. փետրվարը։ Մնացածը սուտ է եւ զրպարտանք։ Անցնեմ բոլոր կետերով։ Անգամ անմեղ հիշատակումը, որ «Երեւան» ստուդիան «Հանրայինի մի մասն էր», նույնպես ճիշտ չէ՝ մեր ստուդիան 1968 թվից ի վեր առանձին հիմնարկ էր եւ «Հանրայինի մաս» իրավական առումով երբեք չէր կազմում, առավել եւս, որ հեռուստատեսությունն այն տարիներին պետական էր, հետո՝ ազգային, այլ ոչ հանրային։ Այս մանրուքը նույնպես էական է, քանի որ մատնում է հեղինակի ցանկությունը՝ խառնել անցյալը ներկայի, իսկ թացը չորի հետ»: Այստեղ… ստոպ: Խառնելով թացը չորին՝ հիշեմ մի դրվագ: Այո, Տիգրան Խզմալյանը երբ նշանակվեց «Երևան» ստուդիայի տնօրեն, դե յուրե այն առանձին միավոր էր, բայց գոյատևում էր Հ1-ի միջոցների հաշվին: 1997-1998 թվականներին մոտ 50 մլն դրամ միայն հոսանքի պարտք ուներ Հ 1-ը, և երբ Խզմալյանից պահանջեցին, որ նա իր ստուդիայի համար առանձին հաշվիչ տեղադրի և վճարի գոնե ստուդիայի «վառած» հոսանքի համար, նա Հանրայինի դարպասների մոտ լրագրողների ցույց կազմակերպեց: Սա է՞լ է սուտ: Անցանք առաջ: 

Խզմալյանը գրում է. «Հիմա՝ առավել էականի մասին։ Իմ տնօրինության օրոք՝ մինչ այդ պատերազմի եւ «մութ ու ցուրտ տարիների» պատճառով անգործության ու պարապուրդի մատնված «Երեւան» կինոստուդիան վերակենդանացավ եւ արդեն ութ ամիս անց վերսկսեց վավերագրական եւ խաղարկային ֆիլմերի արտադրությունը, իսկ կինոլաբորատորիայի վերականգնումից հետո նաեւ սկսեց կրկին երեւակել կինոժապավենը։ Այդ ութուկես տարիների ընթացքում ոչ միայն ոչ մի ֆիլմ, ոչ մի իր, ոչ մի մեխ ստուդիայից չպակասեց, չկորավ ու չվաճառվեց, այլև սկսվեց տեխնիկական վերազինում, վերանորոգվեցին կինոսարքերը, սկսվեց թվային վիդեոսարքավորումների կիրառումը կինոարտադրությունում, գնվեցին մոնտաժային ծրագրերով համակարգիչներ՝ վիդեոֆիլմերի համար։ Տարիներով կինոլաբորատորիայում կուտակված արծաթե նստվածքը վերամշակվեց եւ արդյունքում պետությանը հանձնվեց 41 կիլոգրամ մաքուր արծաթ՝ հաշվարկված 24 կգ փոխարեն։ «Երեւան» ստուդիան առաջինը սկսեց թվայնացնել արխիվային նյութերը»։ Արդեն վերևում նկարագրեցի, թե ինչ տեսա իմ աչքերով «Երևան» ստուդիայում: Գուցե, դրախտի դուռը պարզապես չնկատեցի՞: Կներեք, Տիգրան Խզմալյան: 

Շարունակում ենք: Եկանք գլխավոր հարցին․ ո՞ւր է «Երևան» ստուդիայի նկարահանած «Արամ Խաչատրյան» ֆիլմը: Խզմալյանն ասում է. «Հենց այդ տարիներին մենք պայմանագիր կնքեցինք ամերիկահայ կինոռեժիսոր Զարե Ճկնավորյանի հետ՝ Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմի համար տրամադրել 10 րոպե տեւողությամբ արխիվային նյութ Լաերթ Վաղարշյանի համանուն կինոժապավենից տեսագրելու եւ թվայնացնելու իրավունքը։ Գործարքը կնքվել էր Հեռուստառադիոպետկոմի համաձայնությամբ, կինոժապավենի թվայնացման համար վճարված գումարը՝ 2,5 հազար դոլար, փոխանցվեց ստուդիայի պետական հաշվին, հենց դրանով էլ նորոգվեց ու շահագործման հանձնվեց «կինոկրանը»՝ ամբարձիչ կռունկով հատուկ կինոնկարահանումների համար նախատեսված բեռնատար մեքենան։ Ֆիլմի կինոժապավենը նույն օրը դրվեց նույն տեղը՝ ստուդիայի արխիվ, որն իմ տնօրինության օրոք ամեն տարի խնամվում եւ բարեկարգվում էր՝ որպես գանձարան։ Իսկ ամենակարեւորը՝ ստուդիան կրկին ստեղծագործում էր, տարեկան նկարահանելով հինգ-վեց ֆիլմ, այդ թվում՝ երիտասարդական դեբյուտներ։ Ութ տարվա ընթացքում մեր ֆիլմերը ստացան յոթ միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակներ՝ Գերմանիայում եւ Թուրքիայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, իսկ Լոնդոնում 2005 թ. փետրվարին անցավ մեր ֆիլմերի ռետրոսպեկտիվը՝ Hidden Gems՝ «Թաքնված գանձեր» վերնագրով»: 
Հարգելի պարոն Խզմալյան, մենք բարեխղճորեն հրապարակեցինք Ձեր պատասխանը, բայց, կներեք, էլի չհասկացանք, թե ուր կորավ «Արամ Խաչատրյան» ֆիլմը: