Արշալույսում նորից անհանգիստ են

Արշալույսում նորից անհանգիստ են

Մարտի 1-ին, երբ տեղեկություն տարածվեց, որ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշում է կայացվել, համայնքում կրքերը հանդարտվելու փոխարեն է՛լ ավելի լարվեցին: Եթե մինչ այդ համայնքապետին պաշտոնանկ անելու համար բողոքի ակցիաներ էին անում նրա գործունեությունը մերժողները, այդ լուրից հետո գյուղամեջ դուրս եկան նաեւ Զարզանդ Գրիգորյանի կողմնակիցները:

Հավաքը շատ արագ կազմակերպվեց: Մեր տեղեկություններով՝ Զարզանդ Գրիգորյանն ավագանու արտահերթ ու բացօթյա նիստ էր հրավիրել, իսկ որպես անցկացման վայր՝ ընտրել էր գյուղի մանկապարտեզի հարակից տարածքը: «Դիտավորյալ է մանկապարտեզն ընտրել, որ երեխաներին տուն տանելու եկած ծնողները՝ ուզած-չուզած, միանան հավաքին, տպավորություն ստեղծվի, թե իր կողմնակիցները շատ են»,- ասաց Արման Երանոսյանը:

Ի տարբերություն նախորդ ակցիաների, որոնց մասնակիցները հիմնականում հողագործներ էին, այս ակցիայի մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում գյուղի մտավորականները՝ ուսուցիչներ, մանկապարտեզի աշխատողներ, գյուղապետարանի աշխատակազմ ու մի քանի արվեստագետ: Ճամբարների բաժանված համայնքը միաբանելու առաքելությունն իր վրա էր վերցրել Թամարա Քոչարյանը: Ուսուցչուհին հանգստության կոչ էր անում ու խնդրում թույլ տալ, որ գյուղապետարանն աշխատի: Ընդդիմադիրները Քոչարյանին լուռ լսում էին այնքան ժամանակ, մինչեւ ուսուցչուհին կգովեր գյուղապետ Գրիգորյանին: «Մենք էլ 8-9 ամիս է՝ վատի ու չարաշահումների մասին ենք ասում, ինչի՞ մի անգամ չարձագանքեցիք: Ինչի՞ Զարզանդին խորհուրդ չտվեցիք՝ հրաժարական տար, որ բանը սրան չհասներ»,- ասաց Հաբեթ Արամյանը:

Հավաքին, ոստիկանների պաշտպանությամբ, հայտնվեց նաեւ Զարզանդ Գրիգորյանը: Իրեն մերժողներին կոչ արեց լքել տարածքը, իսկ սատարողներին՝ շարունակել միջոցառումը: Թե ինչ միջոցառման մասին էր խոսքը, պարզել չհաջողվեց. Գրիգորյանն ինչպես աննկատ հայտնվել էր, այնպես էլ անհետացավ. չպատասխանեց նաեւ մեր զանգերին: 

«Եթե էսօր Գրիգորյանի համար միջոցառում անելու օր ա, մեր համար՝ մարտի 1-ի երթի օր: Գնում ենք միանանք վարչապետի հրավիրած երթին»,- ասաց Արմեն ներկայացած տղամարդն ու հայտարարեց. «2008 թվի մարտի 1-ին Զարզանդ Գրիգորյանի եւ նրա եղբոր՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մեքենաները տեսել եմ նախագահի նստավայրի մոտ: Ի՞նչ էին անում այնտեղ»։