Ո՞վ է հայը, որտե՞ղ է նրա հայրենիքը, եւ արդյոք ունի՞ ապագա

Ո՞վ է հայը, որտե՞ղ է նրա հայրենիքը, եւ արդյոք ունի՞ ապագա
Միքայել Պողոսյան

Ո՞վ է հայը, ո՞րն է նրա ճանապարհը, որտե՞ղ է նրա հայրենիքը, եւ արդյոք ունի՞ ապագա։ Ահա այս հարցերի շուրջ է մտորում դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը «Հայ հայը» գեղարվեստական ֆիլմում, որն այս օրերին ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում։

Իր նոր՝ միստիկ կատակերգությունում (բեմադրող ռեժիսորներ՝ Միքայել Պողոսյան, Աննա Մաքսիմ) Միքայել Պողոսյանը խճանկարի ձեւով մաս առ մաս հավաքում է մեր այսօրվա իրականությունը, մերօրյա հայի կերպարը. դա ե՛ւ սփյուռքահայ Վրեժ Բարոյանն է, ե՛ւ հուզախռով Եփրաքսյան, ե՛ւ «բիթի-թախտաբիթին», ե՛ւ տգետ-ամենագետ մշակույթի նախարարը: Մի խոսքով մարդիկ, որոնց ամեն օր հանդիպում ենք մեր ճանապարհին, փողոցում, աշխատավայրում, ամենուր: Ֆիլմն ահազանգ է, սթափության կոչ, հայն այսօր հեռացել է իր հավատքից, պատմությունից, մշակույթից, ինքն իրենից։

Իսկ ի՞նչ է ուզում հայը․ լինել բացառիկ, ունենալ իշխանություն։ «Ուժ եմ ուզում, որ սաղի հերն անիծեմ»,- ասում է ֆիլմում Միքայել Պողոսյանի հերոսը, ով չի կողմնորոշվում իր անելիքի մեջ, որովհետեւ «ուզում»-ների շարքը շատ մեծ է. «Մե՛կ ուզում եմ գնամ, մե՛կ ուզում եմ մնամ, մարդիկ ուզում են իրենց մյուս կյանքերում եսիմինչ դառնան, ես ուզում եմ էս կյանքում ամեն ինչ լինեմ․․․»։ Չար ուժը` ի դեմս Սերգեյ Դանիելյանի, տալիս է այդ հնարավորությունը, ու հենց այդ պահից էլ սկսվում է հայի մեծ ճամփորդությունն իր ցանկությունների լաբիրինթոսում:

Ֆիլմի հերոսներից մեկը սփյուռքահայ Վրեժ Բարոյանն է, որին սփյուռքահային հատուկ կոլորիտով մարմնավորում է Ժիրայր Բաբազյանը։ Վրեժն այնքան հայրենասեր է, որ օդանավակայանից միանգամից ուղեւորվում է Խոր Վիրապ՝ ճանապարհին հանդիպած ամեն մի հայի ասելով․ «Դուն չգիտես՝ ինչպե՜ս պետք է սիրել հայրենիքը»։ Սայթաքելով ու ընկնելով փոսը՝ Վրեժը սկսում է խորհել, թե ինչ սովորեցինք այս 1700 տարիների ընթացքում, որ դարձանք սայթաքող ժողովուրդ․ «Ժողովուրդ, որ սկսեց փոսից ու շարունակում է մնալ փոսի մեջ»: Մի իրավիճակ, որի մեջ ենք նաեւ հիմա, ու որից դուրս գալու ելքերը չեն նշմարվում։ Իսկ հայրենիքը հեռվից սիրելը միշտ էլ ավելի հեշտ է, որովհետեւ սերը նախեւառաջ պատասխանատվություն է, հոգատարություն, ներողամտություն, մի բան, որ պակասել է մեզանում։  

Մեկ այլ դրվագում հայը որոշում է իր ձեռքով իրականացնել Աստծու դատաստանը եւ դեմառդեմ հայտնվում է քնած Սաֆարովի դիմաց, միայն թե այս անգամ կացինը հայի ձեռքում է: Թվում է` ուր որ է կգնա այդ քայլին ու իր ձեռքով կիրականացնի արդարադատությունը, բայց կարծես պատմությունը կրկնվում է` կացինը նորից հայտնվում է Սաֆարովի ձեռքում, որովհետեւ հայն անկարող է քնած մարդուն սպանել: Սա ինքնազննումի պահ է, վերադարձ ինքնությանդ` ով ես դու, եւ որն է քո ուղին:

Արդեն բռնցքամարտի տեսարանում` ռինգի տարբեր անկյուններում, սեւ ու սպիտակ ճամբարների բաժանված մեր հասարակությունն է: Ինչպես իրական կյանքում, այնպես էլ ռինգում, սեւերն ու սպիտակները կռվում են իրար դեմ եւ տապալվում հավասարապես։ Միշտ է այդպես, երբ հայը հայի դեմ է ելնում, պարտվում ենք բոլորս, երբ «մենք»-ը դառնում է «ես», պարտվում է ազգը:  

Թատերային ոճով նկարահանված ֆիլմում ամեն ինչ մինիմալիստական է, չկա ժողովուրդ, բայց կա ժողովրդի ձայնը, չկան իշխանավորներ, բայց կան իշխանավորների ականջները։ Միքայել Պողոսյանը թեպետ իր խոսքում զգուշավոր է, այդուհանդերձ, որոշ դրվագներ, արտահայտություններ ճանաչելի են եւ էկրանից մեզ ի ցույց են դնում մեր իրականությունը, ինչպես, օրինակ, «բիթի-թախտաբիթին», որ կպչելով ինչ-որ մեկին՝ Գյումրիից հասնում է Երեւան, կամ հայի՝ «առողջ առաջնորդ եւ ոչ զոմբիացած խրտվիլակ» ունենալու ցանկությունը։    

Ֆիլմի որոշ դրվագներում Միքայել Պողոսյանի հերոսը վարդագույն ակնոցով է, որը հետո ճաքում է եւ կոտրվում։ Սա մեր ներկայի սիմվոլիկ եւ վիզուալ արտապատկերումն է։ 2018թ․ «սիրո եւ թավշյա հեղափոխությունից» շատ չանցած՝ 2020-ի աշնանը, կոտրվեցին հայի սիրտն ու հոգին, հույսն ու հավատը, իսկ Միքայել Պողոսյանը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում անկեղծացավ․ «Խորը հիասթափություն եմ զգում, որովհետեւ ժամանակին հավատացել եմ»։ Այս ֆիլմը նաեւ այդ կորսված հավատի, մսխված հույսերի մասին է, յուրօրինակ խոստովանանք դերասանի կողմից՝ իր հանդիսատեսին։    

Ի վերջո, հայն արժանի՞ է սիրո, թե՞ ոչ․ այս հարցի պատասխանը գտնելու համար հայը շտապում է կայարան` Նրա հետ հանդիպման, բայց անմիջապես էլ փախչում է, ինչպես որ իր ճակատագրից է անընդհատ փախչում, մինչեւ այն պահը, երբ գիտակցում է, որ սերն է միակ հանգրվանը, որ քեզ դարձնում է բացառիկ: Հայն այլեւս չի ուզում բացառիկ լինել, ուզում է երջանիկ լինել, բայց ո՞րն է դեպի երջանկություն տանող ճամփան․․․ Սերը՝ Կարինեն, որ դրդում է հային, իբրեւ մի նոր պոետ (Միքայել Պողոսյանի՝ Ե․ Չարենցի «Տաղ անձնականի» անզուգական կատարման ներքո), գնալ դեպի լույսը, բռնել ինքնամաքրման ճանապարհը, որովհետեւ սերն է, որ օգնում է մարդուն մարդ մնալ, ու սա է ամենամեծ քննությունը:

Մեր այսօրվա, անցյալի ու ապագայի ձեւակերպումը տալիս է նաեւ Աղասի Այվազյանը. «Հավերժական ազգի խնդիրներն էլ հավերժական են» խոսքերը վերջում հայտնվում են էկրանին։ Հենց նրա հիշատակին է ֆիլմը նվիրել Միքայել Պողոսյանը, ով լինելով նաեւ ֆիլմի սցենարի հեղինակը՝ օգտվել է Աղասի Այվազյանի մի քանի գործերից, որոնք հատուկ գրվել են իր համար։    
Առանձնահատուկ հիշատակման է արժանի նաեւ ֆիլմի սաունդթրեքը, որի խոսքերի հեղինակը Միքայել Պողոսյանն է, երաժշտության հեղինակը՝ Ռուբեն Պապյանը, ուղերձը, ինչպես ֆիլմում, այնպես էլ երգում մեկն է՝ «Քարերի մեջ, հայերի մեջ մարդ մնա հայ»։

Ֆիլմի օպերատորն է Արման Օրդյանը, ձայնային ռեժիսորը՝ Հայկ Իսրայելյանը, մոնտաժող ռեժիսորը՝ Տիգրան Բաղինյանը։ Դերերում հանդես են եկել Սերգեյ Դանիելյանը, Ժիրայր Բաբազյանը, Տիգրան Գուլումյանը, Գեորգի Հովակիմյանը, Տրդատ Մարգարյանը, Նարինե Ալեքսանյանը, Նարինե Պետրոսյանը։