Հարգելինե՛րս, ամո՛թ է, նախ հայերե՛ն սովորեք․ Ռուբեն Հայրապետյան

Հարգելինե՛րս, ամո՛թ է, նախ հայերե՛ն սովորեք․ Ռուբեն Հայրապետյան

Հունիսի 8-ին մենք հրապարակել էինք նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը»-ի վերաբերյալ Գագիկ Ասլանյանը և ևս 25 հոգի՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացնում են իրենց նկատառումները ռեկտորի պաշտոնակատարի կողմից ներդրված կանոնակարգի մասին, որը հակասում է ՀՀ օրենքներին:

Բաց նամակին անդրադարձել է նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․

«Տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների և դրանց դեմ պայքարողների մասին. պատասխանի փոխարեն (առաջարկում եմ կարդալ մինչև վերջ)

Ղեկավարների վախը թերևս կարևորագույն պատճառն է, թե ինչու պետական համալսարաններում երկար տարիների ընթացքում էական բարեփոխումներ չեն կատարվել. ինքնախաբեության մթնոլորտում պղծվել է կրթական համակարգը և քայքայվել երկրի տնտեսությունը։

Այն պահին, երբ գործընթացներն առավել քան լավ են ընթանում, և համալսարանի բոլոր հիմնական շահառուները (պետություն, ուսանողներ, բիզնես, շրջանավարտներ) ուրախ են կատարվող փոփոխություններով, տեղի է ունենում հետևյալը. անառողջ տարրերն սկսում են դիմել ամեն տեսակի սադրիչ գործողությունների, միայն թե համակարգի առողջացման գործընթացը կասեցվի։ Իսկ պոտենցիալ բարեփոխիչները, հաճախ վախենալով անառողջ տարրերի այդպիսի քայքայիչ ակտիվությունից, զերծ են մնում վճռական քայլեր կատարելուց։

Եվ այսպես՝ առաջին անգամ համալսարանի պատմության մեջ դասախոսների իրական մրցույթ է կազմակերպվել, ինչի արդյունքում կարողանալու ենք էականորեն բարձրացնել մատուցվող կրթական ծառայությունների որակը։ Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր արդեն սովոր են պապենական ավանդույթով ամեն տարի արտամրցութային դասաժամեր ստանալուն (թեև մրցույթն օրենքի պահանջ է), այժմ նախընտրում են տարատեսակ բաց նամակներ գրել մամուլում։ Ընդ որում, ներկայացված փաստարկներն ու մեկնաբանություններն այնքան կեղծ և իրարամերժ են, որ վատ եմ զգում անգամ, որ հեղինակները մեր համալսարանի դասախոսներից են։ Չեմ ուզում, նույնիսկ, խոսել զավեշտի հասնող իրավական մեկնաբանությունների մասին, որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք անհրաժեշտության դեպքում միայն։ Նամակի տեքստում այնքան շատ ոճաբանական և տրամաբանական սխալներ են հանդիպում (մի քանի ՏԱՍՆՅԱԿ՝ 2 էջանոց նյութում), որ պարզապես զարմանք է առաջացնում, թե ինչպես կարելի է... Կարդում ես նախադասությունը՝ սկիզբը կա՝ վերջը չկա, կամ՝ հակառակը։ Եվ այս ամենը՝ մամուլին տված հրապարակային նամակում, որ ամբողջ աշխարհը տեսնի այդ սխալները։ Լա՛վ, դուք գոնե ուսանողներից չեք ամաչո՞ւմ։ Կարդում են չէ՞ այդ անգրագիտությունը։

Ինչևէ, ուզում եմ վստահեցնել բոլորին, որ մեր թիմն ունի հետևյալ ամուր դիրքորոշումը՝ կա՛մ մենք կատարում ենք բոլոր բարեփոխումները և շարունակում ենք գիշերուզօր աշխատանքով բարձրացնել կրթության որակը ՀՊՏՀ-ում, կա՛մ մեր այստեղ գտնվելը պարզապես անիմաստ է։
Նամակում կրկին անգրագետ ձևակերպումներով խոսվում է նաև ուսանողների մասին։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ սկսած այն պահից, երբ ուսանողները՝ որպես մեր հիմնական շահառուներ, դժգոհ կլինեն այն ամենից ինչ կատարվում է համալսարանում, հրաժարականիս դիմումը մեկ օր անգամ չի ուշանա։ Եթե նույնիսկ այս գրառման տակ նման ալիք նկատվի, խոստանում եմ՝ երկար չեմ սպասի։ Բայց ես գիտեմ նաև, որ առնվազն այս պահին բոլորի համար տեսանելի են այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տնտեսագիտական համալսարանում։ Համոզված եմ՝ անգամ այդ անգրագետ և դատարկ բովանդակությամբ նամակներ գրողների համար է դա ակնհայտ, սակայն կարճաժամկետ անհատական շահը, ցավոք, վեր են դասում և գիտակցաբար կեղծում։

Եվս մեկ անգամ առաջարկում եմ սթափվել, փոքր-ինչ լրջանալ և գիտակցել, թե ինչով եք զբաղված, դեռևս ուշ չէ։ Ե’վ մեզ եք շեղում, և’ ձեզ հեղինակազրկում:

Հ.Գ.
Նշվում է, որ ռեկտորի պաշտոնակատարը գործում է «բուհը, նրա օրենքը և կարգը ԱՅԴ ես եմ» սկզբունքով։

Հարգելինե՛րս, ամո՛թ է, նախ հայերե՛ն սովորեք, որպեսզի սկզբունքը ճիշտ ձևակերպեք, այնուհետև ես բովանդակության իմաստազուրկ լինելու մասին կխոսեմ»։