Մեր ապագայի ճշմարիտ ճանապարհը 

Մեր ապագայի ճշմարիտ ճանապարհը 

2018-ի ապրիլյան օրերին և այնուհետև վարչապետ կարգված ժողովրդի առաջնորդ Նիկոլը խոստանում էր բոլոր հարցերը քննարկել Հանրապետության հրապարակում, որն ինքը անվանել էր ագորա: Ագորան անտիկ հունական քաղաք-պետության սկզբնական շրջանի կենտրոնական շուկայական հրապարակն էր: Այնտեղ տեղի էին ունենում նաև ժողովրդական քննարկումներ ու քվեարկություններ: Այնուհետև ագորայի շուրջը կառուցվեցին հասարակական նշանակության շինություններ և տաճարներ: Երևանի Հանրապետության հրապարակն էն գլխից նախագծվել և կառուցվել է որպես պետական ու մեկ կոմերցիոն (հյուրանոց) կառույցների հավաքատեղի: Միաժամանակ, հրապարակում էին անցկացվում տոնական ցույցերն ու հանդիսությունները: Անկախության տարիներին Ազատության վերանվանված Թատերական հրապարակի հետ մեկտեղ այն դարձավ նաև հանրահավաքների վայր: Միտումը հստակ էր՝ որպեսզի ցույց տրվեր, թե ինչ մեծ բազմություն է հավաքվում՝ աջակցելու այս կամ այն բանախոսին՝ իշխանական թե ընդդիմադիր:
Վստահ եմ, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելը խիստ դուր էր եկել ժողովրդի առաջնորդին:

Որովհետև հավաքված բազմությունն էր բազմահազար: Միաժամանակ, այն հարմար էր սկզբում կառավարական շենքում հաստատվելու, իսկ այնուհետև, արդեն որպես վարչապետ, այնտեղից պատկառազդու տեսքով դուրս գալու և զանգվածներով լցված հրապարակում անմիջապես հայտնվելու տեսակետից: Հենց դա էր պատճառը, որ վերջինս շարունակեց հանրահավաքներ կազմակերպել այնտեղ և այն ժամանակ, երբ իր կոչով կամ վարչական լծակներով հավաքվում էր ընդամենը 10-20 հազար մարդ: Բայց եթե սկզբում հանրահավաքային քվեարկության պես ձևական ինչ-որ բան էր անցկացվում այնտեղ, ապա շատ վաղուց դրանք դադարել էին: Հյաստանյան ագորան՝ դեռևս նորմալ չծնված, արդեն մահացել էր: Փողոցի ուժով վարչապետ կարգված Նիկոլը ժողովրդի հետ խոսելու և որևէ հարց քննարկելու՝ էլ չեմ ասում որոշում ընդունելու, կարիք այլևս չէր զգում: Վաղուց անցյալ է դարձել նաև վերջինիս պոպուլիստական վարքագիծը՝ քայլել քաղաքի կենտրոնում և շփվել ժողովրդի հետ: Չմոռանանք նաև կառավարական կեցավայրից (դաչաներից) հեծանիվով աշխատանքի գնալու մի քանի պոպուլիստական փորձերը: Վերջին երկուսն, իհարկե, պատճառաբանված են՝ մերօրյա «փրկիչը» վախենում է իր սիրելի ժողովրդից:    

Նիկոլական ագորայի ճակատագիրը ցույց տվեց, որ մեր երկրում նույն բախտին է արժանանում նաև ժողովրդավարության հիմնական հատկանիշներից մեկը՝ թափանցիկությունը: Չէ, ավելի ճիշտ, այն արդեն արժանացել է այդ ճակատագրին: Դրա վկայությունը ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում հրադադարների պատմությունն է՝ երբ ստելով իրադրություն էր ներկայացնում, այլև նոյեմբերի 9-ի գիշերային հայտարարության ստորագրությունը ժողովրդից գաղտնի: Բայց եթե մենք պահանջատեր լինեինք իր նկատմամբ՝ ինչպես նախորդի առումով էր, ապա պատերազմից առաջ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների գաղտնի հրահանգը բավարար կլիներ, որպեսզի վերջինս մոռանար գաղտնիության մասին ընդհանրապես: Բայց մենք թույլ գտնվեցինք, և ինքը հաղթանակ տարավ ՀՀ գիտակից քաղաքացիների նկատմամբ: Եվ այդ օրվանից թափանցիկությունը, չհասցնելով նորմալ ձևավորվել ու կայանալ, կնքեց իր մահկանացուն: Իսկ թափանցիկության հետ խիստ կապված է և նրանով է «սնվում» ժողովրդավարության մյուս հիմնական հատկանիշը՝ հասարակության մասնակցությունն իր կյանքին վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում: Եվ, բնականաբար, այն չհասցրեց նույնիսկ ծնվել՝ ուր մնաց, թե կայանար: Ժողովրդավարության այդ երկու էական նորմերը չեն գործում, սակայն քանի որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շատ բան է տվել Արևմուտքին և դեռ տալու բան ունի, ապա նրա իշխանությունն էլ «ժողովրդավարության փայլուն աստղ է» նույն Արևմուտքի տեսակետից:

Այդ ամենն աննորմալ է, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությանը ստամոքսը հայրենիքին գերադասող ժողովուրդն իր քվեն տվեց Նիկոլին՝ դրանով թույլատրելով նրան ոտնահարել ոչ միայն իր խոստացած ագորան, այլև մեր ժամանակների ժողովրդավարության նորմերն ու կանոնները: Փաստորեն 2018 թվականի ապրիլին փողոց փակող ամբոխը պայքարում էր ոչ թե ժողովրդավարության համար, զուտ ստամոքսի համար: Իսկ ստամոքս գերադասող հանրությունը վաղ թե ուշ պատժվելու է հենց ստամոքսի առումով: Կա, չէ՞, մի այսպիսի խոսք՝ եթե չես ցանկանում պահել քո սեփական բանակը, ապա ստիպված ես պահելու օտարի (զավթիչի) բանակը: Իսկ ինչո՞ւ չի ուզում բանակ պահել: Որովհետև դրա փոխարեն գերադասում է ստամոքսը: Եվ նույն տրամաբանությամբ բողոքում էր զավակներին Արցախ տանելու դեմ: Այսօր հասել ենք նրան, որ արդեն ընդհանրապես սահման պահելու դեմ են բողոքում: Մեզ սահման պետք չէ՝ անմարդաբնակ տարածքները մեզ ինչների՞ս են պետք. սա է նրանց տրամաբանությունը: Ավելի ճիշտ դրա բացակայությունը: Ու դրա ֆոնին Նիկոլը պարտվողական դիրքերից բանակցում է և կշարունակի բանակցել Իլհամի հետ: Իսկ քայլարած ինչ-որ ջահել էլ կբանակցի Թուրքիայի դիվանագիտական ոլորտի գելերից մեկի հետ: Կարևորն, ըստ Նիկոլի, այն է, որ Երևանում նստած ջահելը թրծվել է պատերազմական փորձությունում:   

Փակվում է հետպատերազմյան առաջին տարին ու մենք շարունակում ենք կորուստներ կրել թե՛ մարդկային, թե՛ տարածքային և թե՛ դիվանագիտական ասպարեզներում: Եվ ինձ ու ինձ նման գրագետ մարդկանց, հետաքրքրում է, թե մեր այսքան կորուստներից հետո ի՞նչ բարոյական իրավունքով է շարունակում բանակցել Փաշինյան Նիկոլը: Կամ ինչո՞ւ պետք է իմ և ինձ նման բազմաթիվ անձանց ընտանիքների ճակատագիրը մեզանից գաղտնի կրկին վճռվի այն անձի կողմից, ով ցույց տվեց իր բացարձակ ապաշնորհությունը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ հետպատերազմյան գործընթացներում: Ես բաց եմ թողնում դավաճանության հանգամանքը, քանի որ իշխանափոխությունից հետո դրա լինել-չլինելու հարցն անպայման կորոշվի հայաստանյան արդարադատության կողմից: Իսկ որ վաղ թե ուշ այն տեղի է ունենալու՝ ես դրանում որևէ կասկած չունեմ:

Բայց անհրաժեշտ է, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս վաղ, որպեսզի Իլհամի կամ թեկուզ Էրդողանի հետ  բանակցություններ վարի ոչ թե պատերազմում պարտված և այդ պարտությամբ հպարտացող Նիկոլը, այլ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող արժանապատիվ մեկը: Եվ դա կլինի մեր ապագայի ճշմարիտ ճանապարհը: