Արթուր Քլարկ․ Կանխատեսումներ՝ 21-րդ դարի համար

Արթուր Քլարկ․ Կանխատեսումներ՝ 21-րդ դարի համար

Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում ընթերցել գիտաֆանտաստիկ գրականություն, հիանալի գիտեն անգլիացի գրող եւ գիտնական Արթուր Քլարկի անունը։ Նրան լայն ճանաչում բերեցին ոչ միայն իր բազմաթիվ վեպերը, այլեւ նրա սցենարի հիման վրա մեծն Սթենլի Կուբրիկի կողմից նկարահանված «2001 թվականի տիեզերական ոդիսականը» գիտաֆանտաստիկ ֆիլմը (ի դեպ, ֆիլմում հնչում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի երաժշտությունը)։ 2000թ․ նախաշեմին Քլարկը, իրեն բնորոշ տեխնոլոգիական լավատեսությամբ, փորձ արեց պատկերել «ապագայի ժամանակագրությունը»։ «Չնայած հակառակի մասին մեծաթիվ պնդումներին՝ ոչ ոք ի վիճակի չէ կանխատեսել ապագան։ Այն, ինչ ես փորձել եմ անել, ընթերցողին հնարավոր ապագաների հովհարը ներկայացնելն է, ընդ որում՝ չմոռանալով հավելել, որ ցանկացած, նույնիսկ ամենահիասքանչ կանխատեսումը կարող է նաեւ չդիմանալ հաշված տարիների քննությանը եւ աբսուրդի վերածվել բացարձակապես անկանխատեսելի որեւէ հայտնագործության կամ իրադարձության շնորհիվ։ Նշված իրադարձությունների որոշ մասի տարեթվերի ու ժամկետների ճշգրտությանը ես գրեթե վստահ եմ (հատկապես, եթե դա վերաբերում է տիեզերական հետազոտություններին)։ Ուզում եմ հավատալ, որ մյուս դեպքերում էլ ինտուիցիան ինձ չի խաբել, թեպետ իմ կանխատեսումներից շատերի մասով ես կգերադասեի հարյուր անգամ սխալված լինել»,- գրել է նա։ Ներկայացնում ենք Արթուր Քլարկի գիտաֆանտաստիկ կանխատեսումները՝ ըստ առանցքային տարեթվերի։ 

2001
1 հունվարի։ Նոր դարի ու նոր հազարամյակի սկիզբը։ «Կասինի» ավտոմատ միջմոլորակային զոնդը, որը գործարկվել էր 1997թ․ հոկտեմբերին եւ Սատուրնին էր մոտեցել 2000-ին, սկսեց մոլորակի օղակների ու արբանյակների հետազոտությունները։ 1989թ․ հոկտեմբերին գործարկված մյուս զոնդը՝ «Գալիլեյը», շարունակում է մեկ այլ հսկա մոլորակի՝ Յուպիտերի, ինչպես նաեւ դրա արբանյակների հետազոտությունները։ Խոշորագույն արբանյակի՝ Եվրոպայի սառցե օվկիանոսների մակերեւույթի տակ հայտնաբերվել է կյանք, որն ապշեցուցիչ կերպով նման է երկրայինին։

2002
Վաճառքի է դրվել ցածրջերմաստիճանային ատոմային ռեակցիայի միջոցով «մաքուր» ու անվտանգ էներգիա ստանալու համար նախատեսված սարքը։ Այս իրադարձությունն ավետում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտի մասին, ինչը չի կարող չառաջացնել տնտեսական ու աշխարհաքաղաքական ցնցումների ալիք։  

2003
Ավտոմոբիլային արդյունաբերությանը տրվում է 5 տարի ժամանակ՝ ներքին այրման բոլոր շարժիչները «սառը թերմոատոմային» էներգիա օգտագործող նորերով ամբողջությամբ փոխարինելու համար։

2004
Ի հայտ է գալիս պաշտոնապես գրանցված առաջին մարդկային կլոնը։

2006
Հնդկաստանում փակվում է Երկիր մոլորակի վերջին ածխային հանքավայրը։

2009
Միջուկային մարտագլխիկի պատահական պայթյունի հետեւանքով երկրի երեսից ամբողջովին ջնջվում է հյուսիսկորեական մի քաղաք։ Կարճատեւ բանավեճից հետո ՄԱԿ-ը որոշում է ընդունում ամբողջ միջուկային զենքի վերջնական ոչնչացման վերաբերյալ։

2010
Մշակվում են առաջին քվանտային գեներատորները, որոնք էներգիա են կլանում ուղղակիորեն տիեզերքից։ Հասանելի լինելով ինչպես տնային, այնպես էլ դյուրատար օգտագործման համար եւ պահանջելով արտաքին սնուցման ընդամենը մի քանի կիլովատտ՝ դրանք կարողանում են գործնականում ապահովել անսահմանափակ էներգիայով։ Փակվում են բոլոր էլեկտրակայաններն ու ատոմակայանները։

2014
Սկսվում է առաջին ուղեծրային հյուրանոցի՝ Hilton Orbiter Hotel-ի շինարարությունը։ 

2015
Մարդը միջուկային մակարդակով ստանում է լիակատար վերահսկողություն մատերիայի հանդեպ՝ որպես քվանտային գեներատորների արտադրության համար անխուսափելի հավելյալ աղբյուրի։ Իրականացված է ալքիմիկոսների հին երազանքը, ընդ որում՝ առեւտրային ծավալներով։ Արդյունքը դառնում են իրապես սենսացիոն իրադարձությունները․ հաշված տարիների ընթացքում արճիճի ու պղնձի գները գերազանցում են ոսկու գինը, քանզի առաջիններն ավելի շատ ու ավելի հաճախ են օգտագործվում արդյունաբերության մեջ։ 

2016 
Համաշխարհային բոլոր արժույթները դադարում են գոյություն ունենալ, եւ փոխարժեքի միակ միավոր է դառնում մեգավատտ-ժամը։ 

2018 
Չինաստանում անցկացվում են առաջին համաժողովրդական խորհրդարանական ազատ ընտրությունները։ 

2019
Խոշորագույն երկնաքար է ընկնում Հյուսիսային բեւեռի շրջանում։ Մարդկային զոհեր չկան, բայց պայթյունի հետեւանքով բարձրացած ցունամիի ալիքը զգալի ավերածություններ է հասցնում Կանադայի ու Գրենլանդիայի ափերի մոտ։ Արդյունքում՝ վերջապես բաց է թողնվում երկար տարիներ քննարկվող «Փրկիչ» նախագիծը՝ մի համակարգ, որի ստեղծման նպատակն է վտանգավոր երկնաքարերի ու գիսաստղերի հայտնաբերումն ու ոչնչացումը։ 

2020
Արհեստական բանականությունն իր «զարգացման» ճանապարհին հասնում է մարդկային ուղեղի մակարդակի։ Այդ պահից ի վեր Երկրի վրա սկսվում է կյանքի երկու բանական ձեւերի գոյակցությունը, ընդ որում՝ արհեստականն էվոլյուցիա է ապրում այնպիսի արագությամբ, որն անհասանելի է կենսաբանական էվոլյուցիայի համար։ Դեպի մոտակա աստղեր են ուղեւորվում առաջին տիեզերանավերը՝ արհեստական բանականության համակարգերով հագեցված։ 

2021
Առաջին մարդիկ վայրէջք են կատարում Մարսի վրա, եւ անակնկալները չեն սպասեցնում։ 

2024
Հաջողվում է որսալ Ծիր Կաթինի կենտրոնից լսվող ինֆրակարմիր ազդանշաններ։ Այն, որ դրանք ուղարկված են բարձրզարգացած տեխնոլոգիական քաղաքակրթության կողմից, կասկած չի հարուցում, սակայն ուղերձները գաղտնազերծելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվում։

2025
Նեյրոկենսաբանական հետազոտությունների բուռն աճը գիտնականներին հանգեցնում է այն փաստի լիարժեք ընկալմանը, թե ինչպես են գործում զգացողության օրգանները, ինչից հետո հնարավոր է դառնում ուղիղ միացումը տեսողության, լսողության, շոշափելիքի եւ մյուս զգայարանների հետ։ Այս նեյրոկենսաբանական հեղափոխության արդյունքն է դառնում Braincap-ը՝ «ուղեղի գլխարկը», որը կրելու դեպքում մարդու առաջ բացվում է հույզերի ու ընկալումների մի ամբողջ տիեզերք՝ իրական կամ արհեստական, ինչպես նաեւ ի հայտ է գալիս հնարավորություն՝ իրական ժամանակի մեջ այլ մարդկանց մտքեր ուղարկելու եւ ստանալու։ Այս նորույթը, ժամանցի ու երեւակայական ճանապարհորդությունների ասպարեզում կիրառվելուց բացի, հեղաշրջում է առաջացնում նաեւ բժշկության ոլորտում, քանզի բժիշկը կարողանում է անմիջականորեն զգալ իր բուժառուի բոլոր ախտանշանները։ Նույնը տեղի է ունենում նաեւ իրավաբանության ոլորտում․ ամբաստանյալի կամ վկաների գիտակցված սուտն արդեն կորցնում է ամեն մի իմաստ։   

2026
Սինգապուրը դառնում է առաջին երկիրը, որն օրենքով ներդնում է Գովազդի Ազնվության սկզբունքը։

2036
Չինաստանն ազգային համախառն արտադրանքի մակարդակով գերազանցում է ԱՄՆ-ին՝ աշխարհում դառնալով միանձնյա տնտեսական առաջատար։

2040
Կատարելության աստիճանի է հասցվում նանոտեխնոլոգիաների վրա հիմնված «համապարփակ ռեպլիկատորը», ինչի շնորհիվ, հումքի եւ տեղեկատվական մատրիցայի բավարար առկայության դեպքում, հնարավոր է դառնում ճշգրտորեն պատճենել ցանկացած բարդություն ունեցող ցանկացած նյութական մարմին։ Այս հայտնագործության արդյունքում պատմության գիրկն են անցնում գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, դրանց հետ միասին՝ նաեւ այն, ինչը կազմում էր մարդկության գոյության բուն հիմքը երկարատեւ պատմության ընթացքում՝ առօրյա գործերը, ֆիզիկական ու, մասնակիորեն, նույնիսկ ստեղծագործական աշխատանքը։ Իսկական բում են ապրում արվեստի, ժամանցի ու կրթության ոլորտները։ Հասարակությունը, որը դարեր ու հազարամյակներ շարունակ հիմնվում էր որսի ու բերքահավաքի վրա, ստիպված է լինում տրանսֆորմացվել, եւ մոլորակի հսկայական տարածքները, որ նախկինում ծառայում էին բացառապես մթերքի արտադրությանը, վերջապես վերադառնում են իրենց սկզբնական տեսքին։ Երիտասարդությունը սկսում է աղեղնազենի օգնությամբ, հատուկ այդ նպատակով կազմակերպված եւ ամբողջովին համակարգչայնացված խաղերի միջոցով լիցքաթափել իր ագրեսիվ բնազդները։ 

2045
Անթերի վիճակի է բերվում Ապագայի Տունը՝ ամբողջովին ինքնավար, ինքնասպասարկվող, փակ ցիկլով աշխատող ու շարժական։ Սննդի սինթեզավորման համար անհրաժեշտ լրացուցիչ ածխածինը սկսում է արդյունահանվել մթնոլորտից ստացվող ածխածնի երկօքսիդից։  

2050
«Փախուստ Ուտոպիայից»։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր պարզապես ձանձրացել են այդ խաղաղ, հրապուրիչ պահերից զուրկ դարաշրջանից, որոշում են կրիոգենիկայի օգնությամբ «արտագաղթել» ապագա՝ հույս ունենալով, որ այնտեղ իրենց սպասվում է իսկական արկածներով լի կյանք։  

2051
Լուսնային հսկայական, չյուրացված տարածքները տրվում են երկրային գաղութարարներին։ Գաղութները կառավարվում են ռոբոտների կողմից եւ գտնվում են լրիվ ինքնապահովման վիճակում, իսկ Երկրից տեղափոխված բնակչության հիմքը կազմում են տարեցները, ովքեր հույս ունեն լուսնային թուլացած ձգողականության պայմաններում ապրել ավելի երկար։ 

2061
Գալեա գիսաստղի վերադարձը եւ մարդկանց առաջին վայրէջքը դրա միջուկի վրա։ 

2090
Մարդկությունը որոշում է կրկին վերադառնալ հանածո վառելիքի՝ նավթի, գազի լայնամասշտաբ այրմանը։ Դա արվում է նոր սառցե դարաշրջանը կանխելու նպատակով, ինչն անպայման տեղի կունենար, եթե ածխածնի երկօքսիդի արտահոսքը շարունակվեր նույն արագությամբ։ Շնորհիվ ձեռնարկված միջոցառումների՝ մոլորակը մուտք է գործում Գլոբալ տաքացման դարաշրջան։ 

2095
Իսկական «տիեզերական շարժիչի» հայտնագործումը (յուրատեսակ ռեակտիվ համակարգ, որը «ետ է մղվում» տարածություն-ժամանակ բուն կառուցվածքի կողմից) խաչ է քաշում հրթիռների վրա՝ թույլ տալով իրապես հասնել այնպիսի արագությունների, որոնք մոտ են լույսի արագությանը։ Մարդկանց առաջին արշավախմբերն ուղեւորվում են դեպի մոտակա աստղերի հեռանկարային մոլորակային համակարգեր, որտեղ մինչ այդ այցելել ու հետազոտություններ էին կատարել զոնդերով ռոբոտները։ 

2100
Պատմությունը սկսվում է...

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ