Ինչու է ՔՊ-ն կասկածի տակ  դնում իր կազմակերպած ընտրությունները

Ինչու է ՔՊ-ն կասկածի տակ  դնում իր կազմակերպած ընտրությունները

«Ազգային առաջընթաց» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող Իզաբելլա Աբգարյանը չի հասկանում վերահաշվարկի տրամաբանությունը: Աբգարյանի համար առավել անհասկանալի ու զարմանալի է, որ վերահաշվարկ ցանկանում է իշխող թիմը: Թիմ, որն ինքն է այդ ընտրությունները կազմակերպել:

Նրա կարծիքով` «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է մի քանի ձայն ավել ստանալ, սակայն դա էլ չի փրկելու Ավինյանին. «Երբ իշխող ուժն է վերահաշվարկ ցանկանում, շատ զարմանալի է, որովհետև իշխանությունը, որ հենց ինքն է ընտրությունների կազմակերպողը` արդարության և թափանցիկության կրողը, կասկածի տակ է դնում իր կազմակերպած ընտրությունները: Ինչ-որ մի մանդատ պոկելու համար հաստատ չարժեր ընտրական պրոցեսի թափանցիկությունը կասկածի տակ դնել: Այս պահին մեր շտաբում վստահված անձանց և թեկնածուներին մոբիլիզացնում են, որպեսզի բոլորը վերահաշվարկին մասնակցեն: Տեղեկություն ունեմ, որ դիտորդները ևս մասնակցելու են վերահաշվարկին: Ես այս ամենի նպատակն անկեղծ ասած չեմ հասկանում, որովհետև մեկ-երկու քվե ավել գտնելը ՔՊ-ին ոչինչ չի տալու: Այս ավագանու կազմը, որ ձևավորվեց շատ ռիսկային է, անկախ այն բանից, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը: Անհնար է ապահովել ավագանու բոլոր անդամների ներկայությունը, մենք այս տարիների ընթացքում նման նիստ չենք ունեցել: Անգամ իշխանությունը քվորումի խնդիր է ունեցել: Ես ՔՊ-ին Երևանի ապագայի գործողություններում չեմ տեսնում, Երևանի կառավարումը միայն քաղաքապետ ընտրելը չէ, կա բյուջե ընդունելու հարց», - նշում է նա:

Հարցին, թե ի՞նչ գնահատական կտաք Հայկ Մարությանի գործողություններին, կան տեսակետներ, որ Մարությանն իշխանությունների թելն է թելում, Աբգարյանը նշեց. «Եթե խոսքը կոալիցիա չկազմելու մասին է, ապա այդ որոշումը Հայկ Մարությանինը չէ, դա թիմի որոշումն է, այնպես որ Հայկ Մարությանի վրա պետք չէ այդ ամենը բարդել», - ասաց Իզաբելլա Աբգարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։

Վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։