Հայաստանի վարչապետին չեն աջակցում, իսկ իրենց նախագահի՞ն

Հայաստանի վարչապետին չեն աջակցում, իսկ իրենց նախագահի՞ն

Օգոստոսի 5-ի ստեփանակերտյան հանրահավաքը կամ ինչպես ավելի դիպուկ Նիկոլ Փաշինյանն է անվանել՝ աշխարհաժողովը, կազմակերպել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Խորհրդարանական մյուս ուժերը չեն միացել միջոցառմանը, բայց հանրահավաքը բոյկոտելու որոշում հրապարակայնացրել է միայն ՀՅԴ Արցախի կառույցը: Մյուսները՝ ԱԺԿ-ն եւ Շարժում 88-ը շարունակում են լռել: Հանրահավաքին, երեւում է, մասնակցել է նաեւ Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդը», բայց՝ Սամվել Բաբայանի աջակիցների շարքերում:

Այսպիսով, կարելի է ասել, որ Արցախի խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերից երեքը՝ Դաշնակցությունը, Արցախի ժողովրդավարական եւ Շարժում 88 կուսակցությունները, մեղմ ասած, ոգեւորված չեն Հայաստանի վարչապետի տեսլականով, չեն կիսում նրա պատկերացումները եւ չեն աջակցում նրան: Օգոստոսի 5-ի համաարցախյան աշխարհաժողովն, այսպիսով, երեւակեց ներարցախյան քաղաքական իրականությունը: Ըստ երեւույթին, հիշյալ ուժերի վերաբերմունքի հիմքում ընկած է քաղաքական չբավարարվածությունը կամ՝ խանդը:

Ամենայն հավանականությամբ, նրանք հասկացել են, որ վարչապետ Փաշինյանը չի կիսում Արցախում իշխանության ձեւավորման իրենց մոտեցումը, որ խարսխվում է «միասնական օրակարգի եւ թեկնածուի» գաղափարի վրա եւ փոխադարձել են համապատասխան վերաբերմունք: Բայց ստեփանակերտյան աշխարհաժողովը զուտ Նիկոլ Փաշինյանի բենեֆիսը չէր: Հարթակում էր եւ ելույթ ունեցավ, ընդ որում՝ առաջինը, նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ում հետ հիշյալ քաղաքական ուժերն ունեն 12-ամյա համագործակցության անցած ճանապարհ: Այս պարագան նրանց առնվազն բարոյապես պետք է պարտավորեցներ ներկա գտնվել միջոցառմանը: Մինչդեռ ականատեսն ենք տրամագծորեն հակառակ վարքի: Երեկվա հանրահավաքում Սամվել Բաբայանի մի խումբ համակիրներ խոչընդոտել են նախագահ Բակո Սահակյանի ելույթը, նրա հասցեին վիրավորական կոչեր հնչեցրել: Իսկ 12 տարի նախագահի քաղաքական հենարան հանդիսացած Դաշնակցությունը, ԱԺԿ-ն եւ Շարժում 88-ը մինչ այս պահը քար լռություն են պահպանում: Հասկացանք, Հայաստանի վարչապետին չեն աջակցում, իսկ իրենց նախագահին ինչու՞ են թողնում ապակառուցողական ուժի դեմ մենակ:

Չէի՞ն կարող իրենց առաջնորդների բերանով երեւույթը դատապարտող մի հայտարարություն տարածել, ողջախոհության եւ օրինականության հորդոր անել կամ հանդես գալ քաղաքական խորհրդատվությունների նախաձեռնությամբ, երկխոսության հրավիրել ծայրահեղական տրամադրված խմբավորմանը: Պատասխանը խորհրդավոր լռությունն է, որ ավելի խոսուն է, քան միասնության եւ միասնականության մասին այդ կուսակցությունների գրեթե ամենօրյա «խոստովանությունները»: Ըստ երեւույթին, նրանք յուրացրել են «գնացքից ժամանակին թռնելու» դասերը: Բայց ու՞ր մնաց տարրական բարոյականությունը: