Արցախյան վրձնահարվածներ

Արցախյան վրձնահարվածներ

Ստեփանակերտից Երևան ճանապարհին

Արցախի մասին գրող եւ խոսող յուրաքանչյուր պատասխանատու գործիչ առաջնորդվում է Հիպոկրատի «Primum non nocere» («Նախեւառաջ՝ մի վնասիր») սկզբունքով։ Նման մոտեցումը պետք է դառնա հրամայական՝ քաղաքական ու կառավարչական որոշումներ ընդունողների համար։ Խոսքը, անշուշտ, ազգային-պետական մտածողությամբ օժտված անձանց մասին է եւ ոչ թե՝ օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ազդեցության գործակալների։ Ուստի հաճույքով շրջանցում եմ մեր պետական ու հասարակական փխրուն գոյության համար անցանկալի եւ անցողիկ հայտնի սուբյեկտներին։
Որոշ արձանագրումներ եւ մեկնաբանություններ՝ ԼՂՀ-ում դեռեւս չավարտված ընտրությունների վերաբերյալ։

Արտաքին դիմադարձություններ․ ԼՂՀ Սահմանադրության պահանջով ընթացող պարբերական, կանոնավոր իրավական ընթացակարգերի նկատմամբ օտարերկրյա, այդ թվում նաեւ՝ ՀՀ-ին դաշնակից ժողովրդավար ու ոչ այնքան, քրիստոնյա ու այլադավան պետությունների վերաբերմունքն արդեն 30 տարի նույն մերժողականն է, եւ դրանք չընդունելու, սակայն չանտեսելու մեր ուղեգիծը նույնպես մնացել է անփոփոխ։ 

Հայաստանյան կոհակներ․ Գլխավորը տվյալ պահի իշխանության վերաբերմունքն է։ Արցախում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունների նկատմամբ հայտնի կամ ծածուկ պաշտոնական դիրքորոշում ունենալու իրավունքը հայության կողմից կասկածի տակ չի առնվել Հայաստանի երեք հանրապետությունների օրոք։ Այդպես է լինելու միշտ։ Երեւանում նստած քաղաքական ուժերի կողմից Արցախի նկատմամբ բորբ վարմունքն իշխող ուժերը հանիրավի գրանցել են ընդդիմության կուսակցական շահարկումների մատյանում՝ փոշիացնելով համազգային միասնության լավագույն հնարավորությունները։ Ընդդիմությունը կարող է դրանից սրտնեղել, բայց թեւաթափ լինել՝  երբեք։ Ըստ սահմանման, նա պարտավոր է Արցախն ունենալ ոչ միայն իր սրտում, այլեւ իր դիտակետում, քանի որ ինքն է վաղվա իշխանությունը։

Արցախի սյուները․ Արցախցին մեծ է իր աներկյուղ հանդարտությամբ։ Այդ վստահության խորամուխ արմատներն Արցախի պատմության, ավանդույթների, բանահյուսության, երաժշտության մեջ որոնեք, իսկ գիտակցվածը՝ Մայր Հայաստանի ու հայության գոյության մեջ։ Սա է արցախցու գիտեցած թիկունքն ու պատվարը։ Հարյուր տարի առաջ էլ, այսօր էլ նա համոզված է, որ հարկ եղած պահին խրամատում իր կողքին կհայտնվի հայրենակից եղբայրը՝ Հայաստանից, օտար հեռուներից, ու հոգ չէ, որ նա առաջին անգամ է ոտք դնում այդ հողի վրա։ 

Ազգային միասնությունն արցախցու ազատության, անվտանգության երաշխիքն է։ Նա քարոզի կարիք չունի։ Երիտասարդ քաղաքական ճարտասաններն էլ ոչինչ չունեն տալու իրեն։ 
Արցախցու աստվածն արդարության, հավասարության աստվածն է։ Նա, ով չի խաբում հենց հիմա ու այս կյանքում։ Նա, ով բարիքը բաշխում է բոլորին՝ իշխանավորին ու ռամիկին, մեծին ու փոքրին, քաղաքին ու գյուղին։ Նա, ով գթացող է ու համազոր, ինչպես բնությունը։

Արցախցին տանուտեր է ու նաեւ հյուրասեր։ Նա հյուրին պատրաստ է ընդունել իր գլխի վրա, սակայն չի կարգի իր գլխին տիրակալ։ Շատերը սա չեն հասկացել ու սայթաքել են՝ կարծելով, թե իր մեծաքանակ կամ մեծաքսակ լինելը որոշիչ փաստարկ է արցախցուն խեղճացնելու համար։
Արցախցին ունի իր հեղինակությունները։ Նրանք ծնվել են իր հողում եւ ուժ առել այդ հողից։ Ի տարբերություն շատերի՝ արցախցի ներկա առաջնորդները կռանվել են պատերազմի դաշտում ու խստավարժվել իրենց նման ուժեղների հետ մրցության մեջ։ 

Արցախի քաղաքական վերնախավին խորթ է հպատակությունը։ Նա չի ընկալում օտարոտի խրատները․ դա թող իմանան արտաքին դիմադարձությունների հեղինակները։ Սակայն նա սիրով ընդունում է բարեկամի պարզած ձեռքն ու խորհուրդը․ սա էլ թող լսեն հայաստանյան կոհակները։


Արա ՍԱՀԱԿՅԱՆ