Ում է պատկանել ՔԿ-ից գողացված 590 հազար դոլարը

Ում է պատկանել ՔԿ-ից գողացված 590 հազար դոլարը
Լուսանկարում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն է

Նախօրեին ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար գումար։ Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց` ըստ ամենայնի, գողացված գումարը իր վստահորդինն է եղել։ Գումարը պատկանել է «Էքսպերտ 1» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Թումաղյանի որդուն՝ Տիգրան Թումաղյանին։ Ըստ Սիրունյանի, նախորդ տարի մայիսին ՔԿ-ն խուզարկություն է արել ընկերությունում եւ ապօրինի կերպով առգրավել սեյֆում պահվող գումարը, որը ոչ թե եղել է ընկերությանը կամ դրա սեփականատիրոջը, այլ երրորդ անձին է պատկանել, որն այնտեղ գումարը պահել է։ Ի դեպ, փաստաբանը չի հավատում գումարը գողանալու մասին տեղեկություններին, կարծիք է հայտնում, որ դա հափշտակվել է, նաեւ հարց է բարձրացնում՝ ինչու այդ հսկայական գումարը չի պահվել Կենտրոնական բանկում։

Հարցին, թե վերադարձվող գումա՞ր էր, եթե, այո, ո՞վ պետք է վերադարձնի, եթե չգտնվի այն, ասաց՝ վերադարձվող գումար է, եթե չհայտնաբերվի` կվերադարձնի պետությունը։

Իր վստահորդի գումարը ապօրինի կերպով առգրավելու դեպքով փաստաբանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Թիվ 83023724 քրեական վարույթի շրջանակներում «Էքսպերտ 1» ՍՊԸ-ի տարածքից առգրավվել է Դատարանի՝ 2024 թվականի մայիսի 04-ի որոշմամբ, խուզարկություն կատարելու որոշմամբ չնախատեսված՝ 590.000 ԱՄՆ դոլար գումար, որն, ի դեպ, նշված քրեական վարույթին առնչվող «Էքսպերտ 1» ՍՊԸ-ին չէր էլ պատկանում, պատկանում էր այդ ընկերության տնօրեն Գևորգ Թումաղյանի որդի Տիգրան Թումաղյանին, այդ քրեական վարույթին առհասարակ չէր առնչվում: Դատարանի որոշմամբ թույլատրվել էր բոլորովին այլ բան հայտնաբերելն ու առգրավելը, սակայն խոշոր գումարը ոգևորություն էր առաջացրել քննիչի մոտ, որը խախտելով դատարանի որոշման պահանջը, գումարը տարածքից տարել է:

Ընդ որում, քրեական գործին չվերաբերող հիշյալ գումարը ապօրինի վերցնելուն ձեւական օրինական տեսք տալու նպատակով դեպքից 5 ամիս անց՝ 2024 թվականի հոկտեմբեր ամսին, քննիչը ապօրինի, առանց օրինական առիթի և հիմքի, նախաձեռնել է ևս մեկ քրեական վարույթ և իր արևին սկսել է քննել 590.000 ԱՄՆ դոլար լվանալու մասին կեղծ քրեական գործը:

Փաստորեն.

1. Խուզարկությամբ վերցվել և պահվում է մի գույք, որը Դատարանի որոշմամբ նախատեսված չի եղել,

2. Վերցվել և պահվում է մի գույք, որը խուզարկություն կատարելու պահի դրությամբ քրեական վարույթի անգամ մոտարկված առարկա չէր,

3. Վերցվել է գույք, որը քրեական վարույթին առնչվող որևէ անձի (անգամ ընթերակայի) չի պատկանել: Պատկանել է հիշյալ ՍՊԸ-ի տնօրենի որդուն Տիգրան Թումաղյանին, որը այդ քրեական վարույթի հետ որևէ կապ չի ունեցել,

4. Առնվազն 2025 թվականի փետրվար ամսվա դրությամբ նշված գումարը քրեադատավարական որևէ կարգավիճակ (իրեղեն ապացույց և այլն) չի ունեցել,

5. Վերցված գումարը քննիչի կողմից բանկ չի հանձնվել,

6. Վերցված թղթադրամները հատ առ հատ չեն արտացոլվել խուզարկության արձանագրության մեջ: Այդ ամենը, արդյունքում, հանգեցրել է վնասի, որը պատճառվել է քաղաքացի Տիգրան Թումաղյանին: Շուրջ 1 տարի գումարն ապօրինի պահվել է նախաքննական մարմնում և միայն Կենտրոնական բանկի տոկոսադրույքի հաշվառմամբ Տիգրան Թումաղյանի վնասը` բաց թողնված օգուտի տեսքով կազմել է շուրջ 77 հազար ԱՄՆ դոլար: Դիմող կողմս համապատասխան դիմումներով դիմել է նախաքննական մարմնին և դատախազին, վիճարկել է գումարը տանելու և այն չվերադարձնելու իրավաչափությունը, սակայն գումարը չի վերադարձվել:

Դիմող կողմս գտնում է, որ հիշյալ գումարը ապօրինի վերցնելով նախաքննական մարմինը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, իսկ գումարը վերադարձնելուց հրաժարվելով իր իշխանական ու ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում վնաս է պատճառվել ինչպես անձի, այնպես էլ պետության օրինական շահերին՝ հեղինակազրկվել է Քննչական կոմիտեն և պատճառվել է նաև առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Խնդրում եմ հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի վերաբերյալ»: