«Ես չեմ փախչում ՕԵԿ-ական լինելուց». Գարսիկ Սաղաթելյանը՝ «չուզողներին»

«Ես չեմ փախչում ՕԵԿ-ական լինելուց». Գարսիկ Սաղաթելյանը՝ «չուզողներին»
Գարսիկ Սաղաթելյան

Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Գարսեւան Սաղաթելյանն իր քաղաքում հայտնի է որպես նախկին ՕԵԿ-ական, Արթուր Բաղդասարյանի քարտուղար, նաեւ մարդ, որը չունի ոչ մի հարստություն: Այս գնահատականներից, որոնք հրապարակել էինք, Սաղաթելյանը վիրավորվել էր: «Պարզ է, թե ովքեր են նման բաներ տարածում իմ հասցեին: Այո, ես բիզնես չունեմ, բայց հիմա ժամանակը փոխվել է, հիմա առաջնահերթությունը տալիս են մարդու փորձին, անցած ճանապարհին, ոչ թե հարստությանը»,- ասում է: Մեր մեղքը քավելու համար նրան բլից-հարցազրույց խոստացանք: 

- ՕԵԿ-ից ինչո՞ւ դուրս եկաք: 

- Ես չեմ փախչում ՕԵԿ-ից: 2011 թվականի դեկտեմբերից ՕԵԿ անդամ եմ, ՕԵԿ Գեղարքունիքի նախագահը, անվտանգության խորհրդի առաջին բաժնի ղեկավարն եմ եղել, Ազգային ժողովում եմ աշխատել: 18 թվականի հունիսին դուրս եմ եկել ՕԵԿ-ից՝ քաղաքական ու անձնական պատճառներով, որովհետեւ վաղուց նպատակ եմ ունեցել «Վարդենիս» հայրենակցական միությունը հիմնել: 

- Ինչո՞ւ եք ուզում քաղաքապետ դառնալ: 

- Որովհետեւ 17 տարեկանից Վարդենիսում աշխատել եմ: Էն ժամանակ ամբողջ գյուղերով, Վարդենիսով պտտվել ենք, մոնիտորինգ ենք արել, մշակել ենք Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր, որով ամբուլատորիաներ կառուցեցինք գյուղերում, մանկուց հաշմանդամ երեխաներին եւ սոցիալապես անապահով խավին հագուստի տեսքով օգնություն ենք իրականացրել:

- Էսօրվա մասին ասեք՝ որ դառնաք քաղաքապետ, ի՞նչ եք անելու: 

- Քաղաքի զարգացման համար տարբեր ծրագրեր: Քաղաքապետարանի աշխատանքը պետք է դառնա հրապարակային, քաղաքապետին կից պետք է հասարակական խորհուրդ ստեղծեմ:  

- Առաջարկում եք մի հա՞տ էլ մարմնի ստեղծել: Բա ավագանին ի՞նչ է անելու: 

- Որ վերահսկողություն լինի: 

- Հիմա էլ կարող եք վերահսկել, ի՞նչն է խանգարում: 

- Կարելի է քաղաքի համար աշխատանք անել, համագործակցել կառույցների հետ, կարեւոր հարցեր լուծել քաղաքի համար:   

- Մենակ չասեք՝ աշխատատեղ ստեղծել, բոլորը դա են ասում: Ձեր տարբերությունը ո՞րն է մյուսներից: 

- Որ ես չեմ ասում՝ մեծ գործարան եմ բացելու: Վարդենիսը հնարավորություն ունի փոքր բիզնես զարգացնելու, փոքր ձեռնարկություններ ստեղծելու, քանի որ Ֆրանսիայի Ռոման քաղաքի հետ քույր քաղաքներ ենք, կարելի է ընտանեկան տուրիզմ զարգացնել: Բայց հիմա տուրիստը որ գա տեսնի՝ նորմալ վիճակի չի քաղաքը՝ ճանապարհները, փողոցները, մայթերը, կանաչապատումը:

- Ինչո՞ւ նախորդ քաղաքապետերը չեն արել այդ ամենը: Չե՞ն ուզել: 

- Չգիտեմ, կարող է՝ չեն ուզել, կարող է՝ չեն ունեցել հնարավորություն: 

- Իսկ Դուք որտեղի՞ց եք ունենալու: 

- Քաղաքն ունի բյուջե, դա ճիշտ օգտագործելով՝ կարելի է անել որոշ բաներ: 

- Նրանք ճիշտ չե՞ն օգտագործել: 

- Եթե ճիշտ օգտագործած լինեին, շատ բաներ արված կլինեին, օրինակ, մայթերի սարքման աշխատանքները,  աղբահանումը կա, բայց մաքրություն չկա, փողոցները փոշոտ են: 

- Առաջարկում եք լվանա՞լ փողոցները: 

- Այո։

- Երբեւէ Վարդենիսում փողոց ջրվե՞լ է: 

- Ոչ, այս 25 տարվա մեջ չի եղել, վերջին մեկ տարում փորձել են անել, բայց ավելի համակարգված պետք է լինի: 

- Հովանավորներ ներգրավելո՞ւ եք, ունե՞ք քաղաքային բյուջե՝ կարող է չհերիքել Ձեր ասածը անելու համար: 

- Ես գիտեմ, որ փոքր է բյուջեն, ես էլ եմ ասում, որ հովանավորներ պետք է ներգրավել: Մենք 2009 թվականին փորձեցինք ռադիո ստեղծել, որ 20 տոկոսը համայնքը ներդներ: Չեղավ այդ ծրագիրը: Բայց տարբեր այլ ծրագրեր կարելի է իրականացնել ավագանու ու հասարակական խորհրդի հետ համագործակցելով, ուղղորդել ու անել այդ ծրագրերը: 

- Հիմա է՞լ է պետք ռադիո: 

- Ոչ, հիմա պետք չի: Էն ժամանակ պետք էր, մի բան էր կորում, մարդիկ ուզում էին հայտարարություն տային:  

- Վստա՞հ եք, որ Ձեզ կընտրեն եւ քանի՞ մարդ: 

- Այո, վստահ եմ, բայց թվեր չեմ կարող նշել: 

- Էսօրվա քաղաքային իշխանությունն ի՞նչ չի անում, որ Դուք կանեք, ի՞նչ թերություններ ունի: 

- Չեմ ասի, որովհետեւ չեմ ուզում որեւէ մեկի հանդեպ թշնամանք ունենամ, էլի, պետք է բարեւենք ընտրությունից հետո իրար: Երբ որ քարոզարշավի մեկնարկ եղավ, կներկայացնեմ իմ ծրագիրը: 
Վարդենիսում քաղաքապետի 9 թեկնածու է առաջադրվել: Ընտրությունը տեղի է ունենալու փետրվարի 17-ին: