Աշխարհում չկա մի երկիր, որ այս մոդելը շատ հաջող կիրառել է

Աշխարհում չկա մի երկիր, որ այս մոդելը շատ հաջող կիրառել է

Կառավարության փետրվարի 4-ի նիստում հաստատվեց հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Մինչ կառավարության հաստատմանը ներկայացվելը հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծն անցավ քննարկումների տեւական փուլ՝ հիմնականում քննադատվելով հանրության եւ մասնագիտական շրջանակների կողմից։    

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը եւ պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից եւ շրջանավարտներից: Նոր մոտեցումը, նախարարի տեղակալի հավաստմամբ, ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Գնահատման համակարգում եւս կատարվում է կտրուկ փոփոխություն. առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային գնահատումից` կիրառելով խրախուսական բնութագրումներ, իսկ միավորային գնահատումը կգործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Առաջարկվում է նաեւ հրաժարվել «անբավարար» գնահատականից, ինչը նշանակում է, որ այլեւս չի գործի հաջորդ դասարան չփոխադրվելու, նույն դասարանում մնալու եւ կրթական ծրագիրը կրկնելու ինստիտուտը:

Առաջիկա մեկ ամսում կսահմանվի հանրակրթության պետական չափորոշիչի ներդրման ճանապարհային քարտեզ: Մինչ համընդհանուր կիրառումը, չափորոշիչը պետք է անցնի փորձարկում, որը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակումներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչը կլրամշակվի եւ 2023 թվականից կներդրվի բոլոր դպրոցներում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ սա դեռ փաստաթուղթ է, իսկ 21-րդ դարում շատ հեշտ է ինչ-որ մի փաստաթուղթ գրել, որովհետեւ կա Գուգլ, եւ կարող ես «գուգլել» տարբեր երկրների նմանատիպ փաստաթղթեր, որոնք ազատ դրված են, եւ դրա հիման վրա ինչ-որ բան գրել։ «Հետո՝ այնպես չէ, որ նախորդ փաստաթղթերը շատ վատն են եղել։ Առաջին անգամ՝ 2004-ին, երբ չափորոշիչն ընդունվեց, էլի շատ լավն էր՝ առաջադեմ գաղափարներով, բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այդ փաստաթղթերը պետք է իրականություն դարձնել, որովհետեւ փաստաթղթում գրված մտքերը երբ հաստատում ես, թեւ ու ոտք չեն առնում եւ գնում-նստում մարդկանց գլխների, սրտերի մեջ։ Դրա համար այն, ինչ ընդունվել է, ընդամենը թեզեր են, որոնք պետք է իրականացնել»,- ասաց նա ու մի քանի հիմնական թեզեր նշեց․

«Առաջին հերթին այս չափորոշիչն առաջարկում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցում, ինչ է սա նշանակում, եւ ինչու է աշխարհը գնացել կարողունակությունների, միջազգային տերմինով ասած՝ կոմպետենցիաների վրա հիմնված մոտեցմանը, որովհետեւ տեսել են, որ երեխաները կիսատ-պռատ բաներ են սովորում դպրոցում ու ավարտելուց հետո ոչ մի բան չեն կարողանում կիրառել։ Այս մոտեցման իմաստն այն է, որ եթե դու երեխաներին բան ես սովորեցնում, այնպես պետք է սովորեցնես, որ ինքը կոմպետենտ լինի, կարողանա կիրառել ու նաեւ լինի դրա կրողը։ Այսինքն՝ սա մի համակարգ է, որը փորձում է կրթության բովանդակությունը եւ կյանքը իրար մերձեցնել։ Հիմա այս մոտեցմամբ փորձ է արվում կրթությունն ավելի կիրառական ու ամբողջական դարձնել ոչ թե կիսատ-պռատ, սա շատ լավ գաղափար է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս պահին աշխարհում չկա մի երկիր, որ այս մոդելը շատ հաջող կիրառել է»։

2-րդ փոփոխությունն այն է, որ նախարարությունն առաջարկում է ավելի լիբերալ մոդել․ «Ազատական՝ ինչ իմաստով, որ դպրոցներին տրվում է որոշակի ազատություն, այսինքն՝ սահմանվում են նվազագույն եւ առավելագույն ժամաքանակներ։ Ենթադրենք, դպրոցը կարող է որոշել, որ իր համար կարեւոր է օտար լեզուն, եւ օտար լեզուն ավելի խորացված անցնի, բայց, օրինակ, քիմիային նվազագույն ժամ տա։ Դպրոցներին թողել են ճկունություն, ինչը լավ գաղափար է, բայց այստեղ էլի ռիսկեր են առաջանում, օրինակ՝ պետք է ուշադիր լինել, որ այնպես չստացվի, որ այս մեկը իմ սիրած դասատուն է, իր ժամերից ես վերցնեմ մաքսիմալը, որպեսզի ինքը շատ ժամ ունենա… այսինքն՝ հանկարծ չփորձեն անձնավորել, որովհետեւ մենք՝ որպես ժողովուրդ, շատ անձնավորված ենք մտածում, ամեն ինչ անձնավորում ենք, հիմա տեսնում եք այս դպրոցների տնօրենների դասադուլը, որտեղ շատ անձնավորված պահեր կան։ Նախարարությունը երբ դպրոցներին տալիս է ազատություն, ինքը պետք է նաեւ զգույշ լինի՝ հետո գործիք ունենալու, հասկանալու համար, թե, օրինակ, ինչու է այս դպրոցն այդ առարկան շատ ընտրել՝ անձնակա՞ն է պատճառը, թե՞ օբյեկտիվ հիմք կա»։

Մեկ այլ ռիսկ է մատնանշում Ս․ Խաչատրյանը, այն է՝ ավագ դպրոցի աշակերտին հնարավորություն են տալիս ճկուն դասացուցակ ունենալ, որը լավ գաղափար է, բայց «դրա համար մեծ փող է պետք, որպեսզի ամեն երեխա իր դասացուցակով գնա, ուսուցիչներին պետք է լրացուցիչ վճարես, որովհետեւ կարող է երկու երեխա ընտրում են այդ մի առարկան, երկուսը՝ մյուսը, ու դու պետք է կարողանաս բոլորի ժամերի դիմաց էլ վճարես։ Հետեւաբար, միլիարդավոր գումարներ է պետք ներդնել, սա ամենամեծ ռիսկն է, որովհետեւ ժամանակին էլ, երբ ավագ դպրոցի անցանք, եղավ ֆինանսատնտեսական ճգնաժամ, եւ ասացին՝ փող չկա, յոլա գնացեք։ Հիմա էլ ճգնաժամի մեջ է երկիրը, եւ կարող է 2 տարի հետո, երբ սա ներդրվի, այդ ժամանակվա նոր կառավարությունն ասի՝ փող չկա, առավել եւս, որ նախարարի փոփոխություն էլ է տեղի ունեցել եւ գուցե էլի տեղի ունենա, հետո ասեն՝ սա նախորդներն են ընդունել, մենք չենք կարող իրականացնել»։

Ինչ վերաբերում է գնահատման համակարգում կատարված փոփոխությանը, որը ե՛ւ ընդունվեց, ե՛ւ քարկոծվեց․ «Ես էլ հիմա կարող եմ հազար պատճառ բերել, թե ինչու է լավ առանց թվանշանի, բայց կարող եմ նույնքան էլ պատճառ բերել, թե ինչ խնդիրներ կան առանց թվանշանի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե նախարարությունն իր այս գեղեցիկ գաղափարն ինչքանով իրականություն կդարձնի, այստեղ կա մենեջմենթի խնդիր, որովհետեւ եթե դու ինչ-որ բան հանում ես, տեղն ինչ-որ բան պիտի դնես, եթե այդ թվանշանն այդ համակարգում կա, ուրեմն ինչ-որ ֆունկցիա է անում, եւ այնպես չստացվի, որ հետո ֆունկցիոնալ ձախողումներ առաջանան։ Հիմա հանեցինք գնահատումը՝ շատ լավ, տեղն ի՞նչ ենք դնում, ինչո՞վ ենք ուժեղացնում, որովհետեւ եթե դասագիրքը, ուսուցիչը ձանձրալի են, թվանշան էլ չկա, այդ դեպքում լիքը երեխաներ ասելու են՝ ինչի՞ համար ենք սովորում»։

Նախատեսվում է իրականացնել նաեւ լայնածավալ վերապատրաստումներ, բայց ովքե՞ր են լինելու վերապատրաստողները․ «Սա էլ է շատ կարեւոր հարց, որովհետեւ նրանք օդից չեն ընկնում։ Ինձ մի բան դուր եկավ, որ փոխնախարարը հայտարարեց, որ ներկայացնելու են դրա իրականացման ճանապարհային քարտեզը։ Դա շատ կարեւոր է, ամեն քայլը պետք է պլանավորվի, եւ ամեն քայլի մարդկային ռեսուրսը պետք է պատրաստվի։ Եվ ամենակարեւորը՝ այս պահին առաջնահերթ մեզ պետք է մի փորձագիտական թիմ, որը չլինի քաղաքականացված, որ հանկարծ իշխանափոխության դեպքում այդ մարդիկ դուրս չմնան, եւ այս ռեֆորմը մինչեւ վերջ տանի։ Քաղաքական թիմերի վրա պետք չէ հույս դնել, ցանկացած հաջորդն ասում է՝ սա նախկիններն են արել, ես ի՞նչ անեմ։ Օրինակ, նախկին նախարար Արայիկ Հարությունյանն անընդհատ նախկիններին էր մատնացույց անում, բայց կրթության մեջ այդպես չպետք է լինի, եւ որպեսզի նման բաներ չլինեն, համակարգում պետք է լինի պրոֆեսիոնալների թիմ, որոնք իրականացման հետ կապված ամեն ինչ իրենք անեն։ Հայաստանում շատ է քաղաքականացվում կրթության համակարգը ու կենտրոնացվում է նախարարի, փոխնախարարի կերպարի վրա, իսկ նրանք էլ շուտ-շուտ փոխվում են, դրա համար լղոզված վիճակ է, ումի՞ց պատասխան պահանջես, եթե այդ մարդն էլ այդ պաշտոնին չէ։ Հիմա Արայիկ Հարությունյանը 2018-ին ասել էր, որ 4-5 տարուց մենք ունենալու ենք որակապես նոր կրթական համակարգ, նախարարը փոխվեց, հիմա ումի՞ց ենք մենք խոստման պատասխանն ուզելու»։