Պատգամավորի երդումը

Պատգամավորի երդումը

Այսօր ԱԺ երեք նորաթուխ պատգամավորներ կատարեցին ԱԺ Կանոնակարգ օրենքով սահմանված իրենց առաջին պարտավորությունը՝ երդվեցին: Երեք անգամ լսեցի նույն տեքստը, երեք անգամ ծամածռեցի դեմքս ու որոշեցի հանդես գալ պատգամավորի երդման տեքստի բարեփոխման առաջարկությամբ: Պատգամավորներն այն դժվարությամբ են կարդում, ինչն, իմ կարծիքով, տեքստի հեղինակի՝ հայերեն չիմանալու կամ վատ իմանալու հետևանք է:

Վերցնենք հենց առաջին տողը՝ մուտքը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝…»: Այստեղ համադասական շաղկապների անիմաստ կուտակում է նկատվում: Առաջարկում եմ ազատվել «և»-ից. «Հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝…»: Այսպես ավելի լավ է:
Հաջորդիվ ասվում է. « Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս…»: «Առաջ»՝ նշանակում է՝ նախկինում, ավելի վաղ, հին ժամանակներում, (հոգնակի՝ առաջները, առաջներում), ինչպես նաև՝ մարմնի առջևի մասը (առաջը): Կան հանրահայտ բառակապակցություններ ու դարձվածներ, ինչպես՝ առաջ ընկնել, առաջ գնալ, առաջ բերել, առաջ խաղալ, առաջը բռնել, առաջը կտրել և այլն: Հետևաբար, ճիշտ կլիներ ասել՝ «ժողովրդի առջև», որ նշանակում է Ժողովրդի դեմ, դիմաց, հանդեպ, նկատմամբ: Թյուրընկալում է առաջ բերում նաև «ունեցած պարտավորություններս» արտահայտությունը:

Բոլորս էլ պարտավորություններ ունենք մեր ժողովրդի հանդեպ, շատերը նաև չգրված, միայն իրենց հայտնի պարտավորություններ: Մինչդեռ պատգամավորի թեկնածուն ժողովրդի առջև, ի թիվս այդ պարտավորությունների, ստանձնում է նաև այլ, սպեցիֆիկ, պատգամավորի գործառույթներին հատուկ պարտավորություններ, որոնք ես՝ շարքային քաղաքացիս, չեմ կարող ունենալ և կատարել: Մի քիչ ճոխ է նաև «ժողովուրդ» բառը: Վատ չէր լինի այն է փոխարինել «ընտրողներ» բառով, ինչն ավելի կկոնկրետացներ պատգամավորի ասելիքը: Այլապես ստացվում է, որ ընդդիմադիր պատգամավորը երդվում է իրականացնել ոչ միայն իր, այլև իշխանական պատգամավորին քվե տված ընտրողներին տված խոստումները, ինչն այնքան էլ տրամաբանական չէ: Վերջնական տեսքի բերված՝ վերոնշյալ նախադասությունը կկարդացվի այսպես. «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ընտրողների առջև ստանձնած պարտավորություններս»:

Միանգամայն խրթին է նաև երդման տեքստի հետևյալ հատվածը. «… նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը»: Առաջարկվող տարբերակն է՝ «… նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը», այնուհետև՝ ինչպես տեքստում. «… անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: Նկատենք, որ առաջարկված բարեփոխման արդյունքում մենք կխուսափենք նաև «պահպանել» բառի անհարկի կրկնությունից:

Եվ վերջում բերենք երդման տեքստն ամբողջությամբ, որ մեր կարծիքով առավել բարեհունչ է և հասկանալի. «Հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ընտրողների առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության ամրապնդման, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: