Կորոնավիրուսը նպաստավոր առիթ է հանրաքվեից խուսափելու համար

Կորոնավիրուսը նպաստավոր առիթ է հանրաքվեից խուսափելու համար

Այս պահի դրությամբ արձանագրված է Նոր կորոնավիրուսի 8 դեպք։ Իհարկե ամենևին էլ չենք փորձում խուճապային տրամադրություններ տարածել, բայց ամեն դեպքում պետք է փաստենք, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է։ Վտանգավորությունը եռապատկվում է, երբ հաշվի ենք առնում համաճարակի տարածման հեռանկարը, այսինքն չկա որևէ երաշխիք, որ այն այլևս չի տարածվելու։ Չգիտենք նաև, թե տարածման դեպքում այն ինչ ընդգրկում կարող է ունենալ և ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ 

Այսպիսի իրավիճակում կառավարող թիմը պարտավոր է ճշգրիտ գնահատել իրավիճակը և հետաձգել հանրաքվեն։ Տեղեկություններ կան, որ տարբերակն այս ակտիվորեն քննարկվում է և հանրաքվեի հետաձգման հավանականությունը չափազանց մեծ է։ Իսկ եթե հետաձգվելու է, ապա կառավարությունը կարող է օգտվել այս նպաստավոր առիթից և հրաժարվել իր նախաձեռնած արկածախնդրությունից, որն է՝ ընդամենը մարդաորսի և մեկ հոդվածի փոփոխության համար համապետական հանրաքվե իրականացնելու գործողությունը։ 

Փոխարենը առաջարկում ենք ժամանակ շահել և մշակել սահմանադրական փոփոխությունների իրական նախագիծ և բարեփոխումների հիմնային ծրագիր՝ առանց թիրախավորված մարդաորսի, անլուրջ հռչակագիրների և համանման անհավասարակշիռ ու չհիմնավորված դրսևորումների։ Կորոնավիրուսը մի կողմից չարիք է, իսկ մյուս կողմից էլ մեծագույն նվեր վարչապետ Փաշինյանի համար, երկրորդ շանս այլևս չի լինելու, հատկապես որ նախորդող օրերի քարոզարշավն այնքան էլ հեղաափոխական չէր և հանրային լայն զանգվածները ակնհայտ պասիվություն էին ցուցաբերում գործընթացի նկատմամբ։ 

Եթե վարչապետը չօգտվի այս նպաստավոր առիթից, ապա հայտնվելու է փակուղու առջև, ինչի վերջնական հանգուցակետը գաղափարական և մտավոր ճահճացումն է։ Պետք չի շտապել, ընդհակառակը՝ անհրաժեշտ է հարցին մոտենալ պետության դիրքերից, այլ ոչ թե՝ ընդդիմադիր ակտիվիստի։

Հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա պատվով հաղթահարել համաճարակի մարտահրավերը, իսկ կառավարող թիմն էլ կհրաժարվի իր արկածախնդիր վարքագծից ու հանրությանը դուրս կբերի այս ճգնաժամային իրավիճակից։ Առողջությունն ու լայնախոհությունը թո՛ղ լինեն մեր ուղեկիցները։