Էրիկ Գրիգորյանը թղթաբանությունը ներկայացրել է որպես սեփական նվաճում

Էրիկ Գրիգորյանը թղթաբանությունը ներկայացրել է որպես սեփական նվաճում

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի լեզուն, ավելի ճիշտ՝ գրիչը, պաշտոնին հրաժեշտ տալուց հետո բացվեց: Իր նախկին՝ նախարարական կյանքում նրան բազմիցս ենք դիմել տարբեր հարցերով, եւ նա ոչ մի անգամ ոչ մի բառ չի պատասխանել մեր հարցերին, գոնե «այո» կամ «ոչ» չի ասել: Իսկ այժմ, ահա, մի երկարաշունչ ու հոգնեցնող հաշվետվություն է թողել իր Ֆեյսբուքի էջին՝ կատարած աշխատանքների մասին, որպես ճաշից հետո մանանեխ: Ժամկետանց այս համեմունքը, այնուամենայնիվ, շշմեցրեց շատերին, հատկապես դրա՝ Սեւանին վերաբերող հատվածը, որը 26 կետից բաղկացած ինքնագովազդ է: 

Փոքր-ինչ ուսումնասիրելով կետերը, նկատում ենք, որ դրանց մեծ մասը թղթաբանական նշումներ են՝ գույքագրումներ, նախագծային աշխատանքներ, փաստաթղթավորումներ, որոնց կոնկրետ գործողություններ չեն հաջորդել: Օրինակ, նշում են, որ գույքագրվել են անտառածածկ տարածքները, Սեւանա լճի առափնյա հատվածներում մինչեւ 1901.5 մետր նիշում առկա ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ու դրանց սեփականատերերի ցանկը, որ ափամերձ հատվածներում հայտնաբերվել են մոտ 500 հեկտար ապօրինի զավթված, չփաստաթղթավորված կամ պատշաճ գրանցում չստացած տարածքներ, ապամոնտաժման ծանուցումներ են տրվել։ Եվ ի՞նչ, եթե ոչինչ չի ապամոնտաժվել, եթե տարածքների սեփականատերերը դիմել են դատարաններ, իսկ նրանց ցանկը միշտ էլ հայտնի է եղել: 
Նախարարի նշած 1901,5 մետր նիշը Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հակաօրինական, գլխից վերցված թիվ է համարում: 

«Միշտ կիզակետում եղել է 1903.5 մետրի նիշը: Այս սահմաններում աշխատանքները պետք է արվեին, այսինքն, ջուրը պետք է բարձրանա 1903,5, իսկ մնացածը՝ ծառահատումները, շենք-շինությունների ապամոնտաժումները եւ այլն, պետք է կատարվեին սկսած 1905,5 նիշից, այս երկու մետրը թողնելով ապահովության համար: 2008, 2009, 2010 թվականներին այդ աշխատանքներն արդեն ավարտված էին, բայց գործնականում ոչինչ չարվեց»,- նշում է Կանաչների միության նախագահը: 

Նա նաեւ նկատում է, որ որպես առաջին անգամ կատարվող՝ ներկայացվում են աշխատանքներ, որոնք արվել են նաեւ նախկին կառավարությունների, նախարարների օրոք: 
Օրինակ, գրված է, որ կառավարության կողմից հաստատվել են Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման կարգը, ցանցերի մեծությունը եւ այլն, որ առաջին անգամ են մշակվում ջրի որակի նորմերը, էկոհամակարգի վերականգնման ծրագիր եւ այլն: 

«Այս ամենը մեկառմեկ արվել է, ճիշտ է, ոչ բարեխղճորեն, բայց թղթեր միշտ էլ եղել են, ասում են՝ թուղթմրոցի: Բայց այդ ամենը մեկառմեկ արվել է: Ու եթե նրանք ասում էին՝ որսը սկսվելու է էսինչ ժամանակ, գոնե ձեւական նշում էին նաեւ պաշարները, թույլատրելի քանակները որսի»,- համոզված է Սանասարյանը: Նա պահել է նախկին կառավարությունների կազմած փաստաթղթերը, թղթաբանությունը, գույքագրումները: «Միշտ էլ եղել են այդ գույքագրումները։ Դեռ 2008-2009 թվականներին ամեն ինչ լավ գույքագրվել էր, նույնիսկ որոշվել էր, որ ջուրը բարձրանալուց հետո կապիտալ շենքերը նույնպես պետք է քանդվեն-հանվեն: Սակայն հետո ոչինչ չարվեց»,- ասում է նա: 
Ինչպեսեւ սպասվում էր, Էրիկ Գրիգորյանը՝ որպես բնապահպանության ֆինանսավորմամբ զբաղվող միջազգային կառույցների, այդ թվում ՀԲ-ի հետ աշխատանքի փորձ ունեցող, նախարարի աթոռին էլ է տարատեսակ կազմակերպություններից փորձել «փող կպցնել»՝ ԵՄ-ի հետ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված 5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիր է հաստատվել՝ գետերի հուների մաքրման, Կանաչ կլիմայական հիմնադրամի միջոցներով կեղտաջրերի մաքրման ուսումնասիրություններ, Գերմանիայի տրամադրած 500 հազար եվրոյով լճի ջրի որակի հետազոտություններ են նախապատրաստվել արտասահմանցի լճաբանների ուժերով եւ այլն: 

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նկատում է, որ այդ դրամաշնորհներով տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ են եկել, եւ արդյունքը երբեք շոշափելի չի եղել։ «Հակառակը, դրանք կազմաքանդել են բնապահպանության նախարարությունը, քանի որ այն իր հիմնական եկամուտները ստացել է այդ դրամաշնորհներից: Աշխատողների եռանդն ուղղվել է միայն ֆինանսավորվող ուղղությունների վրա, մնացած գործերը չեն արվել: Այդ դրամաշնորհներն ավերիչ նպատակ էին հետապնդում, ու մի մասն էլ հետ է գնում արտասահմանյան մասնագետներին տրվող բարձր աշխատավարձի տեսքով։ Ես սա նվաճում չեմ համարի», - ասում է Սանասարյանը: 
Էրիկ Գրիգորյանը հաշվետվության մեջ ներկայացրել է բազմաթիվ նախագծեր, գաղափարներ, որոնք դրվել են թղթի վրա, բայց գործերի չեն վերածվել, թվարկել է նախագծման մրցույթներ, որոնք հայտարարվել են առաջին անգամ՝ Սեւան թափվող 10 գետերի մաքրման, շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների եւ այլն: 

«Խոշոր հաշվով, Սեւանի վերաբերյալ բոլոր աշխատանքները գտնվում են նախագծանախահաշվարկային, օրենսդրական ու այլ թղթաբանական մակարդակներում, դրա համար էլ քսանքանի կետով աշխատանքներ են նշված, բայց գործնական ոչ մի բան չի փոխվել»,- ասաց իրավաբան, բնապահպան, բնապահպանական տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանը: Սակայն նա չցանկացավ վերլուծել կամ մեկնաբանել Էրիկ Գրիգորյանի գրառումը, նշելով. «Նրա աշխատանքի վերաբերյալ հանրային կարծիքն ամեն ինչ ասում է»: 
Աշխատանքների մի մասն էլ ընդհանրապես կապ չունի բնապահպանական խնդիրների հետ՝ նկատել է աշխարհագրագետ, «Բնապահպանական ճակատ» կազմակերպության փորձագետ Լեւոն Գալստյանը՝ կառուցվել են նոր եւ ժամանակակից վաճառքի տաղավարներ, ձկնաբանության ինստիտուտը դրամաշնորհ է ստացել, կառուցվածքային փոփոխություններ՝ «Սեւան» ազգային պարկում: «Ոչ ոք նրան չի հարցնում, թե կոնկրետ ինչ բնապահպանական խնդիր է լուծվում: Դրվագային փոփոխություններով հնարավոր չէ համակարգային փոփոխություն, դա ակնհայտ է,- ասում է Լեւոն Գալստյանը։- Գրելով չէ, որ մենք էս ենք արել, էն ենք արել: Մենք հեղափոխությունն արել ենք համակարգը փոխելու համար, իսկ այդ համակարգը սպասարկել է որոշակի խմբային շահեր՝ ո՛չ պետության, ո՛չ քաղաքացիների, ո՛չ էլ բնության: Որպես հեղափոխական կառավարության ոլորտի կառավարիչ՝ նախ պետք է գնահատական տայիր, թե ինչ է եղել ոլորտում վերջին 20-30 տարվա ընթացքում»: 

Աշխարհագրագետ Գալստյանին հարցրինք, թե իր կարծիքով, Էրիկ Գրիգորյանի նախարարության հետ ինչ կապ ունի այն հանգամանքը, որ Եղեգիս գետից ջուր է տեղափոխվելու Սեւան: Այս կետը նույնպես Գրիգորյանը նշել է որպես իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանք: «Արփա-Սեւան թունելի նախագծով հստակ գրված է, որ Եղեգիս գետից էլ կարող են ջուր տեղափոխել, երբ որ Կեչուտի ջրամբարի ջուրը բավարար չէ: Եղեգիսի մոտ թունելը բացվում է,- պատասխանեց Բնապահպանական ճակատի ներկայացուցիչը։- Իրենք հիմա ուղղակի թույլտվություն են տվել՝ Եղեգիսից ջուր վերցնել՝ Սեւան տեղափոխելու համար, բայց հարց՝ ինչո՞ւ մինչեւ հիմա դա չի արվել»: