Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվի դատարանում երեկ

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ երեկ սկսվեց գերեվարված հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Տասնյակ հանցագործությունների կատարման շինծու մեղադրանքներ են ներկայացվել հայ գերիներին, որոնց վերաբերյալ քրեական գործերն առանձնացվել են եւ քննվելու են առանձին վարույթներով:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատավարությունը հետաձգվել է 10 օրով, հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին։ Երկու միջնորդություն էներկայացվել դատարան՝ Ռուբեն Վարդանյանի անջատված գործը միացնել մյուս ռամագերիների գործերին, եւ մյուս միջնորդությունն էլ՝ ժամանակ տալ ծանոթանալ քրեական գործի նյութերին։
«Դատարանը մերժել է գործը միավորելու միջնորդությունը եւ մի քանի օր ժամանակ է տվել գործի նյութերին ծանոթանալու»,-ասաց Առաքելյանը։
Դատավարությանից մեկ օր առաջ, հիշփցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
«Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ։ Բաքվի դատախազության մեղադրանքների մի մասը հստակ հանցագործություն է համարում Արցախի գոյությունը (Ադրբեջանի սահմանադրական կարգի խախտում, իշխանության բռնազավթում)։
Եվ այս ամենի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել, որ Արցախի գոյությունը եղել է հանցագործություն»,-մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանը։
Նշենք նաեւ, որ երեկ դատարանից հրապարակվեցին գերեվարված հայ ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները․ նրանք հյուծված էին ու ծերացած։
Հիշեցենք նաև, որ 15 հայ գործիչների՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։
Կարծիքներ