Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ Ամուլսարի շահագործումը կասեցնել

Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ Ամուլսարի շահագործումը կասեցնել

Երկրի լրատվական եւ փորձագիտական շրջանակներում ամենաքննարկվող թեման այսօր, թերեւս, Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման է: 
Սակայն, հետեւելով քննարկումներում հնչող կարծիքների եւ մոտեցումների տրամաբանությանը, չենք կարողանում չզարմանալ դրանց պարզունակության եւ, որն ամենավտանգավորն է, դրանցում առկա ազնվության պակասից:

Հարցն այն է, որ Փաշինյանի գլխավորությամբ հանքավայրի շահագործման կողմ հանդես եկողները, համոզված լինելով, որ Հայաստանի տնտեսությունն իր ներկայիս կարողություններով ուղղակի ի վիճակի չէ արգելելու հանքի շահագործումը, այդ մասին ազնվորեն խոսելու փոխարեն, ամեն կերպ փորձում են վերջինիս շահագործման նպատակահարմարությունը հիմնավորել նրա՝ բնապահպանականորեն անվտանգ լինելու հանգամանքով:
Իսկ ինչ վերաբերում է մյուս կողմին, ապա այս մարդկանց հիմնավորումները լսելուց հետո չես կարողանում չմտածել, որ այդ հանքավայրի շահագործումը հավասարազոր է լինելու «Հայաստանի կործանմանը»: Անշուշտ, հասկանալի է, թե որտեղից են գալիս այդ երկու մոտեցումներում առկա անհանդուրժողականությունն ու դիմացինին չլսելու անսանձ ցանկությունը: Բայց, ի վերջո, բոլորս պետք է գիտակցենք, որ այսպիսի կարեւոր ճամփաբաժանում հայտնված մեր երկրի ճակատագիրը մեզ ստիպում է, անկախ միմյանց նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից, խոսել ու լսել միմյանց:

Այս առումով, բոլորս պետք է հասկանանք, որ անկախ Ամուլսարի շահագործման նպատակահարմարությունը հիմնավորելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի բերած հիմնավորումներից, իրականում այս հանքավայրի ո՛չ շահագործումը եւ ո՛չ էլ նրա շահագործման կասեցումը ոչ մի բանով կախված չեն նրա կառավարությունից: 
Այսպիսի խոշոր տնտեսական ձեռնարկների հիմքում, սովորաբար, ընկած են լինում տնտեսական չոր հաշվարկները եւ, որպես կանոն, կախված են լինում տվյալ երկրի տնտեսության դիմադրողականությունից: Մենք, այս իմաստով, ի վերջո պետք է հասկանանք, որ բնապահպանական առումով որոշակի ռիսկեր առաջացնող հանքավայրերի կամ ձեռնարկությունների շահագործման կասեցումը միայն հզոր տնտեսությունների արտոնությունն է: Իսկ մեր երկրի տնտեսության նման տնտեսություն ունեցող երկրները, եթե, իհարկե, ուզում են կառուցել այնպիսի տնտեսություն ունեցող երկիր, որը բնապահպանական որոշակի ռիսկեր առաջացնող ձեռնարկություններ փակելու իրավունքը կունենա, որեմն պետք է կարողանան ինչ-որ ժամանակով հանդուրժել այդպիսի ձեռնարկությունների գոյությունը:

Մեր երկրի պարագայում Ամուլսարի եւ Թեղուտի հանքավայրերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Նաիրիտն» ու Քիմպրոմն են արտադրական եւ գիտաարտադրական քիչ թե շատ պահպանված այն հզորությունները, որոնց ժամանակավոր շահագործումով եւ վերագործարկումով մենք կկարողանանք կառուցել այն Հայաստանը, որի տնտեսությունն ի վիճակի կլինի երբեւէ եւ վերջնականապես փակել բնապահպանական որոշակի ռիսկեր առաջացնող հենց այդ նույն Ամուլսարի եւ Թեղուտի հանքավայրերը, հենց այդ նույն «Նաիրիտն» ու Քիմպրոմը: Իսկ եթե մենք այս անգամ էլ չկարողանանք դասեր քաղել մեր պատմությունից եւ մոռանանք 90-ականների մեր փորձը եւ, առանց հաշվի նստելու մեր երկրի տնտեսության իրական ներուժի հետ, շարունակենք համառել, ապա անպայման հայտնվելու ենք նույն տեղում, նույն փոցխն անընդհատ տրորող այն մարդու վիճակում, որն ամեն անգամ դեմքին հարված ստանալուց հետո մտածում է այն մասին, թե ինչու է ամեն վատ բան հենց իր հետ կատարվում:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ